Հայտնիները՝ «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային

13:36 • 20.12.17

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի փակ դիտման մասին։ Երեկ երեկոյան կայացել է ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որին ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ, կինոյի գործիչներ, դերասաններ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ։

 

7 տարբեր նովելները տարբեր ռեժիսորների՝ Հրաչ Քեշիշյանի, Մհեր Մկրտչյանի, Արշալույս Հարությունյանի, Արամ Շահբազյանի, Արկա Մանուկյանի, Արեն Մալաքյանի և Էդգար Բաղդասարյանի մատուցմամբ միավորված են մի գաղափարի շուրջ՝ ներկայացնում են Անկախ Հայաստանում ծավալվող պատմությունները։

 

Tert.am Life–ը ներկայացնում է փակ պրեմիերայի լուսանկարները և ռեժիսորական ֆիլմերից յուրաքանչյուրի պատմությունը։

 

 

«Բարև, սիրելիս». Արամ Շահբազյանի ֆիլմն Արցախյան պատերազմի մասին է։ «Իմ ֆիլմի տիտրերում գրված է, որ այն ստեղծվել է Լևոն Շահնուրի պատմվածքի հիման վրա: Մենք վերցրել ենք  մի տող, որ պատերազմի ժամանակ հայը գրել է մի նամակ սիրելիին, որը տղաները արտագրում էին և ուղարկում իրենց ընկերուհիներին: Հետո այդ նամակը հայտնվել էր թուրքերի ձեռքում, նրանք էլ արտագրում էին և ուղարկում իրենց ընկերուհիներին: Սցենարիստ Հարություն Հարությունյանը գեղեցիկ պատմություն ստեղծեց այդ նախադասության հիման վրա: Այս է պատմության իրական հիմքը: Ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որն ավելի երկար է, կոչվում է «Լուսին կերած նորածինը»»,- նշեց ռեժիսորը։

 

«Ֆա». Արկա Մանուկյանը ներկայացրել է հանրապետության հրապարակի ժամացույցի նոտայի պատմությունը: «Կարևորն անկեղծությունն էր և պատմության իրական լինելու փաստը, որը փորձել եմ ռեժիսորական լուծումների շնորհիվ հետաքրքիր դարձնել: Կարճ ֆիլմ է, բայց բավականին երկար ճանապարհ է անցել»,– պատմեց ռեժիսորը։

 

«Ձյուն». Արեն Մալաքյանի ֆիլմը, պարզվեց, սեփական պատմությունն ու հույզերն է ներկայացնում։ Ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է իր պապի երազանքն ու հավատը կապված ձյան հետ։  «Պատմությունը ձյան մասին է, պապիկը ցանկանում է, որ գարնանը ձյուն գա՝ կարծելով, որ այդպես ինքը կփրկվի: Սա իմ անձնական պատմությունն է, որով փորձեցի կիսվել ձեզ հետ։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց աշխատել այս կազմի հետ»,– ասաց նա։

 

 

«Սիմոնի ճամփան». Էդգար Բաղդասարյանի ֆիլմի հերոսը Շանթ Հովհաննիսյանն է։ Վերջինս նշեց, որ բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել` չնայած բոլոր ռեժիսորների ձեռագրերը շատ տարբեր են: «Մեր՝ «Սիմոնի ճամփան» ֆիլմը, կարծես, արդեն ռեկորդ է սահմանում տարբեր կինոփառատոններում: Կարծում եմ` մյուս ֆիլմերը ևս կարժանանան մրցանակների»,- ասաց նա ու նշեց, որ Թուրքիայում և Փարիզում արված նկարահանումները ստիպված են եղել գաղտնի իրականացնել։

 

«Հայրը».  Հրաչ Քեշիշյանն անդրադարձել է բոլորին հոգեհարազատ ժամանակի սղության խնդրին։ «Ֆիլմերի ստեղծման ժամանակ ռեժիսորները երբեք չեն հանդիպել իրար և քննարկումներ չեն եղել։ Բոլորս արել ենք մի գործ առանց իրար հետ կոնտակտի մեջ մտնելու: Մեր զգացողությունների, մեր երազանքների և այն ճանապարհը, որ մենք անցել ենք քսանհինգ տարվա ընթացքում նման են իրար: Շատ նման են մեր պատմությունները և այն մարդիկ ովքեր ապրում են այս երկրում: Սա պատմություն է այս երկրում ապրող մարդկանց մասին։ Ես աշխատել եմ սցենարիստ Հարություն Կբեյանի հետ, մենք հիշեցինք մեր ընկերներից մեկի պատմությունը, որն ընկույզի հետ էր կապված, ինչպես ֆիլմը և դրա շուրջ կառուցեցինք սցենարը: Դա այնքան իրական է, բոլորիս կյանքում պատահում է, երբ աշխատանքիդ պատճառով, մոռանում ես քո սիրելիներին ասել կարևոր խոսքերը»,– նշեց ռեժիսորը։

 

 

«Մեղրամիս». Արշալույս Հարությունյանի ֆիլմը երիտասարդ զույգի մասին է։ «Այս պատմությունն ինձ շատ ոգևորեց, քանզի նման է մեզ` մենք էլ ենք այդքան էմոցիոնալ, ծայրահեղ, վատի մեջ լավը գտնող և հակառակը: Շատ բնութագրական պատմություն է, որում նուրբ շեշտեր կան։ Ինձ համար ամենակարևորը էմոցիոնալ մասն է` եթե ուզենք, անգամ, անհրապույր տանիքում կարող ենք ստեղծել մեր երազած ռոմանտիկ աշխարհը, կարևորը` սեր լինի»,– ասաց ռեժիսորը։

 

«Սեր, երազանքներ». Մհեր Մկրտչյանի ֆիլմն ամբողջացնում է բոլոր պատմությունները։ Ռեժիսորը ներկա չէր ֆիլմի պրեմիերային, քանի որ այժմ զբաղված է մեկ այլ ֆիլմի հետարտադրական աշխատանքներով։

 

Որպես ամփոփում`«Շարմ հոլդինգի» պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասաց, որ մտածում էին, ունենալ պատմություն, որում կտեսնեն բոլոր նովելների գլխավոր դերակատարներին. «Այդ խնդիրը դրել էինք Մհեր Մկրտչյանի առջև, նա նայեց բոլոր վեց ֆիլմերը և ստեղծեց վերջին՝ «Սեր, երազանքներ» նովելը»:

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի