«Խոստումը». ի վերջո, ինչ հաջողություն ունեցավ ֆիլմը
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը գրավել է հոլիվուդյան մի շարք դերասանների ուշադրությունը: Բազմաթիվ հայտնի աստղեր` Էլթոն Ջոնը, Ջորջ Քլունին, Շերը, Դեն Քեյնը, Անդրե Աղասին, Օուեն Ուիլսոնը, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կարպրիոն և այլք սոցիալական ցանցերում գրել են «Խոստումը» ֆիլմի մասին ու իրենց աջակցությունը հայտնել։
Ֆիլմը 100 մլն դոլար բյուջե է ունեցել, սակայն ցածր վարկանիշ ունի: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ ֆիլմի մեծ էկրան բարձրանալուց հետո` առաջին հանգստյան օրերին այն հավաքել է միայն 4,1 մլն դոլար ու հազիվ հայտնվել շաբաթվա լավագույն ֆիլմերի տասնյակում: Ֆիլմաշխարհում սա վատ ցուցանիշ է համարվում։
Ֆիլմերի հավաքած գումարի թվերին հետևող խոշորագույն կայքերից մեկը՝ Box Office Mojo-ն, նշում է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո 24 օրվա ընթացքում այն 8,224,288 դոլար է հավաքել, ինչը ֆիլմի ընդհանուր բյուջեի 10%-ն է: Համեմատության համար նշենք, որ մայիսի 11-ին մեծ էկրան բարձրացած «Կարիբյան ծովի ծովահենները 5»-ն արդեն 60մլն դոլար է հավաքել: «Խոստում»-ը ցուցադրվել է ԱՄՆ-ի 2251 կինոթատրոնում, ինչպես նաև Վատիկանում, սակայն ֆիլմի վարկանիշը գնալով ընկնում է։
Քանի որ պետք է նկատի ունենալ, թե ինչ ֆիլմերի հետ ենք համեմատում այն, ուսումնասիրեցինք, թե ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմերն ինչ բյուջե են հավաքել տարբեր տարիներին։ Նմանատիպ ֆիլմերի շարքում առաջին հանգստյան օրերի ու ամիսների համեմատությամբ «Խոստումը» բավականին լավ արդյունք է գրանցել:
Օրինակ՝ 2008 թվականին նկարահանված երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հոլոքոստի մասին պատմող «Գծավոր գիշերազգեստով տղան» ԱՄՆ-ում ցուցադրությունից հետո առաջին հանգստյան օրերին հավաքել է միայն 253.085 դոլար, իսկ համաշխարհային մասշտաբով` 1մլն դոլար: Այժմ ֆիլմի ընդհանուր եկամուտը 40 մլն դոլար է: Հոլոքոստի մասին պատմող մեկ այլ ֆիլմ՝ 2002 թվականին նկարահանված «Դաշնակահարը» առաջին հանգստայն օրերին ԱՄՆ-ում 111 .261 դոլար է հավաքել, իսկ համաշխարհային մակարդակով` 2մլն դոլար: Այժմ ֆիլմի ընդհանուր եկամուտը 120մլն դոլար է կազմում:
«Խոստումի» պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը խոսել է վարկանիշների մասին. «Մենք գիտեինք, որ ֆիլմը նեղ լսարանի համար է նախատեսված և շատ ընկերություններ չեն ցանկանա համագործակցել մեզ հետ: Սակայն դա չկանգնեցրեց մեզ: Ֆիլմը մեծ գումարներ հավաքելու նպատակ չուներ` չնայած ամբողջ հասույթը փոխանցվում է բարեգործական նպատակներով: Այս ֆիլմը տեղեկատվական բնույթ ունի և հիանալի կատարում է իր առաքելությունը»:

Նշենք նաև, որ ֆիլմը մի շարք հարթակներում ցածր վարկանիշ ուներ մինչև մեծ էկրան բարձրանալը, քանի որ թուրք օգտատերերը գրոհում էին վարկանշային ցուցակները և ցածր գնահատականներ դնում: Նրանք կեղծ օգտահաշիվների միջոցով բացասական մեկնաբանություններ էին գրում, ինչն ազդում էր ֆիլմի վարկանիշի վրա: Հետագայում կեղծ օգտահաշիվները բացահայտվեցին ու հեռացվեցին:
Եվս մեկ հետաքրքրական փաստ. ֆիլմի ցուցադրությունից հետո Թուրքիան ներկայացրել է «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը, որը հերքում է Հայոց ցեղասպանության եղելության փաստը: Ֆիլմում խաղում են բավականին հայտնի դերասաններ՝ Ջոշ Գարները, Բեն Քինգսլին ու Մայքլ Հյուսմանը, սակայն այս ֆիլմը մեծ անհաջողություն է ունեցել: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ում մարտի 10-ից և ընդամենը 240.978 դոլար է հավաքել:
IMDb կինոքննադատական խոշորագույն կայքում ֆիլմն ընդամենը 4,7 վարկանիշ ուներ, ինչը խայտառակ վատ արդյունք է համարվում: Վերջերս այդ վարկանիշը բարձրացել է՝ 8,6: Նույն կայքում «Խոստում»-ը 5.9 վարկանիշ ունի:
«Օսմանյան լեյտենանտ»



«Խոստումը»





Հիշեցնենք, որ «Խոստում» Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Ժան Ռենոն և Անժելա Սարաֆյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի Միջազգային կինո-փառատոնում։
Ֆիլմի սյուժեն սիրային եռանկյունու մասին է։ Համեստ դեղագործ Մայքլը թողել է իր գյուղն ու մեկնել Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ֆոտոլրագրող է, որը ևս Կոստանդնուպոլիս է եկել, որպեսզի լուսաբանի քաղաքական տարբեր հարցեր։ Նա հարաբերություններ ունի Փարիզում սովորած հայ նկարչուհու՝ Աննայի հետ։ Աննայի ու Մայքլի հանդիպման պատճառով տղաների միջև մրցակցություն է սկսվում։ Այս շրջանում զարգանում է Առաջին աշխարհամարտը, ու երիտասարդները ծանր դրության մեջ են հայտնվում։







