Հայկական սուպերհերոսի մասին առաջին կոմիքսի՝ «Վիշապ»-ի շնորհանդեսի մանրամասներն ու հայտնի հյուրերը
Բարու և չարի հավասարակշռությունը պահող կերպար, հետաքրքիր իրավիճակներ, անսպասելի լուծումներ. այս ամենը խոստանում է «Վիշապ» անունով հայ սուպերհերոսի մասին պատմող հայկական առաջին կոմիքսի ստեղծագործական խումբը:
Tert.am Life-ը ներկա է եղել «Վիշապ»-ի շնորհանդեսին, լուսանկարել հետաքրքիր դրվագները: Շնորհանդեսին ներկա էին դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ստեփան Ղամբարյանը, Արման Նշանյանը, ռեժիսոր-ամուսիններ Արշո Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը, «Compass Band»-ի տղաները:
«Վիշապի» գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանի խոսքով՝ հայ սուպերհերոս ունենալու միտքը ծագել է պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանի և Արման Միտոյանի մոտ, որից հետո նրանց միացել է «ArmComedy»-ի համեհեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը, ով էլ դարձել է կոմիքսի հեղինակը, իսկ նկարիչն Անդրանիկ Ասատրյանն է:

«Մեր երեխաները հայ սուպերհերոսի անհրաժեշտություն ունեն, առավել ևս, որ նրանք երկրպագում են օտար սուպերհերոսներին: Հարկ է նաև նշել, որ, ի վերջո, մեր առասպելներում էլ գերբնական ուժերը շատ են, մենք էլ հիմնվել ենք վիշապի ուժի գաղափարի վրա և դրանով օժտել մի երիտասարդի, որը բարի նպատակներով փորձում է օգտագործել այն,- ասաց նա և հավելեց, որ կոմիքսում բարձրացրել են հաշմանդության խնդիրը,- Կոմիքսում սուպերհերոսի մտերիմ ընկերն ունի նման խնդիր, սակայն ապրում է լիարժեք կյանքով, ավելին՝ օգնում է Վիշապին շատ հարցերում: Փորձել ենք ցույց տալ, որ ֆիզիկական սահմանափակումը չի կարող մարդուն սահմանափակել լիարժեք ապրել: Սա երեխաներին ուղղված հստակ հաղորդագրություն է»:
Կոմիքսի հեղինակն «ArmComedy»-ի համեհեղինակ և վարող Նարեկ Մարգարյանն է, ով նաև վարում էր միջոցառումը: «Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն է: Նրա կյանքում պարբերաբար տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հետևանքով ինքն իրեն դժբախտ է համարում: Այդ դժվարություններին դիմակայելու հարցում նրան օգնում է մտերիմ ընկերը՝ Գոռը, ով ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է սայլակով:

«Իհարկե, համաշխարհային ճանաչում ունեցող սուպերհերոսները շատ են, նրանց առաջմղման համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ, սակայն մեր հայ «Վիշապ»-ը նույնպես մրցակցային է, քանի որ այն կարդալիս երեխաները հասկանալու են, որ սուպերհերոսը մեզանից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝ Կասկադում, սուպերհերոսի խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ոչ թե Սարդ-մարդու խնդիներն են: Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև հերոսի հետ նույնականացումն ավելի հեշտ է ստացվելու»,-ասաց Նարեկը:
Դավիթը հավելեց, որ հայ սուպերհերոսը սիրվելու մեծ հնարավորություն ունի: «Վիշապը մեզանից մեկն է, նրա խնդիրները մեզ խորթ չեն, հենց այս ամենի շնորհիվ էլ կարծում եմ, որ նա կսիրվի: Մենք մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ նա մասսայական դառնա: Ըստ իս՝ կոմիքսը կարող է լինել ամանորյա հրաշալի նվեր, ի վերջո, սա կլինի նաև աջակցություն հայ արտադրողին: Թիրախային լսարանը, իհարկե, երեխաներն են, սակայն քիչ չեն կոմիքսի սիրահարները նաև մեծահասակների շարքում: Կոմիքսի սիրահարները լավ գիտեն, որ այս ձևաչափը շարունակական է լինում, այս թողարկումը կոչվում է «Տուրբո կնոջ հարձակումը», պատմությունն ավարտուն է, սակայն այլ զարգացումներ կլինեն հետագա թողարկումներում»,- նկատեց Դավիթը և հավելեց, որ կոնկրետ ժամկետներ նշել դեռ չի կարող:
























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







