Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք` Արման Նշանյանի նոր ֆիլմում
Դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։
«Չերգված անցյալը» աշխատանքային վերնագրով ֆիլմի առաջին մանրամասները Արմանը վստահել է Tert.am Life–ին ու հայտնել, որ Կոմիտասին մարմնավորելու է Սամվել Թադևոսյանը։
«Ֆիլմը Համիդյան ջարդերի մասին է, որի ժամանակ 300 հազար հայ կոտորեցին։ Ավելի շատ խոսվում է 1915 թվականի մասին, բայց ես կարծում եմ, որ դա էլ է շատ կարևոր պատմություն, որովհետև Մեծ Եղեռնի սկիզբն էր։ Իրադարձությունները սկսվում են Կոմիտասի ծննդավայրում։ Պատմության հիմքում հայ և թուրք աղջիկների ընկերությունն է, որը գոյատևում է Համիդյան ջարդերի ժամանակ։ Մինչև Համիդյան ջարդերը նրանք ապրում էին կողք կողքի, մարդկանց միջև չկար անձնական թշնամանք, սակայն երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաև այն թուրքերին, որոնք հայ ընկեր ունեին։ Նրանց էլ էին ջարդում։ Այնուամենայնիվ, նրանց ընկերությունը հաղթահարում է դժոխքը։ Այս պատմությամբ հասկանում ենք, որ ընկերությունն ու սերը կհաղթեն ամեն ինչ։ Ֆիլմի հիմքում Սիրվարդ Կավուկչյանի տատիկի իրական պատմությունն է։ Սցենարը գրել է Օդրի Գևորգյանը»,– ասաց Արմանը ու հավելեց, որ իրական հիմքով ֆիլմը ներկայացվում է Կոմիտասի երաժշտության հիշողություններով։ Զուգահեռաբար այն պատմում է ոչ միայն Կոմիտասի մանկության, այլև կյանքի ընթացքի մասին։

Ֆիլմում հայ աղջկան մարմնավորում է Տաթև Հովակիմյանը, նրա ամուսնուն` Սոս Ջանիբեկյանը, թուրք աղջկան` Արևիկ Գևորգյանը։ Այստեղ խաղում են նաև Շաքե Թուխմանյանն ու Ժան Նշանյանը։ Արմանը հայտնեց, որ կան կերպարներ, որոնց դերերը դեռ հաստատված չեն։ Մասնավորապես, թուրք հակահերոսի դերակատարի փնտրտուքի մեջ է։ Հայկական իրականության մեջ շատ դերասաններ խուսափում են թուրքի մարմնավորել։ Իբրև ռեժիսոր` Արմանի պահանջներն էլ մեծ են։
«Գլխավոր դերից մինչև մասսայական տեսարաններ բոլորը խնդիր ունեն թուրք խաղալու, սակայն թուրք հակահերոսն ինձ համար, որպես դերասան, ամենակոլորիտային դերերից մեկն է։ Մասնագիտական տեսանկյունից շատ ուժեղ դեր է։ Եթե ինձ առաջարկեին այդ դերը, կխաղայի առանց մտածելու։ Այս դեպքում չեմ կարող նման պատասխանատվություն ստանձնել, քանի որ ուզում եմ բոլոր ուժերս կենտրոնացնել ռեժիսորական աշխատանքի, դերասաններին ուղղություն տալու, ոչ թե ինքս խաղալու վրա։ Աշխատանքը շատ ծավալուն է։ Հնարավոր է փոքր դեր ունենամ ֆիլմում, սակայն այս կերպարը մարմնավորելը ռեժիսորական աշխատանքի հետ համատեղելը շատ բարդ կլինի։ Որպես ռեժիսոր էլ ինքս ինձ չեմ տեսնում այդ դերում»,– ասաց նա։
Կոմիտասի և նրա ընկերների մանկության տեսարանների համար երեխաների դերերն արդեն հաստատվել են։ Ռեժիսորը մեծ դժվարությամբ է ընտրել փոքրիկ Սողոմոնի դերակատարին` Սլավային, սակայն ի վերջո գտել է ցանկալի կերպարը. «Սլավային ընտրեցինք Արցախի երաժշտական դպրոցներից մեկից։ Բավականին բարդ էր ընտրությունը, որովհետև ունեինք շատ երեխաներ, որոնք հրաշալի երգում էին, բայց հենց հերթը հասնում էր խաղալուն, լավ չէր ստացվում։ Ի վերջո, կարողացանք գտնել մեր ուզած կերպարը։ Աղջիկների դերերի համար ևս տաղանդավոր երեխաների ենք ընտրել»։

Ֆիլմում հնչում է Կոմիտասի երաժշտությունը։ Չնայած երաժշտական կրթությունն Արմանին օգնել է երաժշտական ֆիլմ նկարահանել, խոստովանում է, նույնիսկ իր դեպքում աշխատանքը բարդ էր. «Ֆիլմում բավականին շատ կլսենք Կոմիտասի ստեղծագործությունները։ Շատերը գիտեն` ով է Կոմիտասը, բայց չգիտեն` ինչ է ինքն արել։ Չգիտեն, որ Կոմիտասը չի գրել այդ երգերը, այլ գրառել ու պահպանել է դրանք։ Եթե նա չլիներ, մենք չէինք ունենա հայկական երաժշտություն, որը ներկայացնում է մեր ժողովրդական կոլորիտը։ Ես կոմիտասագետի հետ եմ շփվում, այնպիսի բաներ է պատմում, փշաքաղվում եմ։ Մենք ամեն պահի, ամեն իրադարձության համար երգ ունենք։ Դրանք այնքա՜ն հանճարեղ են։ Ես իմ երաժշտական կրթությամբ հանդերձ շատ եմ դժվարանում ընտրել երաժշտությունը»։
Ռեժիսորն այս ֆիլմն իրականացնում է ԱՄՆ գործընկերների աջակցությամբ։ «Այս ֆիլմն իրականացնելու պատվերն ԱՄՆ–ից եմ ստացել։ Գումարն ամբողջությամբ ամերիկյան կազմակերպություններից է գալիս, սակայն, իհարկե, շահագրգիռ պրոդյուսերները հայեր են։ AnEva Production–ից Անի Որսկանյանը մեր համապրոդյուսերն է։ Մեզ շատ է օգնում Oscar Gold Production-ից Ասկո Ակոպյանը։ «Մանուկների կանչը» կազմակերպության հիմնադիր և «Մանուկների աչքերով» ընկերության համահիմնադիր Սիրվարդ Կավուկչյանը ևս ոչ միայն պատմությունն է ներկայացրել, այլև մեր համապրոդյուսերն է,– ասաց Արմանն ու հավելեց, որ առաջիկայում ամերիկյան ընկերությունների պատվերով ևս 2 ֆիլմ կնկարահանի Հայաստանում։ –Դրսում չեն պատկերացնում, որ Հայաստանում կարելի է ֆիլմ նկարահանել, քանի որ չունենք այդ փորձը։ Մտածում են Վրաստանում նկարահանեն, բայց դա կրկնակի թանկ է նստում իրենց վրա։ Մենք փորձում ենք այնպիսի ֆիլմեր նկարահանել, որոնցից հետո ԱՄՆ–ում կհասկանան, որ կարող են ներդրում անել և Հայաստանում էլ շատ որակյալ ֆիլմ նկարահանել»։
Արմանը և գործընկերները մտադիր են «Չերգված անցյալը» ներկայացնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի լսարանին։







