Radio Comedy Armenia. երբ խցանումները դառնում են ծիծաղելի. հայկական առաջին հումորային ռադիոն եթերում է
Քոմեդի ռադիո՝ երկարացնում ենք կյանքը, կարճացնում ենք ճանապարհը։
Քոմեդի ռադիո՝ այստեղ ոչ ոք ձևական չի ծիծաղում։
Քոմեդի ռադիո՝ որպեսզի ձեր տրամադրությունը ավելի բարձր լինի, քան տաքսու սակագինը...
Այս կարգախոսով արդեն եթերում է հայկական առաջին հումորային ռադիոն՝ Radio Comedy Armenia-ն՝ 99.7 FM հաճախականությամբ։
«Հաճելի երաժշտություն, անսպառ անեկդոտներ և բարձր տրամադրություն․ Radio Comedy Armenia-ի նպատակն է հավաքագրել մեր լսած բոլոր հայկական անեկդոտները և հնչյունային ձևավորման միջոցով դրանք դարձնել առավել գրավիչ՝ ստեղծելով հայկական անեկդոտների յուրօրինակ գանձարան։ Մեր առաջնային նպատակներից է նաև ձևավորել հումորիստների լավագույն ֆրազների ոսկե ֆոնդ։ Ապագայում լավագույն անեկդոտների սցենարներով կստեղծվեն մուլտֆիլմեր։ 99.7՝ մեզ հետ ուրախ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր և հաղորդավար Արտակ Վարդանյանն ու հավելեց, որ նախագիծն իրակականցնում են 3-ով՝ Սիփան Քարամյանի և Ռաֆյել Ջալալյանի հետ միասին:

Նրա խոսքով՝ այս պահին ռադիոն մարդկանց առաջարկում է ամենակարևորը․ լավ տրամադրություն՝ հատկապես խցանումների ժամանակ։
«Գիտենք, որ խցանումները այսօր ամենաթոփ թեմաներից են։ Մենք առաջարկում ենք խցանումների ժամերին կրճատել մարդկանց ճանապարհը՝ տրամադրելով հաճելի և ժամանակակից երաժշտություն, այն, ինչ այս պահին ամենապահանջվածն է, ինչպես նաև անեկդոտներ։ Սա մեր աշխատանքի ամենակարևոր մասն է։
Մենք պարզապես հումորային ռադիո չենք, որի նպատակը միայն մարդկանց զվարճացնելն է։ Մենք Հայաստանում եղած բոլոր անեկդոտները հավաքագրում ենք՝ զբաղվելով յուրատեսակ բանահավաքությամբ։ Դրանք ոչ միայն մեկ տեղում ենք կենտրոնացնում, այլև ապահովում ենք պրոֆեսիոնալ հնչյունային ձևավորում, որպեսզի այդ նյութերը մնայուն լինեն և երկար կյանք ունենան»,- նշեց մեր զրուցակիցը:

Radio Comedy Armenia-ն ունի նաև YouTube-յան ալիք, որտեղ ներկայացվում են լավագույն հայկական անեկդոտները։ Այդ անեկդոտների հիման վրա նախատեսվում է ստեղծել փոքր մուլտֆիլմեր։
«Մեր նպատակն է հավաքել Վարդանիկի, Մարգոյի և մյուս հայտնի հերոսների մասին բոլոր հայտնի անեկդոտները՝ մեկ հարթակում, որպեսզի մեր հումորային բարի ավանդույթները փոխանցվեն սերնդեսերունդ։ Մեր օրերում մարդկանց հատկապես անհրաժեշտ է ժպտալու հնարավորություն տալ՝ խցանումների ու նյարդային իրավիճակների մեջ»։

Ռադիոն ակտիվ է նաև սոցիալական բոլոր հարթակներում՝ TikTok, Instagram և Facebook։
«Մեր հաճախականությունն է 99.7 FM-ը։ Ունենք նաև մեր հավելվածը App Store և Google Play հարթակներում, որի միջոցով ունկնդիրները կարող են մեզ լսել աշխարհի ցանկացած կետում և ժպտալ մեզ հետ միասին»,- եզրափակեց է Արտակ Վարդանյանը։

















