«Պատերազմի ցեցը» ներկայացումը՝ աշխարհի տարբեր բեմերում (լուսանկարներ)
«Շունչ» երիտասարդական թատրոնի հիմնադիրներն են Սամվել Դանիելյանը և Սեյրան Մովսիսյանը: Թատրոնի տնօրենն է Սամվել Դանիելյանը, իսկ պրոդյուսերը Սեյրան Մովսիսյանն է: Թատրոնն արդեն 1 տարեկան է, որը սեփական միջոցներով է իրականացնում ամեն ինչ:
«Արդեն 3 ներկայացում ենք բեմադրել, առաջինը՝ «Թմբկաբերդի առումը», որի նպատակը մարզերում խաղալն էր՝ երեխաներին հասանելի դարձնելու համար: 2-րդ ներկայացումը «Պատերազմի ցեցը»-ն էր Շուշան Ղազարյանի բեմադրությամբ, որը մեծ արձագանք գտավ: 3-րդը՝ «Խառնաշթոփ» աղետալի կատակերգությունն էր, կրկին Շուշան Ղազարյանն է բեմադրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Սիրանուշ Լազյանն, ու նշեց, որ այս պահին հյուրախաղերով խումբը Բելգիայում է:

««Պատերազմի ցեցը», որը հյուրախաղերով արդեն հասցրել է եվրոպական 10-ից ավելի քաղաքներում շրջել՝ Իսպանիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Չեխիա և այլն, նոր հրավերներ է ստանում»,- ասաց դրասանուհին:
Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով: Ինչո՞ւ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետևանքը։ Ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերն են արծարծվում ողջ ընթացքում՝ տալով բոլոր հնարավոր պատասխանները։


Ներկայացումը սիրո և ապրելու մասին է... «Պատերազմի ցեցը» պիեսը «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն պիես: Պիեսի հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը:
«Շունչ» թատրոնում բոլորը հավաքվել են մի գաղափարի շուրջ, փորձելով հասկանալ հանդիսատեսի շունչը, պահանջն ու բավարարել այն:


Հեղինակ Անի Մնացականյան







