«Հիմա բալիկիս հետ զբաղվելու լավագույն ժամանակահատվածն է»․ Սուսաննա Պետրոսյանը՝ Չինաստան վերադառնալու և կարատինի ընթացքում իրենց առօրյայի մասին

20:40 • 20.03.20

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս ընթացքում ամուսնու՝ Գեորգի և դստեր՝ Ալիսայի հետ, Երևանում է։ Ամուսնությունից հետո Չինաստանում բնակություն հաստատած երգչուհին տարիներ շարունակ Հայաստան էր գալիս ամռանը։ Կորոնավիրուսի պատճառով այս տարի նրանց հանգիստը մի քանի ամիս շուտ է մեկնարկել։

Հայաստան ժամանելիս Սուսաննան ստեղծագործական հետաքրքիր մտքեր է ունեցել, սակայն ստիպված է եղել չեղարկել բոլոր ծրագրերը։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ ժամանակը զուր չեն վատնում. վայելում են հարազատների ներկայությունը, նաև ավելի շատ ժամանակ է հատկացնում փոքրիկ Ալիսային։

«Երբ նոր էինք եկել Հայաստան, արտակարգ դրություն հայտարարված չէր։ Չնայած դրան՝ մենք որոշ կանոններ փորձում էինք պահպանել, որովհետև բացի կորոնավիրուսից, շատ այլ վիրուսներ կան։ Սկզբում էլ տանից քիչ էինք դուրս գալիս։ Այդ ընթացքում ծրագրեր էի կազմում ու մտածում փոքրիկիս Երևանում մանկապարտեզ կամ զարգացման կենտրոն տանելու մասին, որպեսզի հասցնեմ նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվեմ։ Բայց Հայաստանում էլ փակվեցին և՛ ժամանցի վայրերը, և՛ կրթական համալիրները։ Հիմա, ինչպես բոլորը, մենք էլ ամբողջ օրը տանն ենք լինում։ Ընտանիքի անդամների հետ շփումն իսկապես անփոխարինելի մի բան է։ Փորձում եմ վայելել հարազատ մարդկանց ներկայությունը։ Հիմա բալիկիս հետ զբաղվելու լավագույն ժամանակահատվածն է»,-ասաց երգչուհին։

Խոսելով դստեր առօրյայի մասին՝ երգչուհին պատմեց․ «Այս ընթացքում դուստրս չի հասցնում ձանձրանալ, որովհետև մենք տարբեր խաղեր ենք խաղում, միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Պարբերաբար կապ ենք հաստատում նաև Չինաստանի մեր դասախոսների ու ընկերների հետ։ Ալիսան շատ աշխույժ երեխա է։ Իհարկե դուրս չգալ չենք կարող։ Կարճ ժամանակով զբոսնում ենք մոտակա այգում, բայց խուսափում ենք մարդաշատ վայրերից։ Ժամանակը զուր չենք վատնում և կիրառում ենք նաև չիներենը, որովհետև լեզուն չկիրառելու դեպքում հնարավոր է մոռանալ։ Դուստրս նաև նկարել է շատ սիրում»։

Երգչուհին նշեց, որ իրենք կարանտինի և արտակարգ դրության բոլոր կանոնները խիստ պահպանում են․ «Ապահովությունը շատ կարևոր է։ Իհարկե տեսակետ կա, որ օրինակ սովորական գրիպից ավելի շատ մարդ է մահանում, քան այս վիրուսից, բայց սա դեռ ինչ-որ չափով վիրուսի նոր տեսակ է, որից պետք է հնարավորինս խուսափել։ Հույս ունենք, որ Հայաստանում այս ամենը շատ շուտ կավարտվի և մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին»։

Չինաստանի հետ կապը նրանք պահպանում են։ Սուսաննան պարբերաբար կապի մեջ է լինում այնտեղի իր ընկերների հետ․ «Չինաստանի այն հատվածը, որտեղ, որ մենք էինք բնակվում, հիմա շատ լավ վիճակում է, այնտեղ վիրուսի նոր դեպք չի գրանցվել։ Ինչպես մեզ տեղեկացնում են Չինաստանի մեր ընկերները, երկրի շատ հատվածներում կան լավ նորություններ։ Չնայած կրթական բոլոր համալիրները դեռ փակ են, գործում են միայն խանութները, որոշ սրճարաններ։ Մարդիկ դուրս են գալիս, սակայն սահմանափակումներով։ Այս պարագայում դեռ իմաստ չկա, որ մենք վերադառնանք։ Բացի այդ, վերադարձի համար պետք է հատուկ թույլտվություն ստանանք»։