«Նոր տարվա կինո». Ելենա Արշակյանը սկսել է նոր ֆիլմի նկարահանումները

13:36 • 12.06.24

Ռեժիսոր Ելենա Արշակյանն աշխատում է նոր գեղարվեստական ֆիլմի վրա՝ «Նոր տարվա կինո», որը հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են, ռեժիսորի խոսքով՝ կտևեն մինչև աշուն:

«Ֆիլմի գաղափարը իմ ու Անահիտի մտքում էր դեռ 3 տարի առաջ: Երկար ենք աշխատել սցենարի վրա ու հիմա մեկ քայլ ևս մոտեցանք մեր երազանքին: Այս ֆիլմը մեզ համար երազանքի նման մի բան էր, ուզում էինք ստեղծել ֆիլմ հենց այս սցենարով, ուղերձով և գաղափարով, որը դրվել է ֆիլմում:

Առայժմ շատ մանրամասներ չենք կարող պատմել, բայց սա կարևոր ու պատասխանատու աշխատանքն է, որտեղ իրեն կգտնի յուրաքանչյուր հայ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը: 

Երբեք, երբեք մի դադարել երազել: Հենց սա են ասում ֆիլմի հերոսները, երազանքները իրականանում են և ամենաանհավանական պահերին:

«Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս, որ ճշմարիտը, ազնիվը հաղթում է: Դերասանական կազմին առայժմ չենք բացահայտում, բայց հավաքվել են դերասաններ, որոնք մեր գաղափարակիցներն են, որոնք կրում են նույն երազանքը, ինչպես մեր ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ:

 Շնորհակալ եմ իմ դերասաններին, որ օգնում են իրագործել երազանքներ, այս դեպքում իմ ու Անահիտի երազանքը:  Չափազանց հուզված ենք աշխատում, մենք նկարահանում ենք մեր կյանքի կարևոր աշխատանքը»,- նշեց Ելենա Արշակյանը: 

 Նրա խոսքով՝ նկարահանումները լինելու են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ներկայացվելու է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և մյուս մազրերի կոլորիտը, բարբառը, հումորները:

«Հատկանշական է, որ դերասանները, որ ընդգրկված են ֆիլմում ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը:  Նախագիծը շատ անակնկալներ է խոստանում, այստեղ կտեսնեք մարդկանց, որ երբեք չէինք հանդիպի նման ժանրում»,- ամփոփեց ռեժիսորը:

 Հեղինակ՝ Անի Մնացականյան