6 տարի անց «Ակադեմիան» արդեն իրականություն է․ Գևորգ Մկրտչյանը՝ նոր նախագծի մասին
Հեռուստաէկրաններին շուտով կհայտնվի «Ակադեմիա» նախագիծը, որը եթեր կհեռարձակվի Armenia TV-ով։ Նախագծի հիմքում միստիկ պատմություն է, փակ ու առանձնահատուկ աշխարհ և կերպարներ, որոնք միասին հայտնվում են մի միջավայրում, որտեղ այլ իրականության է։ Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է դերասան Գևորգ Մկրտչյան
«Ակադեմիայի» գաղափարը Գևորգը վաղուց էր մտածել։ Ամեն ինչ սկսվել է դեռ այն ժամանակ, երբ նա Թուրքմենստանից վերադարձել է Հայաստան և ընդունվել ԵՊՀ-ի զրո կուրս։
«Այնտեղ բոլորը հայ էին, բայց տարբեր երկրներից էին եկել։ Բոլորս հավաքված էինք մեկ կուրսում, սակայն տարբեր մասնագիտություններ ունեինք։ Այդ միջավայրն ինձ մոտ շատ էր տպավորվել։ Հետագայում, երբ համավարակ էր, տարբեր գաղափարներ էի մտածում ու հասկացա, որ այստեղից կարելի է շատ լավ նախագիծ ստանալ»,- պատմում է Գևորգը։

Սկզբնական գաղափարը, սակայն, այն «Ակադեմիան» չէր, որն այսօր տեսնելու է հեռուստադիտողը։ Գևորգը պատկերացնում էր հումորային նախագիծ, որտեղ տարբեր կյանքերով ապրող մարդիկ կհավաքվեին մեկ միջավայրում։ Ժամանակի ընթացքում, սակայն, նախագիծը փոխվեց։
«Ի սկզբանե մտածել էի որպես հումորային նախագիծ, բայց ընթացքում հասկացա, որ միստիկան ինձ ավելի հոգեհարազատ է։ Քանի որ Netflix-ի մեծ երկրպագու եմ և տարբեր սերիալներ եմ դիտում, հասկացա, որ հենց այդ ժանրն է ինձ ավելի հետաքրքրում»,- ասում է նա։
Այս փոփոխությունը հետագայում անդրադարձավ նաև սցենարի վրա։ Գևորգը գաղափարը ներկայացրեց սցենարիստներին, և սկսվեց երկար ճանապարհը՝ մինչև նախագիծը կստանար իր ներկայիս տեսքը։
«Մոտ երկուսուկես տարի կարելի է ասել՝ նախապատրաստական փուլում էինք։ Այդ ընթացքում սցենարը գրվեց, պատրաստ էր, բայց ես հասկացա, որ հարսանիքիս հետ համատեղ ոչինչ չեմ հասցնում անել, ու այդպես էլ գաղափարը ավարտին չհասավ»,- պատմում է նա։
«Ակադեմիան» նորից կյանքի կոչելու հնարավորությունը ստեղծվեց մոտ մեկուկես տարի առաջ, երբ Գևորգը նկարահանվում էր «Արմ Գեյմս» նախագծում։ Այդ ժամանակ նա հեռուստաընկերության ղեկավարությանը պատմեց իր գաղափարի մասին։
«Ասացի, որ ունեմ մի լավ գաղափար, որը ցանկանում եմ կյանքի կոչել։ Ինձ միանգամից հրավիրեցին հեռուստաընկերություն, գնացի, ներկայացրի նախագիծը, և այն միանգամից դուր եկավ տնօրինությանը։ Որոշեցինք սկսել։ Ինձ թվում էր՝ մի քանի ամիս անց արդեն նկարահանումները կսկսենք, բայց ես չէի պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է մեզ սպասվում»,- հիշում է Գևորգը։
Այդ աշխատանքը տևեց մոտ մեկ տարի։ Գաղափարը պետք էր վերածել իրական նախագծի՝ գտնել համապատասխան դերասանների, տարածքը, ձևավորել ամբողջ աշխարհը, որի մեջ պիտի ապրեր «Ակադեմիան»։
«Իրականում ճանապարհի բոլոր փուլերում շատ մեծ դժվարություններ են եղել։ Սկզբում դերասանական կազմ ընտրելն էր ինձ համար բարդ։ Երկար մտածելուց հետո գտանք այնպիսի դերասանների, ովքեր համապատասխանում էին միստիկային»,- նշում է նա։
Դերասանական կազմի ձևավորումն էլ պատահական չի եղել։ Գևորգի համար կարևոր էր միաժամանակ ունենալ արդեն ճանաչված դեմքեր և այնպիսի դերասաններ, որոնց լայն հանրությունը դեռ նոր է բացահայտելու։
Նույնքան երկար ու մանրակրկիտ է եղել նաև «Ակադեմիայի» համար տարածքի որոնումը։ Թիմը ցանկացել է գտնել մի վայր, որն իր մթնոլորտով կօգնի ստեղծել նախագծի առանձնահատուկ աշխարհը։
«Մենք շատ երկար ենք ընտրել հենց ակադեմիայի շենքը։ Իրականում ընտրել ենք այնպիսի տարածք, որտեղ երբեք նման ֆորմատի նկարահանումներ չեն իրականացվել»,- պատմում է նա։
Իսկ թե ինչ է «Ակադեմիան», Գևորգը մեկ նախադասությամբ պատասխանում է՝ «Փակ ակադեմիա, որտեղ կատարվելու են միստիկ իրադարձություններ»։
Հեղինակ՝ Անի Ավետիսյան









