«Ինձ միշտ ավելի փոքր են ընկալել». Բոնին` 27-ամյակի, հոգով 60 տարեկան լինելու, կորոնավիրուսով վարակվելու և բուժվելու մասին

17:18 • 03.09.20

Հումորային նախագծերից հայտնի Վահե Բեգլարյանը` Բոնին, այսօր նշում է ծննդյան 27-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ օրվա հետ կապված ծրագրեր դեռ չունի:

«Ծրագրերս միշտ կախված են օրվա ավարտից: Այս պահին մարզասրահում եմ, բայց երեկոյան հնարավոր է ընկերներիս հետ ինչ-որ տեղ գնանք, մեկ գավաթ խմենք, հետո մեկը դառնա երկու, երկուսը` երեք: Ռեստորանային խնջույքներ չեմ սիրում, նախընտրում եմ փաբերը: Այն մարդկանից չեմ, ովքեր իրենց ծննդյան օրը չեն սիրում, բայց այնպես էլ չէ, որ օրվան առանձնահատուկ նշանակություն եմ տալիս: Մյուսների ծննդյան օրերին ավելի շատ եմ ուրախանում, քան իմ»,-ասաց նա:

Վահեն նշեց, որ միշտ էլ լավ տրամադրություն է ունենում, ծննդյան օրն էլ բացառություն չէ. «Ամեն օր էլ լավ տրամադրություն ունեմ, այսօր էլ` չնայած ծննդյանս օրով տունգանվել եմ, արագ էի վարում: Դա այսօր էր, անցած տարի չտուգանվեցի, որովհետև մեքենա չունեի,-ժպիտով ասաց նա և հավելեց, որ անակնկալներ դեռ չի ունեցել,-Չի բացառվում, որ երեկոյան գուցե ունենամ»:

Որքան էլ Վահեն տարիքը գաղտնի չի պահում, մարդիկ շարունակում են նրան ավելի փոքր ընկալել. «Մինչև հիմա մարդիկ մտածում են` 21 տարեկան եմ, բայց ես հոգով 60 տարեկան եմ: Քանի որ միշտ ինձ միշտ ավելի փոքր են ընկալել, ցանկացել եմ հոգով գոնե մեծ երևալ: Դա փոքրուց է գալիս: Իմ հասակակիցների հետ ընկերություն էի անում, բայց կողքից մտածում էին` ես փոքր եմ իրենցից: Կարծում եմ` դա պայմանավորված է կարճահասակությամբ և ծիծաղով»,-ասաց նա:

Վահեի խոսքով` մեծացող թվերն իրեն էլ են վախեցնում. «Բարեկամներս ասում են` ամուսնանամ: Ես այդ ուղղությամբ դեռ չեմ մտածում, մեր սերնդակիցների համար ամուսնության հարցը բարդ է: Մեծանալով ընտրությունն է բարդանում, բծախնդիր ես դառնում,-ասաց նա և ընդգծեց, որ բնավորությամբ ինքնաքննադատ մարդ է,-Միշտ ինչ անում եմ, մտածում եմ` քիչ էր: Չեմ կարող ասել, որ հասել եմ բոլոր նպատակներիս, բայց որոշ չափով բնավորության այդ գիծն օգնել է ինչ-որ բաներ անելու հացում»:

Ըստ Վահեի` անցնող տարին իր համար բարդ էր, քանի որ ինքն ու մայրը մոտ երեք ամիս առաջ վարակվել են կորոնավիրուսով: «Ես բուժում ստացա տանը, ծանր չտարա հիվանդությունը, քանի որ երիտասարդ եմ: Մայրս շաքարային դիաբետ ուներ, հիվանդանոցում էր բուժումը ստանում, նա մի փոքր բարդ հաղթահարեց: Հիմա ամեն ինչ լավ է, բայց հոգեպես բարդ հաղթահարեցի, քանի որ անհանգստանում էի մայրիկիս համար»,-ասաց նա:

Մարիամ Խաչատրյան

«Ինձ միշտ ավելի փոքր են ընկալել». Բոնին` 27-ամյակի, հոգով 60 տարեկան լինելու, կորոնավիրուսով վարակվելու և բուժվելու մասին