«Ապրումներս աննկարագրելի են, շատ եմ լարվում». Ռոզի Ավետիսովան՝ այսօր սպասվող պրեմիերայի ու բարդ դերի մասին
«Ապրումներս աննկարագրելի են, ամեն առաջնախաղից առաջ շատ եմ լարվում, քանի որ առաջին անգամ ես հանձնում աշխատանքդ հանդիսատեսի դատին»,- խոսելով «Թատրոն տանիքում»-ում այսօր սպասվող պրեմիերայի մասին՝ Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Աշնան առաջին պրեմիերան՝ «Կամելիազարդ տիկինը» Ալեքսանդր Դյումա որդու ամենահայտնի ստեղծագործության բեմադրությունն է:
Գլխավոր հերոսուհին՝ Մարգարիտան, ում մարմնավորում է Ռոզի Ավետիսովան, սիրում էր կամելիաներ, քանի որ դրանք հոտ չունեն, խաղող շաքարի մեջ, քանի որ դրանք համ չունեն, և հարուստ տղամարդկանց, քանի որ նրանք անսիրտ են: Այնուամենայնիվ, զգացմունքներից փախչելու ցանկության ետևում թաքնված էր փխրուն հոգի, որը փափագում էր իրական սիրո:
«Մոտ 40 օր ենք աշխատել գործի վրա, շատ կարճ ժամկետներում, բայց կարծում եմ, ինտենսիվ աշխատանքի շնորհիվ վերջնական արդյունքն այնպիսին է, ինչպիսին բոլորս ակնկալում էինք: Ամեն օր 6-7 ժամ աշխատել ենք նյութի վրա, դաժան շրջան է եղել օգոստոսը»,- պատմեց դերասանուհին: Նրա խոսքով՝ դերի առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն Շողերից, բայց գաղափարը, որ «Կամելիազարդ տիկին» բեմադրվի, եղել է իրենը:
«Սա իմ 4-րդ ներկայացումն է տանիքում, սովոր եմ արդեն այս ֆորմատին և օտարություն չեմ զգում, պարզապես դժվար է դասական գործերը տանիքում ռեալիզացնել: Շատ բաներ տարածքը թույլ չի տալիս, բայց երբեմն էլ հետաքրքիր լուծումների հնարավորություն է տալիս, եթե ռեժիսորը ստեղծագործող է: Օգտագործել ենք տանիքի բոլոր հնարավոր կողմերը, որպեսզի ստանանք այն, ինչ ուզում ենք»:
Դերասանուհու խոսքով՝ «Կամելիազարդ տիկինը» դասական թատրոնում և այս բեմում լիովին տարբեր են: «Կարծում եմ՝ հանդիսատեսին շատ կհետաքրքրի հենց այս ֆորմատի մեջ: Այս գործն ու հերոսուհուն առանձնահատուկ սիրում էր իմ լուսահոգի վարպետը՝ Վահե Շահվերդյանը, և հատկապես իր մահից հետո ես շատ մեծ ցանկություն ունեցա խաղալ մի բան, ինչը ինքը շատ էր սիրում և շատ կուզեր ինձ այդ դերում տեսնել: Առաջ մղող պատճառը դա է եղել, որ հենց այս գործն եմ ընտրել: Թեև նմանատիպ հերոսուհիների շատ բարդ ու հետաքրքիր է խաղալ»,- անկեղծացավ Ռոզի Ավետիսովան:
Ամփոփելով նա նշեց, որ ողջ ստեղծագործական կազմը՝ ռեժիսոր Մհեր Զաքարյանի գլխավորությամբ շատ բարդ ու սիրուն աշխատանք է տարել: Ու մենք՝ բոլորս երեխայի պես հավատում էինք այն ամենին, ինչ անում էինք: Թիմում բոլորն իրենց տեղում են, մեկը մյուսին օգնում ու լրացնում են ամբողջությամբ:.jpg?1725626727364)
Հեղինակ՝ Անի Մնացականյան







