Սոֆյա Պողոսյանի առաջին տարեդարձը բեմում՝ «Ամուսնավերլուծություն» ներկայացման պրեմիերայից առաջ

14:49 • 20.10.25

Շուտով «Բոհեմ» թատրոնում կկայանա Աշոտ Տեր Մաթևոսյանի և Սոֆյան Պողոսյանի մասնկացությամբ «Ամուսնավերլուծություն» ներկայացման պրեմիերան:

Ներկայացումը բացահայտում է ընտանեկան կոնֆլիկտները, կին-տղամարդ հարաբերությունները, հումորն ու կյանքից վերցված պահերը, որոնց շուրջ ստեղծվել է բեմադրությունը:

Աշոտ Տեր-Մաթևոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ ներկայացման վերջին փորձերն են ընթանում, իսկ այսօր Սոֆյա Պողոսյանն իր ծննդյան տարեդարձն առաջին անգամ կնշի հենց բեմում:   

 

«Որոշեցինք ներկայանալ բեմում երկուսով և սա մեր առաջին փորձն է: Բնականաբար ընտանեկան կոնֆլիկտներ, վեճեր, և նման իրավիճակներ լինում են, ինչպես բոլորի մոտ: Մեր բնավորությունները տարբեր են, և այդ կոնֆլիկտները հաճախ վեճի են վերածվում, երբ ամեն մեկը փորձում է պարանն իր կողմը քաշել:

Այս ամենի արդյունքում ինձ մոտ միտք առաջացավ, որ սա կարող է դառնալ ներկայացում՝ ընտանեկան և կին-տղամարդ հարաբերությունների թեմայով, քանի որ այդ թեման հավերժ է: Եվ, եթե սիրում ես քո ընտանիքը, պետք է գտնես ճանապարհները՝ այն պինդ պահելու, որովհետև ընտանիքն ամենակարևորն է աշխարհում»,- անկեղծացավ դերասանը:

Ներկայացման սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է, ռեժիսորը՝ Նարինե Մալյանը:

«Դիմեցի Նարեկին, նա գրեց հետաքրքիր պիես, իսկ Հենրիկ Մալյանի դուստրը՝ Նարինե Մալյանը իրականացնում է բեմադրությունը:  

Հետքրքիր բեմադրություն է ստացվելու: Ներկայացումը լի է կոնֆլիկտներով, խնդիրների լուծումներով, հումորով, պարային հատվածներով և պոեզիայով: Փորձերի ընթացքը զարմանալի է՝ ավելի բուռն, քան տանը լինող վեճերը. բեմի վրա փորձում ենք այդ նեգատիվը հանել, որպեսզի տանը ավելի քիչ մնա, մի տեսակ թերապիա ենք անում»,- ամփոփեց Աշոտ Տեր Մաթևոսյանը:

«Ամուսնավերլուծություն» ներկայացման պրեմիերան տեղի կունենա Բոհեմ թատրոնում՝ հոկտեմբերի 23-ին,  իսկ երկրորդ ներկայացումը կլինի հոկտեմբերի 25-ին։

 

Սոֆյա Պողոսյանի առաջին տարեդարձը բեմում՝ «Ամուսնավերլուծություն» ներկայացման պրեմիերայից առաջ