Ինստագրամում իր անկեղծությամբ տպավորած Կարինա EVN-ն ու հումորային տեսանյութերով հայտնի Ռոման Կագրամանովը` Երևանում

12:28 • 17.05.19

Ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Песни» ծրագիրը հասցրել է հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։ Հեղինակային երգերի նախագծում երիտասարդ երգիչները Տիմատիին և «Բաստային» պետք է կարողանան համոզել, որ հենց իրենք պետք է շարունակեն ճանապարհը հայտնի կատարողների հետ։

Նախագծի երկու հայ մասնակիցները՝ Կարինա EVN-ն ու Ռոման Կագրամանովը, չհայտնվեցին մարզիչների ձևավորած թիմերում, սակայն հեղինակային երգերով կարողացան բարձր հորիզոնականներ գրավել ռուսական iTunes-ում։

Նախագիծը լքելուց հետո նրանք որոշեցին հայրենիքում ներկայանալ բարեգործական համերգներով։ Կարինա EVN-ին միացավ Ինստագրամում հումորային տեսանյութերի շնորհիվ մեծ լսարան ձեռք բերած երաժիշտ Ռոմանը։

Համերգների շարքը սկսել են Արցախից` Ստեփանակերտում և Շուշիում ելույթներից հետո երեկ ներկայացան Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։

Tert.am Life-ը ներկա է եղել համերգին, զրուցել Ռոմանի ու Կարինայի հետ՝ պարզելով  հետաքրքիր մանրամասներ ինչպես նրանց ինստագրամյան կյանքի, այնպես էլ հայաստանյան զբոսանքների մասին։

Մինչ ТНТ հեռուստաալիքի եթերում հայտնվելը երկուսն էլ հայտնի էին ինստագրամյան տիրույթում։ Ռոմանը, որպես բլոգեր, իր հետևորդներին ուրախացնում է հումորային փոքրիկ հոլովակներով, իսկ Կարինան իր համարձակությամբ ու անկեղծությամբ ոգեշնչում է շատ շատերին։ Երգչուհին սոցցանցերում առանց բարդույթների խոսում է իր խնդրի՝  տոտալ ալոպեցիայի մասին, որը բնորոշվում է ամբողջական մազաթափությամբ։ Նա տեղադրում է լուսանկարներ, որոնց կցում է մոտիվացնող գրառումներ և շարունակում է երգել՝ հայտնվելով ռուսական iTunes-ի բարձր հորիզոնականներում։

«Երբ ես երաժշտական cover–ներ էի անում, տեղադրում Ինստագրամում, շատերը մեկնաբանություններ էին գրում, որ իմ հոնքերը նկարած են, կեղծամ եմ դնում։ Ես ուշադրություն չէի դարձնում, բայց մամաս  շատ էր նեղվում այդ մեկնաբանություններից, չնայած, երբեմն, հասցնում էի դրանք արագ հեռացնել, որպեսզի ինքը չտեսնի։ Մի օր բանը հասավ նրան, որ ինձ լուսանկարեցի առանց կեղծամի՝ այնպիսին, ինչպիսին կամ և հրապարակեցի լուսանկարը։ Կից շատ երկար գրառում էի արել՝ պատմելով խնդրի մասին, որն ինձ մոտ սկսվել է 16 տարեկանում»,- պատմեց Կարինան՝ նշելով, որ ինքն իրեն արդեն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա։ Նույն անկեղծությամբ էլ Կարինան որոշեց մասնակցել ТНТ-ի նախագծին` ներկայացնելով իր հեղինակած «Иди со мной» երգը։ 

Երիտասարդ երգչուհին ասաց, որ Հայաստանում նման համերգ ունենալու միտք վաղուց ուներ. «Ես հաճախ եմ լինում Երևանում, բայց կարճ ծրագրերով, որպես հյուր գալիս եմ երգում ու գնում։ Նման ծավալուն ծրագրով ներկայանալ ուզում էի, բայց մի փոքր հետաձգվում էր, որովհետև այս ընթացքում մի քանի նախագծի մասնակցեցի։ Ռոմանի հետ շատ լավ ծանոթ էինք և որոշեցինք միասին գալ»։

Ավելի քան 2 միլիոն հետևորդ ունեցող Ռոմանը «Песни» նախագծին ներկայացել է իր հեղինակային «Танцуй пантера» կատարմամբ։ Նրան այդ նախագծի շրջանակում տեսնելը շատերի համար անակնկալ էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոմանն Ինստագրամի իր էջը զարգացրել է ոչ թե որպես երգիչ, հեղինակ-կատարող կամ երաժիշտ, այլ որպես «վայներ»` հումորային տեսանյութերի հեղինակ, որը հաճախ է իր հետևորդներին ներկայանում Օլգա Բուզովայի ու Կատյա Վառնավայի հետ։

Չնայած ազգությամբ հայ լինելուն` Ռոմանն ասաց, որ առաջին անգամ է հայրենիքում։ Նրա խոսքով` տպավորությունները թե՛ Ստեփանակերտից, թե՛ Շուշիից, թե՛ Երևանից հրաշալի են։

«Իրականում այստեղ սպասվածից ավելի լավ է. թե՛ արձագանքներն են լավը, թե՛ ընդունելությունը։ Սիրով միացա Կարինայի առաջարկին, ինչ համար ուրախ եմ։ Այստեղի խոհանոցն իրոք շատ-շատ-շատ համեղ է։ Շատ եմ հավանել հատկապես ժենգյալով հացը»,- ասաց Ռոմանը, որն արդեն հասցրել է Ինստագրամի իր հետևորդների հետ պատմել հայաստանյան տպավորությունների մասին։

Ինստագրամում իր անկեղծությամբ տպավորած Կարինա EVN-ն ու հումորային տեսանյութերով հայտնի Ռոման Կագրամանովը` Երևանում