Գոռ Հակոբյանն և Քրիստինա Եղոյանը զուգերգ ունեն. գունեղ տեսահոլովակի առաջին կադրերը

15:54 • 20.06.18

 

Գոռ Հակոբյան–Քրիստինա Եղոյան դերասանական զույգին լսարանը ծանոթ է, շուտով հանդիսատեսը նրանց կտեսնի նոր ամպլուայում։ Երգիչները զուգերգ ունեն, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են նկարահանել։ Նոր աշխատանքի առաջին կադրերը Գոռն ու Քրիստինան տրամադրել են Tert.am Life–ին ու պատմել համագործակցության մասին։

 

Թե՛ Քրիստինան, թե՛ Գոռն առաջին անգամ են ներկայանում զուգերգով։ Համագործակցության առաջարկը նրանք ստացել են պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից։

 

«Մոտ մեկ տարի է, ծրագրում էինք զուգերգ անել Քրիստինայի հետ, բայց հարմար երգ չկար»,– ասաց Գոռը, որը, ի վերջո, առաջարկել է համապատասխան երգ` հեղինակելով «Ամառ ա» կոչվող ստեղծագործությունը։ Գոռի գնահատմամբ` իրենց համագործակցությունը ստացված է, սակայն վերջնական գնահատականը կտա լսարանը։

 

 

«Երգը ռեգետոնի ռիթմերի մեջ է` պարային, տաք ու էներգետիկ։ Կանգ առանք այն երգի վրա, որը մաքսիմալ համապատասխան էր մեզ։ Կարծում եմ` մեր համագործակցության արդյունքը հետաքրքիր կլինի։ Գոռի հետ նկարահանման հրապարակում աշխատելու փորձ ունենք։ Երգի դեպքում էլ համագործակցությունը հեշտ ստացվեց»,– ասաց Քրիստինան, Գոռն էլ նշեց, որ ինքը մարդկանց հետ հեշտ է աշխատում, դա բնավորություն է։

 

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Գոռը հայտնեց, որ սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա։ «Գունավոր, ուրախ տեսահոլովակ է լինելու։ Նկարահանումներն իրականացրել ենք Երևանից դուրս։ Մի ամբողջ օր, հագեցած գրաֆիկով աշխատեցինք։ Շատ բան պատմել չեմ ուզում, քանի որ պրեմիերայից հետո կերևա արդյոք ամեն բան ճիշտ ենք արել»,– ասաց երգիչն ու նկատեց, որ այս անգամ նկարահանումներն անցել են առանց միջադեպերի։

 

Քրիստինան էլ հավելեց, որ տեսահոլովակը հագեցած է ամառային բարձր տրամադրությամբ։ Երգչուհին նշեց, որ ինչպես յուրաքանչյուր երգի դեպքում, այս անգամ ևս իր ակնկալիքը մեկն է` արժանանալ հանդիսատեսի գնահատականին։