«Գիտունոիդ»-ի նոր եթերաշրջանն ու սպասվող անակնկալները

11:41 • 28.04.25

Արմենիա հեռուստաընկերությունը հայկական հեռուստաեթերում առաջին անգամ ներկայացրեց նոր ձևաչափ՝ «Գիտունոիդ» առաջին հայկական գիտքոմ: Սիթքոմը կարճ ժամանակում դարձավ դպրոցականների հեռուստաընկերն ու երեխաներին կտեղափոխեց անիմացիոն աշխարհ:

Այսօր՝ ապրիլի 28-ին կմեկնարի «Գիտունոիդ»-ի 2-րդ եթերաշրջանը: 

Այս եթերաշրջանում «Գիտունոիդ»-ի թիմին է միացել դերասան Ալեքսանդր Արզումանյանն, ով սիթքոմում մարմնավորում է Առնոյին:

«Մի փոքր անհաջողակ, ընկերների հետ դժվար լեզու գտնող կերպար է: Սիրում է գլխավոր հերոսուհուն՝ Գիսանեին:

Մեր հանդիսատեսը երեխաներն են ու դա շատ պարտավորեցնող է: Հուսով եմ՝ հեռուստադիտողը կհավանի կերպարս»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:  

Նրա խոսքով՝ կարևոր է, որ բացի հետաքրքիր անիմացիոն հատվածներից, սիթքոմում կան նաև ուսուցողական հատվածներ:

Այս եթերաշրջանում Լիլիթ Թոխատյանի կերպարը՝ Գիսանեն շարունակելու է լինել ընտանիքի լավ սովորողն ու գերազանցիկը:

«Գործողություններն ավելի շատ դպրոցում են ընթանում: Գիսանեին հեռուստադիտողն այս եթերաշրջանում ավելի շատ կտեսնի դպրոցում ու ընկերական շրջապատում: Քանի որ Առնոն սիրահարվում է Գիսանեին,  հետաքրքիր հարաբերություններ ու նոր զարգացումներ են սպասվում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Թոխատյանն, ում կարծիքով՝ այս եթերաշրջանն ավելի հետաքրքիր ու սպասված է լինելու հեռուստադիտողի համար:

Լիլիթ Թոխատյանը խոստովանեց, որ նկարահանման հրապարակում ռեժիսորից ու գործընկերներից շատ բան է սովորում:

«Գլխավոր հերոսներից մեկը L17-ն է, որն ուրիշ մոլորակից եկել էր մեր մոլորակ և 1-ին եթերաշրջանի ավարտին իր աստղաթիռով հետ գնաց: 2-րդ եթերաշրջանում սպասվում են անակնկալներ: Մի խոսքով՝ տարբեր անակնկալներով ու արկածներով լի եթերաշրջան է լինելու»,- ասաց գլխավոր հերոսին մարմնավորող Մհեր Գրիգորյանը:

«Հետաքրքիր ու արկածային իրադարձություններ են սպասվում: Նախորդ եթերաշրջանն ավելի շատ պատմում էր սիթքոմի մասին, իսկ հիմա ավելի շատ իրադարձությունների վրա է հիմնված: Ընթացքը բավականին հետաքրքիր է, շատ գաղտնիքներ են բացահայտվելու, ինչը հեռուստադիտողին ավելի կգրավի»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասան Արմեն Ղամբարյանը:

Դերասանուհի Սաթիկ Հազարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ նախորդ եթերաշրջանում ունեցել է 2 նկարահանման օր, իսկ մինչ այդ՝ «Ազիզյաններ»-ից հետո թատրոնում զբաղվածության պատճառով որևէ սիթքոմում չի նկարահանվել:

«Այս սիթքոմում երեխաների հետ եմ աշխատում, արդեն ընկերներ ենք դարձել: Նրանց հետ շատ հետաքրքիր ու հեշտ է աշխատել, բացի այդ ես նրանցից շատ բան եմ սովորում: Շատ անմիջական են ու այսօրվա շնչով:

Շատ ուրախ եմ, որ որպես ռեժիսոր աշխատում եմ Կարեն Ամյանի հետ: Եթե լավ տրամադրությամբ չես գալիս նկարահնման հրապարակ, ինքը անմիջապես քո կերպարն է բերում առաջ, հիշեցնում է ով ես դու, թույլ չի տալիս, որ վրիպես:

Ես մարմնավորում եմ ընկեր Ադամյանին, ով այս եթերաշրջանում դարձել է դպրոցի տնօրեն»,- պատմեց դերասանուհին:

Դերասանուհի Տաթև Պետրոսյանը սիթքոմում մարմնավորում է անգլերենի ուսուցչուհուն՝ Միսս Մերիին:

«Մի քիչ էքսցենտրիկ ու դրական կերպար է: Սիթքոմն առհասարկ շատ դրական է, վատ կերպարներ չունենք: Բոլորը սիրով են գալիս նկարահանման, թիմը շատ լավն է»,- նշեց դերասանուհին, ում 2-րդ փորձն է սիթքոմում:

Մինչ այդ նա նկարահանվել է «Սրտի Վալետ» սիթքոմում:

«Սիթքոմն ինտրիգային հանգուցալուծում է ունենալու»,- ամփոփեց դերասան Մհեր Գրիգորյանն ու հորդորեց հեռուստադիտողին դիտել այն մինչև վերջ:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Գիտունոիդ»-ի նոր եթերաշրջանն ու սպասվող անակնկալները