Կայացավ «Հարսների հավաքական» ներկայացման պրեմիերան․ ինչպես 3 հարսների վեճը վերածվեց համերաշխության

17:58 • 06.10.26

Երեկ կայացել է «Հարսների հավաքական» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր ուղերձը համերաշխությունն ու սերն են։ Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը մեկ հարթակում է հավաքել սիրված դերասանուհիների, իսկ ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաև Tert.am Life-ը։  

Ներկայացման կենտրոնում երեք հարսների և նրանց սկեսուրի պատմությունն է։ Հարսները Հայաստան են վերադառնում ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ռուսաստանից։ Սկեսուրը, ցանկանալով միավորել նրանց, հարսներին պատմում է, թե Քարաշեն գյուղում թաքնված գանձ կա։ Այդ պատմությունը դառնում է նրանց հայրենիք բերելու առիթը։ Սկզբում տարբեր բնավորություններն ու աշխարհայացքները բազմաթիվ վեճերի և անհաշտությունների պատճառ են դառնում, սակայն իրադարձությունների զարգացմամբ հարսները կարողանում են հաղթահարել տարաձայնությունները, հաշտվել և համախմբվել։  

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ դերասանուհիները բավականին խիտ գրաֆիկ ունեին, սակայն կարողացել են միավորվել ներկայացման գաղափարի շուրջ։ Նա նաև ընդգծել է մեծ ստեղծագործական թիմի աշխատանքը՝ նշելով, որ առանց այդ մարդկանց ներկայացման ստեղծումն անհնար կլիներ։

 

Դերասանուհի Զառա Սահակյանը, անդրադառնալով իր կերպարին, պատմել է, որ այն Ռուսաստանից եկած հարս է՝ թեթև և կատակասեր բնավորությամբ, սակայն արտաքին հումորի ներքո թաքնված է նրա խոր անձնական դրաման։ Դերասանուհու խոսքով՝ կերպարի միջոցով ներկայացվում են նաև կարոտն ու հայրենիքի հետ կապը։    

Զառա Սահակյանն առանձնահատուկ ընդգծել է նաև ստեղծագործական թիմի ջերմ մթնոլորտը՝ պատմելով, որ փորձերի ընթացքում դերասանուհիներն այնքան են մտերմացել, որ ամեն օր բազմաթիվ զվարճալի պատմություններով են տուն վերադարձել։

Իր կերպարի և ներկայացման գաղափարի մասին խոսել է նաև Իրինա Դանիելյանը։ Նա մարմնավորում է սկեսուրի, որի գլխավոր նպատակը հարսներին և իր որդիներին հաշտեցնելն ու ընտանիքը միավորելն է։ Դերասանուհու խոսքով՝ ներկայացումը շատ նուրբ ձևով անդրադառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, հայրենիք վերադառնալու ցանկությանը և միմյանց ընդունելու կարևորությանը։    

Իրինա Դանիելյանը նաև անդրադարձել է հարս-սկեսուր հարաբերություններին՝ նշելով, որ այդ թեմայի շուրջ կարծրատիպերը դեռ պահպանվում են։ Նրա խոսքով՝ սկեսուրը չպետք է փորձի իր պատկերացումները պարտադրել հարսին, քանի որ վերջինս իր ընտանիքի, արժեքների և պատկերացումների շրջանակն ունի։  

Լիանա Վանոյանի համար «Հարսների հավաքականը» առանձնահատուկ նշանակություն ունի․ այն նրա առաջին թատերական դերերից է՝ ավարտելուց հետո։  

«Շատ ուրախ եմ, որ գործընկերներս այսքան լավն են ու այսքան պրոֆեսիոնալ։ Յուրաքանչյուրի հետ աշխատելիս սովորել եմ, ու դարձել ենք թիմ՝ բառի բուն իմաստով»,- ասել է դերասանուհին։  

Նա նշել է, որ հանդիսատեսը կզգա դերասանուհիների միջև ստեղծված ջերմությունը, թեև հենց ներկայացման սկզբում նրանց կերպարները միմյանց նկատմամբ այդքան ջերմ չեն։   Լիանա Վանոյանը նաև ընդգծել է, որ ներկայացումը պարզապես կատակերգություն չէ։ Նրա խոսքով՝ այն ունի կարևոր ուղերձ, որը հանդիսատեսը կկարողանա հասկանալ ներկայացման ավարտին։  

Մարջան Ավետիսյանն էլ ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նման դերասանների հետ նույն բեմում հանդես գալը։ Դերասանուհու խոսքով՝ յուրաքանչյուր ներկայացում նոր էմոցիա է տալիս, իսկ գործընկերների հետ աշխատելը ստեղծագործական հաճույք է։  

Ներկայացման ստեղծագործական թիմում ընդգրկված են մտահղացման և պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանը, բեմանկարիչ Նարեկ Սանթուրյանը, գրաֆիկական դիզայնի և պաստառի լուսանկարների հեղինակ Արվին Քոչարյանը, գործադիր պրոդյուսեր Համլետ Գալստյանը։  

«Հարսների հավաքականը» ներկայացնում է տարբեր երկրներից Հայաստան եկած կանանց պատմությունը, սակայն նրանց տարբերությունների ներքո ցույց է տալիս այն ընդհանրությունը, որը կարող է միավորել բոլորին՝ սերը, ընտանիքը և հայրենիքի հանդեպ կապը։  

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան 

Լուսանկարիչ՝ Աքսաննա Ոսկանյան