Հիշողություններ մեծ շանսոնյեի կյանքից․ այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է

16:47 • 01.10.26

Շառլ Ազնավուրի անունը վաղուց միայն երաժշտության հետ չէ կապված։ Նա այն մարդկանցից էր, որոնց կյանքի պատմությունն ինքնին մի ամբողջ վեպ է՝ լի դժվարություններով, անսպասելի հանդիպումներով, ձախողումների ու հաղթանակների պահերով։ Ազնավուրը նաև այն արտիստներից էր, որի համար Հայաստանը պարզապես ծնողների հայրենիքը չէր․ մարդասիրությունն ու իր արմատների հանդեպ պատասխանատվությունը նրա կյանքի կարևոր մասերից էին։

Այսօր՝ նրա հիշատակի օրը, առանձնացրել ենք Ազնավուրի կյանքից պատմություններ։

Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրի կյանքում պարզապես աշխարհահռչակ երգչուհի չէր։ Նա այն մարդկանցից էր, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կարիերայի ձևավորման վրա։ Էդիթ Պիաֆը Ազնավուրի կյանքում՝ ընկեր, ուսուցիչ ու երբեմն էլ՝ չափազանց պահանջկոտ խորհրդատու էր: Նրանք ծանոթացել էին 1946-ին, և շատ արագ Ազնավուրը հայտնվեց Պիաֆի շրջապատում։ Նրանք նույնիսկ ութ տարի ապրել են նույն տանը՝ պահպանելով, ինչպես Ազնավուրն էր բնորոշում, շատ մտերիմ, գրեթե եղբայրական կապ։

Պիաֆը նաև այն մարդն էր, որը համոզում էր երիտասարդ Ազնավուրին փոխել իր արտաքինի այն դետալը, որը համարում էր խոչընդոտ նրա կարիերայի համար՝ քիթը։ Նա ամիսներ շարունակ համոզում էր նրան վիրահատվել և նույնիսկ վճարեց վիրահատության ծախսի կեսը։ Սակայն երբ Ազնավուրը վերադարձավ վիրահատությունից հետո և սպասում էր նրա գնահատականին, Պիաֆը նրան ասաց, որ իրեն ավելի շատ դուր էր գալիս նախկին քիթը։

Բայց Պիաֆի հետ կապված Ազնավուրի կյանքի ամենազվարճալի դրվագներից մեկն անգամ սա չէ։ Նա պատմում էր, որ Պիաֆը երբեմն կարող էր գիշերվա երեքին արթնացնել իրեն պարզապես նրա համար, որ միասին տառեխ ուտեն։ Իսկ երբ Պիաֆը նոր երգ էր հավանում, կարող էր այն 15-20 անգամ անընդմեջ երգել և հետո ընկերներին զանգահարել՝ ասելով, որ նոր երգ ունի, ու նրանք անպայման պետք է լսեն այն։

1960 թվականի դեկտեմբերի 12-ին Ազնավուրը ելույթ ունեցավ Փարիզի «Ալհամբրա» դահլիճում։ Դահլիճում հավաքվել էին ժամանակի ամենահայտնի դեմքերը՝ Ժան Կոկտոն, Դալիդան, Լուի Արմսթրոնգը, Ժուլիետ Գրեկոն և ուրիշներ։ Սակայն առաջին յոթ երգերից հետո հանդիսատեսի արձագանքը շատ սառն էր։

Վերջում Ազնավուրը կատարեց «Je m’voyais déjà» երգը՝ ձախողված, բայց մեծ երազանքներ ունեցող արտիստի մասին։ Երգից հետո ծափահարություններ չեղան։ Նա գնաց կուլիսներ և պատրաստ էր պարզապես հանձնվել։

Բայց երբ վերադարձավ բեմ՝ վերջին անգամ խոնարհվելու համար, դահլիճը հանկարծ պայթեց ծափահարություններից։ Այդ երեկոն դարձավ Ազնավուրի միջազգային ճանաչման կարևոր շրջադարձային պահերից մեկը։

Հայաստանը և 1988-ի երկրաշարժը․ օգնությունը, որը նրա համար մեկ օրվա պատմություն չէր:

Շառլ Ազնավուրը, որի ընտանիքը Հայոց ցեղասպանությունից հետո հաստատվել էր Ֆրանսիայում, անմիջապես արձագանքեց աղետին։ Նա մեկնեց Հայաստան, իսկ շատ կարճ ժամանակ անց ստեղծվեց «Aznavour for Armenia» նախաձեռնությունը։

Ազնավուրը Ժորժ Կառվարենցի հետ շտապ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը։ Այն ձայնագրեցին շուրջ 90 հայտնի արվեստագետներ ու հանրային դեմքեր, իսկ վաճառքից ստացված միջոցներն ուղղվեցին Հայաստանի վերականգնմանը։ Երգը 10 շաբաթ մնաց ֆրանսիական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, իսկ ձայնագրությունը վաճառվեց մոտ երեք միլիոն օրինակով։