«Կոլեկտիվ» սիթքոմի նոր եթերաշրջանն ու անակնկալները. ֆոտոշարք և մանրամասներ

14:52 • 21.05.25

Շուտով Արմենիա TV-ի եթերում կլինի ռեժիսոր Արման Մարությանի «Կոլեկտիվ» զվարճալի սիթքոմի նոր եթերաշրջանը՝ նոր մասնակիցներով ու սցենարային հետաքրքիր զարգացումներով: 

Tert.am Life-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումների ընթացքին, զրուցել դերասանների հետ ու պարզել որոշ մանրամասներ:

«Շատ զվարճալի ու հետաքրքիր սիթքոմ եք տեսնելու: Այս անձնակազմում անհանար է առանց խառնաշփոթի:

Հանդիսատեսին սպասվում է որակյալ ու տարբերվող սիթքոմ: Հիմա շատ են սերիալային սիթքոմները, իսկ սա հենց սիթքոմի կանոններով է նկարահանվում: Ոչ ստանդարտ է լինելու, բայց վստահ եմ, որ 2-րդ եթերաշրջանը նույնպես սիրվելու է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը:

Նրա խոսքով՝ եթե նույն արձագանքը լինի 2-րդ եթերաշրջանի հետ կապված, չի բացառվում հետագայում ունենալ նաև 3-րդ եթերաշրջան:

«Հետաքրքիր սցենարային լուծումներ են սպասվում,- նշում է դերասանուհի, երգչուհի Ռիփփին ու հավելում.

«Ռոմանտիկ ու սիրային հետաքրքիր գծեր կան կերպարիս հետ կապված, բայց շատ փակագծեր չեմ ուզում բացել»:

Ռիփփին անկեղծացավ, որ թիմը շատ հոգեհարազատ է իրեն, բացի այդ առաջին սիթքոմային փորձն ունեցել է հենց Արման Մարությանի հետ:

«Այս եթերաշրջանում անակնկալներ շատ են լինելու, ընթացքում հետաքրքիր արտիստներ են ներգրավվելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Դերասան Միշա Հակոբյանն էլ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ այս եթերաշրջանում իրավիճակներն ավելի են սրվում, իսկ կերպարների կյանքում նոր զարգացումներ են տեղի ունենում:

«Կարծում եմ ավելի լավ եթերաշրջան է լինելու, մենք էլ ավելի փորձված ենք, ուստի ավելի լավ ու հետաքրքիր սերիաներ են սպասվում: Հայաստանյան շուկայի համար նոր ձեռագիր ու ոճ ունի մեր սիթքոմը, ինչը  հեռուստադիտողին լիցքաթափվելու ու նոր զգացողությունների հնարավորություն կտա»,- ամփոփեց Միշա Հակոբյանը:

«Կոլեկտիվ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը Արմենիա հեռուստատեսության եթերում կլինի մայիսի 26-ից:

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Կոլեկտիվ» սիթքոմի նոր եթերաշրջանն ու անակնկալները. ֆոտոշարք և մանրամասներ