«Կհաղթեմ, թե՝ չեմ հաղթի, այդ միտքը բաց էի թողել».  Պարգը՝ ելույթից հետո իր էմոցիաների մասին

10:59 • 17.02.25

Երեկ երեկոյան՝ Կարեն Դեմիերճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ «Դեպի Եվրատեսիլ 2025» համերգը, որի ընթացքում 12 մասնակիցներից ընտրվեց հայաստանյան պատվիրակը:

«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:

Երգի հեղինակները Thomas G:son-ը և Peter Bostrom-ն են։ Նրանք հեղինակել էին նաև շվեդ երգչուհի Լորինի «Tatoo» երգը, որը 2023-ին հաղթեց մրցույթում։

«Ես աշխատասեր եմ, պատրաստ եմ ավելի զարգացնել ելույթս ու պիտի կրկնակի լավ հանդես գամ: Վստահ եմ, որ «Եվրատեսիլ»-ի մեծ բեմում շատ լավ կներկայանանք:

Արձագանքներից հասկանում էի, որ ֆավորիտներում եմ, բայց նաև Սիմոնին ու Աթենային էին շատ երկրպագում: Ես ուղղակի նպատակ էի դրել, որ պետք է մաքսիմալ հաճույք ստանամ ու իմ բոլոր էմոցիաներն ու էներգիան ցույց տամ: Կհաղթեմ, թե չեմ հաղթի, այդ միտքը բաց էի թողել: Բայց շատ երջանիկ եմ»,- համերգից անմիջապես հետո կայացած «Դեպի Եվրատեսիլ 2025»-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Պարգը:  

Խոսելով «Survivor» երգի մասին, երգիչը նշեց, որ երգի վրա աշխատել են պրոֆեսիոնալ մարդիկ:

«Իմ թիմը հրաշալի է աշխատել ու կարող ենք մտածել, որ հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ը հնարավոր է լինի Հայաստանում: Շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ընտրել են ինձ: Շնորհակալ եմ իմ թիմին, պրոդյուսերներին, ծնողներիս ու կնոջս»,- անկեղծացավ Պարգը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշեց, որ առջևում Պարգին թեժ ամիսներ են սպասվում:

«Արդեն վաղը պետք է տեղի ունենա առաջին հանդիպումը Հանրային հեռուստաընկերությունում, որի ընթացքում կքննարկենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այն էներգետիկան, որ այսօր տեսել ենք բեմում, տասնապատկենք ու ներկայացնենք ամբողջ աշխարհին եվրատեսիլյան բեմից»,- ամփոփեց Դավիթ Ծերունյանը:

 

Հեղինակ՝ Անի Մնացականյան