«Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ)

15:27 • 02.10.26

«Մարդամեկը» սիթքոմը վերադարձել է նոր՝ 3-րդ եթերաշրջանով։ Ընտանեկան հումորային նախագծի կենտրոնում նույն ընտանիքն է՝ իր առօրյա հոգսերով, հարաբերություններով, վեճերով ու զավեշտալի իրավիճակներով։ Նոր եթերաշրջանում հեռուստադիտողին սպասվում են ոչ միայն արդեն սիրված կերպարները, այլև նոր զարգացումներ ու նոր կերպարներ, որոնք իրենց հետ նոր պատմություններ են բերում։

Նախագծի ստեղծագործական թիմն ու դերասանական կազմը նոր եթերաշրջանում հեռուստադիտողին խոստանում են նոր իրավիճակներ, կերպարների զարգացումներ և, ինչպես միշտ, ընտանիքի ներսում ծավալվող զավեշտալի պատմություններ։

Սիթքոմի պրոդյուսեր և դերասան Միհրան Ծառուկյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ստեղծագործական թիմը հասցրել է կարոտել միմյանց ու նախագծին։

«Արդեն տան նման է, մի ընտանիք ենք դարձել: Երրորդ եթերաշրջանն է մեկնարկում, արդեն կարոտում ու սպասում էինք։ Երբ մի քանի ամիս նկարահանումները դադարում են, զգում ենք այդ կարոտը»։

Նա ընդգծեց, որ նախագիծն արդեն ունի իր հավատարիմ հեռուստադիտողը։

«Սիթքոմը շատ սիրվել է, ունի միլիոնավոր դիտումներ և իր հավատարիմ հեռուստադիտողին, հենց որի համար մենք բոլորս չարչարվում ենք, պատասխանատվություն ենք կրում ու շնորհակալ ենք, որ արդեն երեք եթերաշրջան մեզ հետ է»։

Միհրանի խոսքով՝ թիմը առաջին եթերաշրջանից սկսած մեծ ոգևորությամբ է աշխատել, իսկ այժմ բոլորն անում են առավելագույնը՝ նոր եթերաշրջանն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

«Բոլորիս մոտ այն տպավորությունն է, որ այս եթերաշրջանն էլ ավելի լավն է լինելու»։

Միհրանը նաև անդրադարձավ նրան, թե ինչն է շարունակում միավորել սիթքոմի ընտանիքին.

«Ընտանիք չկա, որ վեճեր չլինեն, տարաձայնություններ չլինեն, բայց կարևորը, որ այս ընտանիքում ևս համերաշխություն կա, սեր կա։ Մի քիչ էլ աննորմալ ընտանիք ենք, բայց համով ու լավը»։

3-րդ եթերաշրջանում ընտանիքում նորություն կա․ ընտանիքի հայրը վերադարձել է Վլադիվոստոկից, իսկ բնակարանում հայտնվել է նոր փեսա։

«Դե, ես նոր փեսա եմ, մի քիչ համեստություն կանեմ, քիչ կխոսեմ։ Ճիշտ է՝ մի քիչ շատ են ինձ տանջում, բայց ինձ շատ է դուր գալիս այդ ընտանիքը»,-ասում է դերասան Սերգեյ Գրիգորյանը:

Դերասան Արման Խաչատրյանը հեռուստադիտողին արդեն փոքրիկ հուշում է տալիս՝ ինչ է սպասվում նոր եթերաշրջանում:

«Մեր սիթքոմը արդեն հասավ երրորդ կանգառին, դա նշանակում է՝ լիքը կանգառներ ունենք դեռ առջևում, բայց եկել ենք, որ դիմավորենք բոլորին։ Ինչպես տեսաք, պապան Վլադիվոստոկից փեսա է բերել։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ուր է տանում այս երկաթգիծը»։

Սիթքոմի դերասանական կազմում են Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մոսո Կարապետյանը, Արման Խաչատրյանը, Դիանա Զաքարյանը, Տիրուհի Հակոբյանը, Աղվան Կարապետյանը և Վահագն Գալստյանը։

Սիթքոմի սցենարիստներն են Հայկ Ալեքյանն ու Լևս Դավթյանը, պրոդյուսերները՝ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։

Մարդամեկը շարունակում է ռեկորդներ գրանցել։ Սերիալի առաջին եթերաշրջանը Panarmenian TV յութուբյան ալիքում ունի ավելի քան 31 միլիոն դիտում, երկրորդ եթերաշրջանը՝ շուրջ 20 միլիոն դիտում։

Սիթքոմը ոչ միայն ռեկորդային դիտումներ է գրանցել YouTube-ում, այլև շարունակում է մնալ Հայաստանի ամենառեյթինգային հեռուստանախագծերից մեկը:

«Մարդամեկը» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը Արմենիա TV-ի եթերում կլինի նոյեմբերի 3-ից։

 

Հեղինակ ՝ Անի Ավետիսյան