«Չէի պատկերացնում, որ հենց ես կարող եմ հաղթել, քանի որ առաջնահերթություններն այլն էին». Սաթենիկ Սահակյանը՝ «Հայ երգիչ» նախագծում հաղթանակի մասին
Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կայացավ նոր՝ «Հայ երգիչ» երաժշտական նախագիծի եզրափակիչը, որը հնարավորություն է տվել մի շարք երիտասարդ երգիչներին ցույց տալ իրենց տաղանդը և աշխատել ոլորտի առաջատար դեմքերի հետ: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում «Հայ երգիչ» նախագծի հաղթող դարձավ 20-ամյա Սաթենիկ Սահակյանը, Նաիրա Գյուրջինյանի թիմից: Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհին պատմեց իր հաղթանակի, դժվարությունների, արձագանքի և հետագա անելիքների մասին:
«Հայտադիմումն անգամ ես չեմ լրացրել: Հիշում եմ՝ զանգեց մայրս և ասաց, որ նման ծրագիր կա և կարելի է մասնակցել, բայց ես ցանկություն չունեի, քանի որ ձայնալալերիս հետ կապված որոշակի խնդիրներ կային և առհասարակ մրցույթների մասնակցելու ցանկություն չկար: Ժամեր անց ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից՝ հրավիրելով առաջին փուլին»,- ասաց երգչուհին:

Խոսելով Նաիրա Գյուրջինյանի հետ աշխատանքի մասին երգչուհին նշեց՝ Նաիրա Գյուրջինյանի հետ աշխատանքը եղել է ճակատագրական, իսկ փորձն անգնահատելի է, բայց եղել են նաև մի շարք դժվարություններ:
«Առաջին փուլում, երբ մենթորներն ընտրում էին մասնակիցներին ինձ միայն ընտրել էր Նաիրա Գյուրջինյանն ինչի համար ես անասելի երջանիկ եմ և շնորհակալ: Մենք մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել, օրեր շարունակ փորձեր, ձայնավարժություններ, երգերի ընտրություններ և այլն: Ես ունեցել եմ անասելի փորձ ու շնորհակալ եմ ինձ հետ աշխատելու համար: Բարդ էր, երբ պետք է եզրափակչում ելույթ ունենայինք ուղիղ եթերում, անսովոր էր այդ փորձը, նաև բարդություններ էր առաջացրել, երբ երգի փոփոխություններ էինք իրականացրել, բայց անգամ այդ դժվարությունները սիրով եմ հիշում»,- նշեց Սաթենիկ Սահակյանը:

Երգչուհին հավելեց, որ մրցույթին գնալով՝ հաղթանակը չի եղել առաջնահերթություն:
«Ես բնավ ցանկություն չունեի հայտնի դառնալ, հաղթել այս մրցույթում և նշեմ՝ ամեն ելույթից առաջ ես պատրաստում էի շնորհակալական խոսքեր՝ մտածելով, որ հենց այս փուլում դուրս կգամ մրցույթից և պետք է պատրաստ լինեմ: Նախագծին մասնակցելով՝ կարևորությունն ու առաջնահերթությունը եղել է նմանօրինակ մասնագետների հետ աշխատանքը»,- ասաց նա:
Սաթենիկ Սահակյանը նշեց, որ այս օրերի ընթացքում ստացել է բազմաթիվ նամակներ շնորհավորանքներով, բայց այդ ամենի հետ հանդերձ նաև բախվել մի շարք քննադատությունների:
«Հանդիպել ենք որոշակի քննադատություններ ձևաչափի և ելույթների հետ կապված և ուզում եմ նշել՝ բացառիկ փորձ էր մեզ համար, երբ բոլոր ելույթները հայերեն լեզվով էին, երբ սովորում էինք բեմում աշխատել, տեսախցիկի հետ աշխատել, արագ կողմնորոշվել և այլն: Շատ կարևոր էր հենց հայալեզու երգերը նորովի կատարելը: Հանդիպել եմ նաև քննարկումներ նվերի հետ կապված և ուզում եմ նշել ՝ամենակարևորը եղել է հենց փորձը և աշխատանքը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նախագծի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր՝ որն է նախագծի գլխավոր դերակատարությունը:
«Վերջին տարիները, որ անվերջ կորստի մասին էին, այլ խնդիրներ էին դրել հեռուստատեսության առջև և մի տեսակ անարդար էր նոր սերնդին զրկել հեռուստատեսությունից, այսպիսի մեծ նախագծերում մասնակից լինելուց, լավ մասնագետների հետ համագործակցելուց: Ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեր կողքին են և նրանց աջակցությամբ կարողացանք այս բարդ տնտեսական իրականության մեջ իրականացնել նոր երաժշտական մրցույթ: Ես շնորհակալ եմ մենթորներին, ովքեր մեծ նվիրումով են աշխատում իրենց սաների, արդեն կարող եմ ասել՝ հոգեզավակների հետ: Մեր թիմն ու հեռուստաընկերությունը ամեն բան անում են, որ արժանի ձևով ներկայանան բոլորը»,- ասել է Հրաչ Քեշիշյանը:
Նշենք, որ երգչուհին այս փուլում սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և շարունակելու է երգչուհու կարիերան՝ ներկայացնելով հանդիսատեսին մի շարք հոլովակներ և երգեր:




Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան







