Ալեքսանդր Խաչատրյանի մասնակցությամբ «Դիանայի նվերը» հայկական ֆիլմը 3 մրցանակ է ստացել Չիլիում անցկացվող կինոփառատոնում

12:01 • 21.12.17

 

Չիլիում անցկացված South Film and Arts Academy Festival փառատոնի ժամանակ ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգում:

 

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի խոսքով՝ մրցանակի են արժանացել ինքը՝ որպես դեբյուտային լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր, Անուշ Առաքելյանը՝ որպես լիամետրաժ դրամայի լավագույն դերասանուհի, իսկ Վարդան Հարությունյանը պարգևատրվել է լիամետրաժ ֆիլմի օպերատոր անվանակարգում:

 

45 րոպե տևողությամբ «Դիանայի նվերը» ֆիլմը Չիլիում ներկայացվել է լավագույն լիամետրաժ ժապավենների անվանակարգում, քանի որ այդ փառատոնում լիամետրաժ են համարվում 40 րոպեից ավել տևող ֆիլմերը:

 

Ֆիլմում խաղացել են Անուշիկ Առաքելյանը, Արամ Կարախանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անյուլինա Թոքմաջյանը։

 

South Film and Arts Academy Festival-ը կինոյի, երաժշտության և երաժշտական տեսահոլովակների, գովազդի և լուսանկարչության փառատոն է: Ամեն ամիս ներկայացվում և պարգևատրվում են լավագույն աշխատանքները, իսկ տարին մեկ անգամ կազմակերպիչներն ամփոփում են և հայտարարում յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչվողներին:

 

Ալեքսանդր Խաչատրյանի մասնակցությամբ «Դիանայի նվերը» հայկական ֆիլմը 3 մրցանակ է ստացել Չիլիում անցկացվող կինոփառատոնում