Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմի առաջին կադրերը

18:23 • 13.03.17

Առաջին ալիքն այսօր՝ ժամը 22:50-ին, կներկայացնի ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին: 

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմն անդրադարձ ու խոնարհում է Չարենցի ապրած կյանքին, սիրո, հոգեկան ապրումներին, մտորումներին, հոգու պայքարին: Ընդհանուր առմամբ, ֆիլմը Չարենց մարդու մասին է՝ նրա ընդվզումների, հակասություններով լի կյանքի, փակ պայքարի ու ճչացող հոգու: Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստը Էլլա Լազարյանն է, պրոդյուսեր՝ Արգիշտի Փիլոյան, Չարենցի դերում՝ Արսեն Չաչոյան: Փաստավավերագրական հեռուստաֆիլմի տևողությունը 1 ժ 20 րոպե է:

 

Tert.am Life–ն ր ընթերցողներին է ներկայացնում ֆիլմի նկարահանումների ու դերասանական կազմի ընտրության մասին մանրամասները։

 

««Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում, որտեղ հնարավոր է եղել վերականգնել ժամանակի ոգին և անհրաժեշտ միջավայր ստեղծել: Ամենից բարդն այս տիպի ֆիլմերում տվյալ ժամանակաշրջանը վերականգնելն է՝ սկսած դերասանների հագուստներից, գրիմից, ռեկվիզիտներից, անհրաժեշտ պարագաներից: Բարդ էր նաև գրել սցենար, որում հնարավորինս կկիրառվի ժամանակի լեզուն, անհրաժեշտ բառապաշարը: Ֆիլմի նկարահանումից առաջ երկարաժամկետ ուսումնասիրություններ են իրականացվել՝ ոչ միայն Չարենցի կյանքի և գործունեության վերաբերյալ, այլև՝ ժամանակաշրջանի: Ֆիլմի ստեղծման գործում օգնության են հասել հայաստանյան թատրոնները և գրական խորհրդատուները»,– հայտնեց Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

 

Նրանց փոխանցմամբ`միտումնավոր են ընտրվել ոչ շատ հայտնի դերասաններ, որպեսզի զուգահեռաբար այլ հեռուստաֆիլմերում, սերիալներում նրանց կողմից կերտած կերպարների ասոցիատիվ կապը հնարավորինս բացառվի. «Ֆիլմի կերպարները ներկայացնում են հայտնի և ակնառու մարդկանց, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն է դարձվել նաև հերոսների արտաքին նմանությանը, խառնվածքին, բնավորության որոշակի գծերի համադրությանը: Ֆիլմում հնարավորինս փորձ է արվել ներկայացնել իրական և բնական Չարենցին: Անդրադարձ է կատարվել ոչ միայն Չարենցի կյանքի առավել հայտնի էջերին, այլև ներկայացվել շատ փաստեր, որոնք համեմատաբար առավել քիչ քննարկված են»։

 

 

Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմի առաջին կադրերը