«Գլուխներս բարձր կարող ենք ասել, որ Հայկոյի ստեղծագործություններն արժե փոխանցել հաջորդ սերունդներին». Հրաչ Քեշիշյանը՝ «Սիմֆոնիկ Հայկո» համերգի մասին

13:17 • 30.07.25

Օգոստոսի 31-ին, Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանում կկայանա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ նվիրված սիրո հավերժ երգչի՝ Հայկոյի հիշատակին:

«Գլուխներս բարձր կարող ենք ասել, որ Հայկոյի ստեղծագործություններն արժե փոխանցել հաջորդ սերունդներին:

Հիմնադրամի ֆոնդը դեռևս չունի այնպիսի հզորություն, որ կարողանա անել շատ մեծ ծրագրեր, բայց մենք մեծ հույս ունենք, որ ֆոնդը մի օր կդառնա նաև ուսուցողական հարթակ, կունենա այնքան ֆինանսական և ռեսուրսային հզորություն, որ կկարողանա իր շուրջ հավաքել երիտասարդ ստեղծագործողների, իրականացնի դասընթացներ: Դանդաղ, բայց առանց ֆանատիզմի գնում ենք առաջ»,- Առաջին ալիքի եթերում նշել է «Հայկո Հակոբյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Անդրադառնալով «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 2-րդ համերգին՝ ռեժիսորը նշել է, որ գեղեցիկ աստղաբույլ է հավաքվելու, ինչպես նաև կերգեն նոր, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:  Համերգին մասնակցելու են Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Բրյունետը, Սեդա Սեյրանյանը, Ներսես Ավետիսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլք: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝
Սերգեյ Սմբատյան): Համերգի ժամանակ սպասվում է երգի պրեմիերա: