Netflix-ը Մեթյու Փերիի մասին վավերագրական ֆիլմ է թողարկում․ առաջին մանրամասները
1994-2004 թվականներին՝ 236 սերիայի ընթացքում, Մեթյու Փերին «Ընկերները» սիթքոմում մարմնավորեց Չենդլեր Բինգին՝ դառնալով հեռուստատեսության ամենասիրված կերպարներից մեկը։ Դերասանի կյանքը, սակայն, էապես տարբերվում էր էկրանային կերպարից։ Փերին տարիներ շարունակ պայքարում էր կախվածության դեմ և բացահայտ խոսում էր այդ դժվարությունների մասին։ Նա մահացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ 54 տարեկանում։
Նրա մահվան պատճառը թմրանյութերից գերդոզավորումն էր։ Այժմ նրա կյանքի մասին պատմում է «The One About Matthew Perry» եռամաս վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է դերասանի կյանքի մինչ այժմ չհրապարակված մանրամասները։ Ֆիլմի ռեժիսորը «Էմմիի» մրցանակակիր Մերի Ռոբերթսոնն է, իսկ պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 27-ին։
Վավերագրական ֆիլմում առաջին անգամ տեսախցիկի առաջ Մեթյու Փերիի մասին խոսում է նրա քույրը՝ Միա Փերի Բոուիկը։
Նա հոգեթերապևտ է և տարիներ շարունակ զբաղվել է կախվածության թեմայով։ Ֆիլմում օգտագործվել են նաև Փերի ընտանիքի անձնական արխիվից մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ և տեսանյութեր։

«Ժամանակ է պահանջվել, որպեսզի պատրաստ լինեմ կիսվել այս հիշողություններով և պատմել, թե ինչ էր նշանակում սիրել Մեթյուին՝ նրա կյանքի բոլոր բարդություններով։ Տեսնել նրան որպես ամբողջական մարդ, ոչ միայն որպես Չենդլեր և ոչ միայն որպես կախվածության դեմ պայքարող մարդ»,- ասել է նրա քույրը։ Նա ընդգծել է, որ Մեթյու Փերին իր կյանքում մեծ ազդեցություն է ունեցել։ «Մեթյուն ուներ գեղեցիկ սիրտ և առատաձեռն ոգի։ Նույնիսկ իր ամենամութ պահերին նա կարողանում էր ստիպել քեզ ծիծաղել և քեզ սիրված զգալ»,- նշել է Բոուիկը։
Ֆիլմում Փերիի մասին խոսում են նաև նրա ավելի քան 40 տարվա ընկերներ Ռոջեր Կաստիլյոն և Դեյվիդ Փրեսմանը, «Friends»-ի առաջին եթերաշրջանի սցենարիստ և պրոդյուսեր Ջեֆ Սթրաուսը, NBC Entertainment-ի նախկին նախագահ Ուորեն Լիթլֆիլդը, դերասան և Փերիի ընկեր Քևին Փոլաքը, ինչպես նաև նրա հետ աշխատած այլ դերասաններ, ռեժիսորներ ու ընկերներ։
Վավերագրական ֆիլմը պատմում է ոչ միայն Փերիի՝ որպես Չենդլեր Բինգի համաշխարհային ճանաչման մասին, այլև նրա անձնական կյանքի, ընկերությունների, կախվածության դեմ պայքարի և վերականգնման ճանապարհի մասին։ Ֆիլմի ռեժիսոր Մերի Ռոբերթսոնի խոսքով՝ հանրությունը մինչ այժմ ճանաչել է Փերիի պատմության միայն մի մասը։
«Մեթյու Փերին մեր ժամանակների կատակերգական հանճարներից էր։ Նա միլիոնավոր մարդկանց ստիպեց ծիծաղել, կապ հաստատել միմյանց հետ և իրենց մի փոքր ավելի քիչ միայնակ զգալ։ Նա մեզ շատ ավելին տվեց՝ համարձակորեն խոսելով կախվածության մասին։ Այս շարքով մենք ցանկանում ենք թույլ տալ նրան ճանաչած ու սիրած մարդկանց բացահայտել հանրային կերպարի հետևում թաքնված իրական մարդուն»,- ասել է Ռոբերթսոնը։
«The One About Matthew Perry»-ի երեք մասերը Netflix-ում հասանելի կլինեն հոկտեմբերի 27-ից։








