«Հայ ֆեստ» 2025-ը մեկնարկեց․ պետբյուջեից 8 միլիոն, քաղաքապետարանից՝ 16 միլիոն դրամ աջակցությամբ Երևանը 1 շաբաթ կունենա թատերական տոն

11:03 • 02.10.25

Հոկտեմբերի 1-ից 8-ը Երևանում մեկնարկեց ամենամեծ թատերական փառատոնը՝ «Հայ ֆեստ»-ը, որն այս տարի ևս խոստանում է զարմացնել թե՛ մասնագետներին, թե՛ լայն հանդիսատեսին իր բազմազան ու տեխնիկապես հագեցած ծրագրով։

Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնի բացման արարողությանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:

«Հոկտեմբերի 1-ից 8-ը «Հայ Ֆեստ»-ը նորից կզարմացնի բոլորին։ Բացում ենք չինացի արվեստագետների ժամանակակից պարով․ դա շքեղ ու տեխնիկապես հագեցած ներկայացում է։ Հունգարիայից կլինի PR Revolution թատրոնի աշխատանքը, կտեսնենք նաև մոնոներկայացումներ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից։ Վերջինս կմիավորի կրկեսային շարժում, մնջախաղ և հանդիսատեսի ինտեգրում բեմական գործողությանը»,- ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրության են արժանի նաև բացօթյա ծրագրերը․
«Հոկտեմբերի 5-ից 8-ը Կարապի լճում կցուցադրվի Sacred Places թատերախմբի պրոյեկցիոն շոուն Բելգիայից, որտեղ ջրի կաթիլները կդառնան էկրան՝ ստեղծելով եզակի «վաու էֆեկտ»։ Իսկ հոկտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա, Նիդեռլանդների Bench Theatre-ը կներկայացնի պար պատի վրա․ Երևանի համար սա աննախադեպ փորձ կլինի»,- վստահեցրեց Ղուկասյանը:

Փառատոնի կրթական բաղադրիչին ևս մեծ տեղ է տրված․ նախատեսված են կլոր սեղան քննարկումներ ժամանակակից կատարողական արվեստի խնդիրների շուրջ։

Ղուկասյանը նշեց, որ այս տարի Հայաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը փառատոնին հատկացրել է 8 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանը՝ 16 միլիոն դրամ, ինչը, ըստ նրա, կարևոր աջակցություն է միջազգային մեծամասշտաբ միջոցառման կայացման համար։

Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի