«Կամբոջայում առողջական լուրջ խնդիր ձեռք բերեցի»․ Վարդան Սարգսյանը՝ երկարատև բուժում անցնելու, հոր կորստի ու նոր նախագծի մասին
Վերջին տարիների ընթացքում երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն անընդհատ ճամփորդում է, բացահայտում նոր երկրներ ոչ միայն իր, այլև բազմաթիվ հեռուստադիտողների համար: Մինչ շատերը երանի են տալիս «աշխարհ տեսնող» երգչին, նա պատմում է, թե որքան բարդ է անընդհատ թռիչքների մեջ լինելը և աշխատանքի շրջանակում նոր երկրներ այցելելը:
Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է նոր նախագծի, նկարահանումների ժամանակ ձեռք բերած առողջական խնդրի և արտերկրում ապրելու որոշումը փոխելու մասին:
«Արմենիա TV»-ի եթերում մեկնարկել է Վարդանի նոր՝ «Աշխարհի համերով» հաղորդաշարը, որի շրջանակում երգիչը բացահայտում է ոչ միայն տվյալ երկիրը, այլև տեղի խոհանոցը, ներկայացնում է պլանտացիաները, շուկաները, մթերքների գները՝ հայկական շուկայում գործող գների հետ համեմատության համար: Վարդանը շեշտեց, որ լինում է լավագույն ռեստորաններից մինչև աղքատ գյուղերը՝ ներկայացնելով երկրի բազաշերտ մշակույթը:
Վարդանը վստահ է՝ «Աշխարհի համերով» նախագիծը որակով չի զիջում արտերկրի շուկայի համար նկարահանվող հաղորդումներին․ «Կարծում եմ՝ հայկական հեռուստատեսության պատմության մեջ ամենագունեղ ճամփորդական նախագիծն է, որովհետև նկարահանումներն արել ենք գերժամանակակից տեխնիկայով: Վստահեցնում եմ՝ այն իր որակով չի զիջում համաշխարհային նման նախագծերին»:
Հաղորդավարն արդեն եղել է 3 երկրում՝ Մալազիայում, Կամբոջայում և Շրի Լանկայում: Վստահեցնում է՝ նկարահանումներ է իրականացրել բացառիկ վայրերում: «Ինձ համար կարևոր է ամեն երկրում գտնել էքստրեմալ ուտեստներ, օրինակ, Կամբոջայում այցելել ենք ֆրանսիական մի ռեստորան, որտեղ մարդիկ ուտում են սարդեր, բզեզներ, կարիճներ և այլն: Կարծում եմ՝ դա հետաքրքիր է հեռուստադիտողների համար,- ասաց նա ու հավելեց, որ մտնում է նաև խոհանոցներ և ցույց տալիս, թե ինչպես են, օրինակ, ալյուրի մեջ սարդից ուտեստ պատրաստում: -Ամեն երկրում տեղական ճաշատեսակ ենք պատրաստում բնակիչներից կամ լավագույն խորհարաներից մեկի հետ»:
Վարդանը շարունակելու է նկարահանել նաև «Տնից հեռու» հաղորդաշարը ATV-ի համար: Չկրկնվելու վտանգավոր սահմանի մասին հաղոորդավարը մտածել է և գտել իր բանաձևը: ««Տնից հեռու»-ն մեծ դեր ունի իմ կայնքում և չի փակվել: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն շարունակական լինի, որովհետև շատ է սիրվել: Ես տարբեր երկրներ եմ ընտրում երկու նախագծի համար: Թեև նույն երկրում նկարահանումներ անելու դեպքում կարելի է ժամանակ և ֆինանս խնայել, չեմ գնում հեշտ ճանապարհով, որպեսզի հեռուստադիտողները տեսնեն 2 տարբեր նախագիծ»,- ասաց նա ու հավելեց, որ «Աշխարհի համերով» ծրագիրը ծնունդ է առել՝ նկատի ունենալով, թե «Տնից հեռու» նախագծում տեղական ուտեստների մասին տեղ գտած փոքրիկ էպիզոդները ինչ հետաքրքրություն ու արձագանքներ էին առաջացնում:
Ամեն ինչ փորձելու և սեփական օրինակով ցույց տալու Վարդանի սկզբունքը միշտ չէ, որ անհետևանք է մնում: Նա պատմեց, որ Կամբոջայում առողջական խնդիր է ձեռք բերել: «Այս ճանապարհորդությունը ճակատագրական էր ինձ համար: Երբ Կամբոջայում տեղացիներն ուտում են միջատեր, իրենց օրգանիզմի համար դա սովորական երևույթ է, մեզ համար՝ ոչ: Վերադառնալուց հետո ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա և երկարատև բուժում անցա: Ընտանիքս դեմ է, որ ես նման վայրեր գնամ, սակայն ինձ համար կարևոր է հեռուստադիտողներին հետաքրքիր նախագիծ ներկայացնել»,- ասաց երգիչն ու հավելեց, որ անընդհատ թռիչքների արդյունքում իր իմունիտետը բավականին թուլացել է:
«Իմ օրգանիզը շատ ճամփորդելուց նաև հոգնում է: Ես քնում եմ ինքնաթիռներում, ուտում շատ վատ սնունդ, անընդհատ կլիմա ու ժամային գոտի փոխում: 10 օրում 8 թռիչք եմ ունեցել, 3 երկրում 8 քաղաք այցելել ու առավոտից երեկո նկարահանումներ ունեցել շոգ ու կրակին»,- ասաց նա:
Անդրադառնալով իրեն երանի տվողներին՝ Վարդանը ժպիտով նկատեց, որ քչերը կդիմանային իր գրաֆիկին: «Հեռուստադիտողներին հաճախ թվում է, թե ես վայելում եմ ճամփորդությունները, սակայն «վայելել» բառը մեր ծրագրում բացարձակ չի գործածվում: Բավականին դաժան գրաֆիկով ենք նկարահանումներ անում: Ես կարող եմ հանգստանալ, եթե գնամ Ծաղկաձոր, 2 օր անջատեմ հեռախոսս ու վայելեմ հանգիստս, իսկ նկարահանումների ժամանակ չունեմ ժամանակ պառկելու, հանգստանալու, ինչ-որ վայր իմ հաճույքի համար գնալու համար: Չնայած դրան՝ ես իմ աշխատանքի ֆանատն եմ: Ընկալելով բոլոր բարդությունները՝ հաճույքով եմ անում այն: Ես գտել եմ այն, ինչ ինձ շատ հարազատ է»,- ասաց հաղորդավարը:
Զայրացած ու շատ հոգնած պահերին Վարդանին հանգստացնելու մի տարբերակ կա՝ rec: Այս արտահայտությունը լսելուց հետո նա մոռանում է բոլոր խնդիրների մասին ու ժպտում հեռուստադիտողներին․ «Երբ օպերատորներն ասում են՝ «մատոռ», որքան էլ հոգնած եմ, չքնած, ինչ-որ հարցից նյարդայնացած, սկսում եմ շատ ակտիվ խոսել, շփվել հեռուստադիտողների հետ, արդյունքում՝ մարդկանց մոտ տպավորություն է, թե լավ քնել եմ, հանգիստս վայելել ու մեկ ժամով եկել նկարահանման»:
2 տարի առաջ Tert.am Life-ին տված հարցազրույցում Վարդանն ասել էր, որ ավելի հավանական է, որ իր երկրորդ կեսին կգտնի արտերկրում և կնոջ ու երեխայի հետ կապրի Հայաստանից դուրս: Վարդանից հետաքրքրվեցինք՝ ճամփորդությունների ընթացքում սիրահարվե՞լ է:
«Իմ գրաֆիկն այնպիսին է, որ սիրահարավելու համար ժամանակ չի մնում: Բացի այդ, հիմա մոտեցումս է փոխվել: Մինչև մի քանի ամիս առաջ այդպես էի մտածում, սակայն հայրիկիս մահվանից հետո մտածողությունս փոխվեց: Հիմա ինձ համար ամենարհարազատ վայրը հայրիկիս գերեզմանն է, ուստի այլ երկրում բնակվելու, ամուսնանալու մասին չեմ մտածում: Ինձ համար ամենակարևորն իմ երկիրն ու ընտանիքիս անդամներն են: Սա ևս կյանքի փորձ էր, թե մեկ օրում ինչպես կարող է փոխվել քո պատկերացումը կյանքի մասին: Այն, ինչ ասում էի 2 տարի առաջ, այս պահին այլևս ակտուալ չէ»,- նկատեց նա:












