«Միլիոնից ավելի դիտում ունեցանք». Հակոբ Հակոբյանը` երգչի կարիերա սկսելու և նոր աշխատանք ներկայացնելու մասին

18:26 • 29.06.17

 

Հաղորդավար Հակոբ Հակոբյանը, որը նախորդ տարի ներկայանում էր որպես դերասան, այժմ էլ որպես երգիչ է սկսել գործունեություն ծավալել։ «Ախպերս ու ես» և «Ով հայոց մայրեր» երգերը տեսանյութով ներկայացնելուց հետո նա և Արմեն Հովհաննիսյանը երեկ ներկայացրել են իրենց երգը։  

 

Tert.am Life–ի հետ խոսելով նոր աշխատանքի մասին` Հակոբը հայտնեց, որ «Ախպերներով» կոչվող երգը հեղինակել է Մարինե Մխիթարյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Մխիթար Հովակիմյանը։

 

 

«Հանրությունը մեզանից սպասում էր երգ եղբայրների մասին, որոշեցինք այսպիսի աշխատանք ներկայացնել։ Սա «Իմ ախպերս, ջան, ջան, ջան» երգին փոխարինող մի երգ է։ Էլի 6/8 ռիթմով է, էլի ուրախ երգ է, սակայն մի քիչ ուրիշ է»,– ասաց նա։

 

 

Անդրադառնալով երգչի կարիերա սկսելուն` Հակոբը նկատեց, որ ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ «Ես միշտ սիրել եմ երգել։ Էկրանից այն կողմ ինձ ճանաչողները գիտեն, որ ցանկացած տրամադրության դեպքում ես երգում եմ, սակայն չէի նախատեսում ներկայանալ որպես երգիչ։ Ժողովուրդը որոշեց, որ ես պիտի երգեմ» – ասաց նա ու հավելեց, որ մեքենայի մեջ «Ախպերս ու ես» երգի իրենց կատարումը մեծ արձագանքի արժանացավ։ «Տարբեր հարթակներում միլիոնից ավելի դիտումներ ունեցանք, մի տեղ 4 միլիոն դիտում էր ունեցել, մի տեղ` կես, երրորդ տեղում ` 800 հազար։ Չէինք սպասում նման արձագանքի»,– նկատեց նա։

 

Հակոբը նշեց, որ այս աշխատանքը ստացվել է ընկերների ջանքերով, քանի որ իրենք ի սկզբանե չէին նախատեսում տեսահոլովակ նկարահանել։ Հաջորդիվ նա խոստանում է նոր տեսահոլովակներ։ «Ժողովրդի կողմից ստեղծված այս նախագիծը շարունակական է լինելու»,– նկատեց հաղորդավարը։