«Ազիզյանների ընտանիքը վերադառնում է իր բոլոր խենթություններով ու փոքրիկ դրամաներով, այս անգամ՝ կենդանի շփմամբ ու անսպասելի հումորով». Սաթենիկ Հազարյան
«Գաղափարը Հայկ Մարությանինն է։ Շատ պարզ, առանց քննարկումների․ մի օր ասաց՝ «Ազիզյանները պետք է լինի ներկայացում»»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Սաթենիկ Հազարյանը:
Նրա խոսքով՝ բոլորն այնքան կապված էին այդ ընտանիքի հետ, որ կարոտն արդեն զգացվում էր։
«Երբ առաջին անգամ կրկին հավաքվեցինք փորձի համար, զգացողությունն այնպիսին էր, կարծես ոչ մի օր չէր անցել։ Ժամանակն էր, որ էկրանին ծնված այդ աշխույժ ընտանիքը շնչեր բեմի վրա։ Թատրոնը մեզ հնարավորություն է տալիս զգալ կենդանի արձագանքը՝ իրական ծափահարությունները։
Երբեմն թվում է, թե ոչ թե ներկայացման ենք պատրաստվում, այլ նոր հիշողություններ ենք ստեղծում։ Փորձերի ժամանակ կա մի կախարդական պահ, երբ կերպարը միանգամից սկսում է «շնչել», այլևս չենք մտածում, որ դեր ենք խաղում․ ուղղակի ապրում ենք նրա կյանքով: Որքան էլ հոգնած լինենք, գնում ենք փորձերի, ու կես ժամ անց բոլորս արդեն լցված ենք էներգիայով։ Թատրոնը հենց դա է՝ կենդանի շփում, վարակիչ ծիծաղ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Խոսելով սյուժեի ու կերպարների մասին՝ Սաթիկ Հազարյանը նշեց, որ կերպարները նույնն են․
«Մեր սիրելի Ազիզյանների ընտանիքը վերադառնում է իր բոլոր խենթություններով ու փոքրիկ դրամաներով։ Բայց, իհարկե, նոր իրավիճակներ կան, նոր փորձություններ: Մեկը փորձում է ամեն ինչ վերահսկել, մյուսը՝ փրկել, երրորդը՝ խառնվել բոլորի գործերին»,- պատմեց մեր զրուցակիցը:

«Ազիզյաններ»-ի ո՞ր ֆորմատում եք ավելի լավ զգում՝ ֆիլմու՞մ, թե՞ բեմում, հարցին դերասանուհին արձագանքեց.
«Ֆիլմում ամեն ինչ շատ հաշվարկված է՝ կադր, լույս, տեքստ, ռեժիսորական ուղղություն։ Իսկ բեմում… բեմում դու մի շնչով ես ապրում։ Հանդիսատեսի հետ կապը շատ անմիջական է։ Երբ լսում ես ծիծաղը կամ զգում ես լուռ ուշադրությունը՝ դա էներգիա է, որը քեզ մղում է առաջ։ Կասեմ անկեղծ՝ բեմը շատ եմ սիրում։ Այն ազատություն է տալիս, իսկ «Ազիզյանները» հենց ազատության, սիրո ու մի քիչ խենթության պատմություն է»:














