«Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով». Դիանա Գրիգորյանի «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» վերադառնում է եթեր

18:30 • 22.02.18

 

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը մի քանի տարվա դադարից հետո վերսկսում է «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հեռուստանախագիծը, որը ժամանակին բավականին բարձր վարկանիշ ուներ։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան ասաց, որ նոր եթերաշրջանում ևս ինքն է վարելու հաղորդումը։

 

«Որոշեցինք կրկին իրականացնել այս նախագիծը, քանի որ ցանկանում էի, որ հայ իրականության մեջ բառիս բուն իմաստով հայկական հաղորդում լինի, որը որևէ տեղից վերցված չէ։ Հաղորդման ժամանակ երկու հայի միավորման արդյունքում ստեղծված ընտանիքի, ընտանեկան երջանկության մասնակից դառնալու և յուրովի ուրախանալու հնարավորություն ենք ունենում։ Յուրաքանչյուր պետություն հզոր է իր ամուր ընտանիքներով։ Նմանատիպ հաղորդման պակաս եթերում կա, որովհետև բոլոր ալիքներով մարդիկ ուրիշի էժան խնդիրներն են արծարծում, ինչքա՞ն կարելի է։ Այսօր նողկալի են դարձել թոք շոուները, որոնք արծարծում են հանրային ընտանիքների նեղ անձնական պատմությունները, հայտնի մարդկանցից ոմանք էլ սոցցանցերում ինքնահաստատվում են իրենց կոլեգաների` եթերում հայտնված պատմությունների հաշվին։ Կարծում եմ` ամեն հայի համար պետք է ուրախալի լինի նոր ընտանիքի ձևավորման մասին պատմությունը։ Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով»,– ասաց Դիանան։

 

 

Դիանայի խոսքով` այժմ պատմություններ են հավաքագրում նկարահանումների համար։ Նրա փոխանցմամբ` առաջին հերթին կարևոր է հետաքրքիր ու գեղեցիկ պատմություններ ունենալը, քանի որ իրենք մտադիր են գեղեցիկ սիրո պատմություններ նկարահանել։ «Իրենց սիրո պատմությունը պետք է  ներկայացվի գունեղ, հետաքրքիր, ռոմանտիկ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի լինեն գեղեցիկ սիրո պատմություններ, ոչ թե մենք գեղեցկացնենք դրանք։ Իհարկե, մենք գեղարվեստորեն կներկայացնենք ամեն ինչ, վրձնով կանցնենք պատմության վրայով, բայց կարևոր է, որպեսզի դրանք կեղծ չդառնան։ Նաև մասնակիցները պետք է  կոմպլեքսավորված չլինեն, որովհետև մենք նախատեսում ենք նկարահանել որակյալ և գեղեցիկ տեսանյութեր»,– ասաց նա ու հավելեց, որ մասնակիցներին կնվիրեն ուղեգիր դեպի որևէ հետաքրքիր երկիր` մեղրամիսը վայելելու համար։

 

Դիանան նշեց, որ կարևորում է հայկական ավանդույթների պահպանումը հարսանիքների ժամանակ։ «Շատ կցանկանայի, որպեսզի հարսանիքները լինեին մեր սովորույթներով, ոչ թե օտարածին երևույթներով, որոնք հիմա առկա են, գրեթե, յուրաքանչյուր հարսանիքում։ Մենք շատ հետաքրքիր ու սիրուն ավանդույթներ ունենք, որոնց, պարզապես, քնեցրել ենք»,– նկատեց նա։

 

 

Անդրադառնալով հարցին, որ ժամանակին հաղորդումը տարաբնույթ քննարկումների տեղիք էր տալիս` արժանանալով նաև քննադատությունների` Դիանան ասաց. «Ի՞նչը պետք է  քննադատեն, սե՞րը, թե՞ այն, որ մարդկանց սիրո պատմությունն ենք նկարահանում ու նվիրում իրենց կամ նվերներ ենք տալիս ամուսնության առթիվ։ Մենք ներկայացնում ենք սիրո պատմություն, որը շատ զույգեր նկարահանում են ամուսնությունից առաջ։ Յուրաքանչյուր պատմության մեջ կարող է լինել ծիծաղելի դեպք, ինչպես մեր կյանքն է` լացից ծիծաղ, ծիծաղից լաց մի քայլ է։ Եթե հայը հայի վրա պետք է ծիծաղի, ինչ ասեմ, գուցե հենց դրանից է, որ այսօր այսպես աղճատված ենք»։