Հանրայինի նոր հեռուստասերիալը կանդրադառնա նաև «Էլեկտրիկ Երևանին» և Թավշյա հեղափոխությանը
Հանրային հեռուստաընկերության նոր` «Փողոցի շները» 16 մասանոց հեռուստանովելի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այս օրերին Հանրայինը ևս մեկ հեռուստանովել է նկարահանում «Բալենի» աշխատանքային վերնագրով։
Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը Tert.am Life–ին հայտնեց, որ 32 մասանոց հեռուստասերիալը նկարահանվում է Շահեն Թաթիկյանի «Բալենի» վեպի հիման վրա, սցենարը գրել է Անահիտ Աղասարյանը։ Նախագծի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է։
Հեռուստանովելում խաղում են Վիվյեն Բաստաջյանը, Հայկ Սարգսյանը, Ռոզի Ավետիսովան, Վահագն Մարտիրոսյանը, Շաքե Թուխմանյանը, Աշոտ Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը և այլք։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Արտակ Այվազյանը։

Վեպը հրատարակվել է 1980 թվականին, սակայն հեռուստանովելում գործողությունները տեղափոխվել են մեր օրեր` հաշվի առնելով ժամանակակից կյանքի ռիթմն ու նոր իրականությունը։
Ավելացված սյուժետային գծերից է, օրինակ, Անկախության սերնդի երիտասարդների խումբը՝ իրենց կոնֆլիկտներով ու լուծումներով, անսասան ընկերական ամրությամբ, որի հիմքը դրվել է «Էլեկտրիկ Երևան» ցույցերի ժամանակ։ Նրանք բաց ձեռքերով կանգնել են նաև Հանրապետության Հրապարակում, այս տարվա ցույցերին։
Արմանը հայտնեց, որ Հանրայինը սկսել է նկարահանել ֆիլմեր գեղարվեստական գործերի հիման վրա։ Այս ուղղությունը շարունակական բնույթ է կրելու։ Նրանց թիմը ևս մի ֆիլմ է նկարահանում գեղարվեստական գործի հիման վրա, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է։







