Սեր, մարդկային փոխհարաբերություններ և սերունդների կոնֆլիկտներ. կայացել է «Չաո» ներկայացման վերածնունդն ու փակ ցուցադրությունը (լուսանկարներ)

12:30 • 30.03.23

Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Չաո» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել դեռևս 1998 թվականին և հենց այդ տարվա հոկտեմբերին էլ կայացել էր ներկայացման առաջնախաղը, բայց այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանը ներկայացնում է նոր բեմադրություն երիտասարդ արտիստների մասնակցությամբ, մասնավորապես գլխավոր դերակատարներն են Դիանա Մալենկոն և Ներսես Ավետիսյանը: Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին, իսկ կուլիսներում զրուցել արտիստների հետ և ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները: 

Երիտասարդ դերասան և երգիչ Ներսես Ավետիսյանը երեկ հենց թատրոնում է տոնել իր ծննդյան 25-ամյակը և նշում է՝ ուրախ է հենց թատրոնում և պրեմիերայի օրը լինել դրամատիկականում: Ներսես Ավետիսյանը մարմնավորում է Վենսան Մարտինեին, ում դերը ժամանակին խաղացել է Հրաչյա Հարությունյանը:

«Ես իսկապես սիրել եմ մարմնավորածս կերպարին, քանի որ կարծում եմ նա շատ առանցքային և կարևոր ասելիք ունի հասարակությանը, շատ գունավոր երիտասարդ է և բոլոր կոնֆլիկտները, որոնց անդրադառնում ենք այս ներկայացման ընթացքում միշտ արդիական են՝ սեր, մարդկային փոխհարաբերություններ, «հայրեր և որդիներ» սերունդների տարաձայնություններ և առհասարակ խնդիրներ, որոնք կա բոլոր դարաշրջաններում և ուրախ եմ, որ այս գունագեղության մեջ կմատուցվեն նմանօրինակ խնդիրները և նույնականացումը հանդիսատեսի և մեր միջև շատ արագ է տեղի ունենալու»,- ասաց Ներսես Ավետիսյանը: 

Անձնակազմն ամիսներ շարունակ պատրաստվել է ներկայացմանը և հոկտեմբեր ամսից ընթացել են նախապատրաստական աշխատանքները և փորձերը, իսկ այս ներկայացման ընթացքում կան նաև պարային լուծումներ, իսկ Ներսես Ավետիսյանի կատարմամբ ցուցադրվում են հոլովակներ, որտեղ նա կատարում է Հայկոյի «Սեր» և «Սերը կգա» երգերը:

«Հրաչյա Հարությունյանը մանկրակրկիտ աշխատանք է իրականացրել, ուզում եմ նշել՝ շատ բան եմ սովորել այս ընթացքում և «սպունգի պես» ամիսներ շարունակ տեղեկությունը հավաքել եմ: Իսկապես այս փուլում առաջնախաղից առաջ կա որոշակի հուզմունք, բայց ես փորձում եմ ցույց չտալ ներսիս քաոտիկ վիճակը, այնուամենայնիվ այսօր առաջնախաղն է և ծննդյանս տարեդարձը և ամեն բան հիանալի է»,- նշեց դերասանը:

Դերասանուհի Դիանա Մալենկոն մարմնավորում է Սոֆի Կուֆիսելին, որը մեծացել է լիության մեջ, բայց իր տեսակով, մոտեցումներով հանդերձ նրա կյանքի առաջնահերությունները այլ են և առաջնային դիրքում սերն է, որը գնտում է Վենսանի (խմբ. Ներսես Ավետիսյանի) մեջ: 

«Կյանքի պատմություն է, որն ունի իր առաձնահատկությունները, դժվարությունները, լուծումները: Պատմության առանցքը սերն է, այնպիսին, ինչպիսին կա:Այն սերը, որը չի տեսնում իր առաջ պատնեշներ, չկան մտքեր, բայց կան մաքուր զգացմունքներ: Ներսեսի ներկայությամբ պայմանավորված հուզմունքս ավելի քիչ է, քանի որ որոշակի թիկունք է ինձ համար և բեմական տանդեմը կարծում եմ՝ ստացված է»,- ասաց Դիանա Մալենկոն: 

Տարիներ առաջ դերասնուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորում էր հենց Սոֆի Կուֆիսելի կերպարը, իսկ ներկայացման այս տարբերակում մարմնավորում է Վենսանի (խմբ. Ներսես Ավետիսյանի) մոր կերպարը: ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը ժպիտով է խոսում այսօրվա սերնդի մասին և շեշտում՝ տեղի է ունեցել հրաշալի սերնդափոխություն: 

«1988 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ դրամատիկականում առաջնախաղ էր, իսկ Սոֆի Կուֆիսելի դերը մարմնավորում էի ես: Այնքան ճիշտ սերնդափոխություն է տեղի ունեցել, իսկ ես տարիներ շարունակ վայելել եմ այդ դերի բերկրանքն, իսկ այսօր ես ունեմ այլ դերեր: Ուրախ եմ, որ այս դիտարժան ներկայացումը Հրաչյայի ձեռամբ վերաբացվեց նոր դերասաններով, որոնք ոչնչով չեն զիջում մեզ»,- նշեց Լուիզա Ղամբարյանը: 

2 գործողությամբ ներկայացումն այսօր էլ կհանձնվի հանդիսատեսի դատին և օրեր շարունակ կլինի թատրոնի խաղացանկում: Ներկայացում, որն իր մեջ ներառում է թեմաներ, որոնք արդիական են տարբեր ժամանակաշրջաններում, բայց մատուցումն ու ներկայացման գույնը մերօրյա է:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան