«Ֆիլմը մեր մասին է, շատ իրական, այն հրաշքի գոյության մասին է». Անահիտ Կիրակոսյանն ու Գրետա Մեջլումյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում

12:37 • 27.08.24

«Կարևոր չէր, թե այս նախագծում ինչ կերպար էի մարմնավորելու, որովհետև, երբ Ելենա Արշակյանն ինձ պատմեց ֆիլմի գաղափարի մասին, այն եզակի դեպքերից էր, որ ես չեմ հարցրել՝ ինչ եմ խաղալու: Ասացի՝ ես այս ֆիլմու կլինեմ, ինչ կերպար ուզում է լինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում մարմանվորում է լրագրողի կերպար: Դերասանուհին խոստովանում է, որ սցենարն այնքան տպավորիչ է, որ կարդալուց չի կարողացել թաքցնել հուզմունքը:

«Ընթերցանությունն ավարտվել է և ես ուղղակի բարձրաձայն, հոնգուր-հոնգուր լաց եմ եղել: Նման դեպք չեմ հիշում, որ սցենարը կարդամ ու հուզվեմ: Ֆիլմը շատ մեր մասին է, շատ իրական, դրա հետ մեկտեղ հրաշքի գոյության մասին է, երազանքին հավատալու, ու, երբ դիմացինի երազանքը դառնում է նաև քոնը», -նշեց Անահիտը:

Նրա խոսքով՝ ֆիլմի շնորհիվ ծանոթանալու ենք Հայաստանի մարզերի հետ, բացահայտելու դրանց կոլորիտն ու բարբառները:

«Մենք հաճախ ֆիլմեր ենք նայում, որոնք ամերիկյան կամ եվրոպական ստանդարտներով են նկարվում, իսկ այս ֆիլմը մեր մասին է: Ես՝ որպես լոռեցի, բնականաբար, կապ ունեմ Լոռվա մարզի հետ: Կերպարս շատ փոքր է, ֆիլմի գլխավոր հերոսներին է լրացնում, բայց հաճույքով եմ նկարահանվել: Շատ դրական ու լավ մթնոլորտում են անցել նկարահանումները՝ ֆիլմին հատուկ դժվարություններով (դրսի տեսարանների հետ կապված): Բայց այդ դժվարությունների մեջ այնքան ջերմություն կար, ու պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում, որ չի կարող լավ գործ չստացվի»,- ասում է դերասանուհին: Ֆիլմի համ ու հոտն ըստ նրա՝ Լիանա Վանոյանն է` իր կերպարով. «շատ զվարճալի էր կադրից դուրս էլ նրա հետ գտնվել նկարահաման հրապարակում»:

Անահիտ Կիրակոսյանը խոստովանեց, որ, եթե անգամ չնկարահանվեր այս ֆիլմում, միևնույն է՝ անպայման կգնար այն ընտանիքով դիտելու:

«Ինձ համար անսպասելի էր Ելենայի առաջարկը, մտածեցի, իմ տարիքի համաձայն՝ տատիկ եմ խաղալու: Ելենան ասաց. «Ոչ, տիկին Մեջլումյան, տատիկի դեր չեք խաղալու, շատ հետաքրքիր, էքստրավագանտ դեր եմ տալու՝ կոմիկական երանգներով»:

Ես ծիծաղեցի ու ասացի՝ «չեմ կարող»: Բայց նա պնդեց, որ կարող եմ: Պարզվեց նա ինձ ավելի լավ էր ճանաչում, քան ես ինքս»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհի Գրետա Մեջլումյանն, ով ևս ներգրավված է ֆիլմում:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումների ընթացքն անցել է շատ հետաքրքիր, իսկ երիտասարդների հետ աշխատելը նրա համար գերագույն հաճույք էր:

«Նկարահանումների ընթացքում ես հասկացա, թե Ելենան որքան լավ է ճանաչում իր ընտրած դերասաններին, այդ առումով նա հոգեբան է: Նա ժպիտը դեմքին, բոլորի հետ մարդկային, ուշադիր, նրանից երբեք չես զգա նման վերաբերմունք՝ «ես տերն եմ այս ֆիլմի, ինձ պետք է ենթարկվեք»»,- անկեղծացավ դերասանուհին, ու նշեց, որ իր մարմնավորած կերպարը տարիքով իրենից բավական երիտասարդ կին է, ով ոտքից գլուխ սիրահարված է թատրոնին:

Գրետա Մեջլումյանի բնորոշմամբ՝ ֆիլմում և՛ թախիծ կա, և՛ հումոր, և՛ ռոմանտիկա, և՛ երազանք: Ըստ դերասանուհու՝ Ֆիլմում շատ են անսպասելի իրադարձությունները:

«Ելենան շատ հետաքրքիր էքսկուրս է կատարել, ֆիլմը Հայաստանի տարբեր մարզերում է նկարահանվել, մարդիկ չեն ձանձրանա ու ժպիտով կնայեն: Ինձ համար շատ հաճելի էր լինել նման մթնոլորտում: Ամեն ինչ շատ ճիշտ կազմակերպված էր, և՛ տեխնիկական, և՛ ստեղծագործական առումով: Բոլորը համախմբված ու նվիրված աշխատեցին: Պրոֆեսիոնալ թիմ էր, և ես վստահ եմ, որ ֆիլմը հաջողություն կունենա»,- ամփոփեց Գրետա Մեջլումյանը:  

Հիշեցնենք, Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ն հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: Ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնի ու սիրված դեմքեր, որոնց դեռ շարունակելու ենք բացահայտել:

Հեղինակ՝ Անի Մնացականյան