«Կորոնավիրուսը 26-ամյակս այնքա՜ն անմոռանալի դարձրեց»․ Սրբուկը՝ մեկուսացման պայմաններում իր տարեդարձի մասին
Երգչուհի Սրբուկն այսօր նշում է 26-ամյակը։ Տարեդարձի օրը պասիվ անցկացնելու միտքը երգչուհուն միայն սկզբում է անհանգստացրել, հետո սկսել է այլ դիտակետից նայել ստեղծված իրավիճակին ու հանգամանքներին։ Կյանքը վերաիմաստավորելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու և այս ընթացքում իր մյուս մտորումների մասին Սրբուկը պատմել է Tert.am Life-ին։
Նա ծիծաղելով նկատեց, որ տարեդարձի մասին պատմելու շատ բան չկա, քանի որ արդեն կանխատեսելի է, թե ինչ պայմաններում ու ինչպես է անցկացնելու օրը․ «Կնշեմ ընտանիքիս հետ, որովհետև բոլոր ընկերներիս հորդորում եմ տանը մնալ։ Նրանց առողջությունն ինձ համար կարևոր է, պետք է բոլորս ապահով լինենք։ Այս օրերը պետք է այնպես կազմակերպենք, որ հիշարժան դառնան։ Այսինքն՝ տանից տեսազանգի միջոցով կապվենք մեր ընկերների հետ, շփվենք ու հետաքրքիր օր ունենանք։ Վատահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։ Կորոնավիրուսը 26-ամյակս այնքա՜ն անմոռանալի դարձրեց։ Սա իր մեջ ինչ-որ հետաքրքիր խորհուրդ ունի, ու ես հաստատ այս տարեդարձս միշտ կհիշեմ։ Այն մարդիկ, ովքեր ապրիլին են ծնվել, թող չընկճվեն, այս ամենում լավ բան տեսնեն»։
Երգչուհին նշեց, որ այս ամենը հետաքրքիր խորհուրդ ունի, եթե այսպես ստացվեց, ուրեմն այսպես էր պետք։
Սրբուկի խոսքով՝ տարեդարձը տոնելու ծրագրեր է ունեցել, որոնք, բնականաբար, չեղարկվել են։
«Իհարկե, պահեր լինում են, երբ մտածում եմ՝ ախր տարեդարձիս հետ կապված ծրագրեր ունեի, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ուրեմն այսպես էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ պլանավորել էի ընկերուհուս հետ Վիեննայում նշել ծնունդս, վերադառնալուց հետո մյուս ընկերներիս հետ այստեղ տոնել։ Անհամբեր սպասում է, թե երբ է այս օրը գալու, սակայն ստացվեց այսպես՝ բոլոր ճանապարհները փակվեցին, ու ես բառիս բուն և մյուս բոլոր իմաստնրով մնացի տանը,- ժպիտով ասաց Սրբուկն ու հավելեց,- Հիմա փորձում եմ համակերպվել այս մտքի հետ, հոգեբանորեն ինձ տրամադրել լավին, որովհետև պահ է լինում, երբ, ամեն դեպքում, ինքս ինձ հակասում եմ»։
Երգչուհին ընտանիքի հետ մեկուսացել է, բոլորով հետևում են կարանտինի պահանջած կանոններին։ Սա, ըստ Սրբուկի, ժամանակը վերաիմաստավորելու և բացերը լրացվելու շրջան կարող է լինել։
«Այս ժամանակը, որը հիմա ունենք՝ նվեր է բոլորիս համար։ Պետք է օգտագործել հօգուտ մեզ, ոչ թե՝ ի վնաս։ Սրանից հետո մենք նորից ժամանակի պակասի խնդիր ենք ունենալու։ Հիմա ընթերցանությանն եմ բավականին ժամանակ հատկացնում։ Կարդում եմ այն գրքերը, որոնք ժամանակի սղության պատճառով կուտակվել էին, չէի հասցնում։ Հիշենք, որ մենք մինչ այս միշտ ունեցել ենք ժամանակի խնդիր։ Ամեն ինչ անենք, որ այս ամենից հետո մեր բնականոն կյանքին վերադառնանք շատ ավելի լիքը, նախկին բացերը լրացրած։ Հիմա վերաիմաստավորելու ժամանակ է։ Հիվանդությունն ու դրա հետևանքները շատ վատ են, բոլորս էլ ցանկանում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, սակայն մյուս կողմից սա հնարավորություն ու ժամանակ է մեզ համար»,- նշեց երգչուհին։
Եթե հոգեբանորեն Սրբուկն իրեն կարողանում է տրամադրել լավին, ֆիզիկապես ավելի բարդ է։ Ակտիվ կենսակերպին հաջորդած պասիվությունը նրան շատ է անհանգստացնում։
«Իմ աշխատանքն անմիջականորեն կապված է մարդկանց ու շփման հետ։ Ես բեմում եմ լինում, անմիջական կապի մեջ եմ իմ հանդիսատեսի հետ, մենք շփվում ենք ելույթների ընթացքում, դրանից հետո։ Օրգանիզմս չի համակերպվում այս պասիվությանը, էներգիաս չեմ սպառում։ Դժվար է համակերպվել, որ դեռ երկար ժամանակ բեմում չեմ լինելու, կենդանի նվագախմբի հետ չեմ աշխատելու ու չեմ ապրելու այն ամենը, ինչին սովորել եմ երկար տարիների ընթացքում»,- նշեց Սրբուկը։
Նա ասաց, որ այս ընթացքում մի շարք նոր հոբբիներ է ձեռք բերել․ «Պետք է ուղղակի տեսնել, թե ես տանը ինչ միջոցներով եմ փորձում էներգիաս դուրս հանել։ Զբաղվում եմ սպորտով, երաժշտություն եմ միացնում ու պարեր բեմադրում, երգում եմ, ձայնային վարժություններ անում։ Շատ դժվար է ինձ համար, որքան էլ փորձեմ դրական տրամադրվել։ Ես հիվանդանում եմ, երբ էներգիա չեմ ծախսում։ Իմ օրգանիզմն այդպես է արձագանքում պասիվությանը»։








