Ինչու էր մեկուսացել Էլվինա Մակարյանն ու ինչպես էր հաղթահարում կյանքի բարդ ու դրամատիկ փուլերը. «Երկաթ ծամեմ». պրեմիերա՝ Մհեր Մկրտչյան թատրոնում
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կայացավ «Երկաթ ծամեմ» վավերագրական ներկայացման պրեմիերան, որը պատմում է հայտնի երգչուհի Էլվինա Մակարյանի կյանքի դրամատիկ պատմությունը:
Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ հեղինակների կողմից և հիմնված է երգչուհու կյանքի իրական պատմության վրա։
Նախագծի հեղինակները խոստովանում են՝ անհնարին թվացող բարդ էր ու պատասխանատու անել Էլվինա Մակարյանի մասին ներկայացում:
Պրդյուսերը Էդվարդ Մխիթարյանն է, բեմադրիչը՝ Նադեժդա Իսրաելյանը, պիեսի հեղինակը Անահիտ Ղազարյանն է, երաժշտությունը՝ Հայկ Կարոյի:
Ներկայացման հերոսներին մարմնավորում են դերասաններ Լուսինե Ավանեսյանը, Դիանա Ռազիելը, Թելման Խաչատրյանը, Մարի Գրիգորյանը, Անդրանիկ Աբրահամյանը և Ժիրայր Օհանյանը: Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ:

«Չափազանց պատասխանատու աշխատանք էր ոչ միայն հանրության առջև, այլ՝ հենց իր: Ես շատ սիրում եմ իր ստեղծագործությունները, իր երգերը հաճախ եմ լսում: Ամեն կերպ փորձել ենք մնալ հավատարիմ իր աշխատանքին, իր փիլիսոփայությանը: Ինչպես ինքը խիզախեց ու փորձեց անել նորը, մենք ևս մեր աշխատանքով ցանկացել ենք անել նոր բան: Հենց դա դարձավ ոգեշնչում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ներկայացման ռեժիսոր Նադեժդա Իսրայելյանը:
Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսն անհամբեր սպասում է էլվինայի հետ հանդիպմանը, բայց հանդիպումն այդպես էլ չի կայանում՝ դրանով ավելի ինտրիգային դարձնելով և անսովոր ու խառը էմոցիաներ փոխանցելով:

«Աշխատանքը դերասանների հետ շատ հետաքրքիր էր, քանի որ մենք խոսում էինք մի անձի մասին, ում մեծ մասը գիտեին ու սիրում էին, ու նաև հենց իրենց հանդեպ կար պատասխանատվության զգացողություն:
Ներկայացումը Էլվինա Մակարյանի մասին է, բայց նաև ամեն մի կերպարի, ով ուղիղ և ոչ ուղիղ կապ է ունեցել Էլվինայի հետ»,- նշեց բեմադրիչը:

Պիեսի հեղինակ Անահիտ Ղազարյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ դոկումենտալ ներկայացման հիմքում ընկած է հետազոտական մեծ աշխատանք և նյութի հավաքագրում:
«Հանրային գրադարանի մատենագիտության բաժնում փնտրեցինք և գտանք մամուլի անդրադարձը՝ ամբողջ ստեղծագործական ընթացքը, որ ունեցել է Էլվինան վաղ շրջանից մինչև մահ:
Այսինքն, թե ինչպես է մամուլն անդրադարձել իրեն, ու հետաքրքիր էր տեսնել այդ զարգացումները՝ ո՞նց է մամուլի անդրադարձը գնալով մեկ էլ քչանում ու լռում, ու հանկարծ հայտնվում է Էլվինայի մահվան մասին լուրը:
Նյութի հավաքագրման ժամանակ հարցազրույցներ ենք ունեցել նրան ճանաչած, նրա հետ աշխատած մարդկանց հետ:
Շատ կարևոր է եղել Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը Էլվինայի հետ, որը շատ կարևոր հիմք է հանդիսացել պիեսը գրելու համար»,- պատմեց Անահիտ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ շատ օգնել է նաև հանրային ռադիոյից գտած մի հետաքրքիր հարցազրույց, որը ոչ մի տեղ հրապարակված չի եղել:
Էլվինա Մակարյանի կյանքի դրամատիկ դրվագներից ստեղծագործական թիմն ընտրել է երգչուհու կյանքի 2-3 տարին, երբ նա տնային կալանքի տակ էր:

«Որպես պաշտոնական որոշում տնային կալանք չի եղել, բայց եղել է մեկուսացում, երբ նրան արգելել են գնալ աշխատանքի ռադիոյում:
Մենք վերցրել ենք նրա կյանքի այն բեկումնային կետը, այսինքն՝ մինչև Ամերիկա գնալը և ներկայացրել ենք Ամերիկա գնալու դրդապատճառը»,- ամփոփեց պիեսի հեղինակը:
Հաջորդ ներկայացումը կկայանա հունիսի 8-ին՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում:












Լուսանկարիչ՝ Դանիլ Պրիմակ











