Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

17:23 • 31.08.18

 

Մանուկներին հասցեագրված ասելիքով, կրթական, դաստիարակչական բովանդակությամբ սեպտեմբերին ընդառաջ իր եթերացանկը թարմացնում է Յուքոմ ցանցում ցուցադրվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաընտանիքի «Տունտունիկ» կաբելային հեռուստաալիքը: Երեխաների համար նախատեսված ծրագրերին՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր, կավելանան նոր խորագրեր՝ «Արի պարենք», «Նկարիր ինձ հետ»,  «Խաղում ենք անգլերեն»: Դրանց շրջանակում  երեխաները կունենան բացառիկ հնարավորություն դիտելու Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական անիմացիոն ֆիլմաշարը:

 

Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը պատմել է ֆիլմաշարի բովանդակության մասին և հաստատել՝ մանուկներին սպասվում է ճանաչողական հետաքրքիր ճամփորդություն տարբեր աշխարհներում:

 

Դավիթ Սահակյանցը նշեց, որ ուսուցողական շարքը բաղկացած է 22 ֆիլմից: Այն մոտ 15 տարվա պատմություն ունի. «Նախագծի գաղափարը ծնվել է Ռոբերտ Սահակյանցի մոտ: Ֆիլմերի պատվիրատուն Մոսկվայից էր՝ պրոդյուսերը Միխայիլ Պողոսովը և բնականաբար այն ժամանկ ֆիլմերը թողարկվեցին ռուսերենով: Այդպես 10-ը տարվա ընթացքում այն դարձավ մի մեծ շարք: Սահակյանցի մահվանից հետո ծնվեց գաղափար այդ ֆիլմերը թարգմանել հայերեն, հատկապես, որ դեռ տարիներ առաջ Կրթության և Գիտության նախարարության և Ռոբերտ Սահակյանցի միջև նման պայմանավորվածություն եղել է: Եվ արդեն 2010-ին ստեղծվեց ֆիլմաշարի հայերեն տարբերակը: Ամբողջ հավաքածուն տրամադրվեց նախարարությանը, բաժանվեց դպրոցներում: Այն որևէ կոմերցիոն նպատակ չէր հետապնդում: Գրեթե բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակը Ռոբերտ Սահակյանցն է, որոշ ֆիլմերի վրա աշխատել ենք նաև ես ու եղբայրս՝ Հայկ Սահակյանցը»,-պատմեց ռեժիսորը:

 

 

Նա կարևորեց, որ ֆիլմաշարը այսուհետ կցուցադրվի հեռուստաեթերում՝ ավելացնելով ուսուցողական նախագծերի բազան և բավարարելով եթերից նաև գիտելիք ստանալու պահանջմունքը. «Դպրոցական  տարվա նախաշեմին  եղավ առաջարկը «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կողմից  այդ ֆիլմաշարը ցուցադրել «Տունտունիկ» ալիքով և բնականաբար հաճույքով տրամադրեցի բոլոր ֆիլմերը: Այդ բոլոր ֆիլմերում խոսվում է  այն առարակների մասին, որոնց երեխաները առնչվում են: Այնտեղ կա և՛ երկրաչափություն, և՛ նկարչություն, և՛ հին պատմական քազղաքներին անդրադարձ»:

 

«Քո առաջին կենդանիները», «Սովորում ենք հաշվել», «Դինոզավրերի աշխարհում», «Սովորում ենք ռուսերեն», «Աստղագիտություն ամենափոքրերի համար», «Հին Եգիպտոս», «Անգլերեն մանուկների համար». ուսուցողական շարքում ընդգրկված այս և այլ ֆիլմերը Սահակյանցի խոսքով, նախատեսված են երկու տարիքային խմբերի համար: Մանուկներին գիտելիքների նոր պաշար և ճանաչողական էքսկուրս կմատուցեն 2 կերպար՝ Բուն և Նապաստակը:

 

 

 

«Օրինակ՝ պատմական շարքում Ռոբերտ Սահակյանցի մոտ ծնվեց երկու կերպար՝ պապիկը և թոռնիկը: Տարբեր սերնդի ներկայացուցիչներ իրենց կապը ցույց են տալիս գիտելիքների միջոցով: Պապիկը իր թոռնիկին ծանոթացնում է պատմությանը: Մինչև անգամ 17 տարեկան երեխաները կարող են դիտել այս ֆիլմերը, որովհետև իսկապես շատ հետաքրքիր է մատուցվում ինֆորմացինան: Ռոբերտ Սահակյանցը փորձում էր ամեն ֆիլմում ինչ-որ հայկական տարր մտցնել և երբ 2009-ին ավարտում էինք «Հին Հունաստան» շարքը, այնտեղ մի դրվագ էր ներառված,  որում պատմվում էր Վարազդատ արքայի՝ հին Օլիմպիական խաղերում հաղթող լինելու մասին: Ֆիլմը ավարտելու ժամանակ ինձ մոտ ծնվեց գաղափար դա վերածել լիամետրաժ ֆիլմի, որը կներկայացնի այդ պատմական փաստը: Այսօր արդեն մենք անում ենք այդ ֆիլմը, որը լույս կտեսնի մյուս տարի»,-ասաց ռեժիսորը:

 

Սահակյանցի խոսքով, ֆիլմաշարի ցուցադրությամբ փոքրիկներից առավել կոգևորվեն ծնողները, որոնք արդեն հասցրել են իրենց գոհունակությունը հայտնել. «Արձագանքները ստանում ենք առաջին հերթին ծնողներից և համացանցում շնորհակալությունների քանակը եթե բազմապատկենք կհասնի տասնյակ հազարների: Նրանք նշում են, որ իսկապես նախագծի միջոցով երեխաները գիտելիք են ձեռք բերում, ինչն այսօր շատ կարևոր է»,-եզրափակեց նա:

 

 

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը