Անջելինա Ջոլին մարմնավորում է կրծքագեղձի քաղցկեղով տառապող ռեժիսորի
Անջելինա Ջոլին մերկ լուսանկարվել է Time France-ի շապիկի համար՝ բացահայտելով 2013 թվականին կրած պրոֆիլակտիկ մաստեկտոմիայից առաջացած սպիները: Ամսագրին տված հարցազրույցում 50-ամյա դերասանուհին նաև խոսել է իր նոր ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է կրծքագեղձի քաղցկեղով տառապող ռեժիսորի։
«Ես այս սպիները կիսում եմ շատ կանանց հետ, որոնց սիրում եմ: Եվ միշտ հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են այլ կանայք կիսվում իրենց սպիներով: Ես ուզում էի միանալ նրանց», - ասել է Ջոլին՝ ցույց տալով իր վիրահատության սպիները:

Նա պատմել է, որ ֆիլմի սցենարը իր համար «անձնական պատմություն» էր, քանի որ ինքն էլ «դժվարություններ, հիվանդություններ և ցավ է ապրել»։ Ջոլին բացատրել է, որ ֆիլմի սցենարը գրավել է իրեն, քանի որ ռեժիսոր Ալիս Վինոկուրը պատմում է մի պատմություն, որը «շատ ավելի հեռու է գնում, քան հիվանդ մարդու ճանապարհորդությունը. այն ցույց է տալիս կյանքը»։ «Հենց այս պայծառ հեռանկարն էր, որ հուզեց ինձ և ստիպեց ինձ ցանկանալ խաղալ այս դերը», - նշել է դերասանուհին։
Նշենք, որ Անջելինա Ջոլին 2013 թվականին հայտարարեց իր մաստէկտոմիայի մասին՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի անհրաժեշտության վրա։ Նրա որոշումը, ըստ մասնագետների, աննախադեպ ազդեցություն ունեցավ, որը անվանվեց «Անջելինայի էֆեկտ». Ֆրանսիայում այն հանգեցրեց սկրինինգների մակարդակի 20%-ով աճի։
Ջոլին ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա վերջին ամուսինը Բրեդ Փիթն էր, ում հետ նա ունի վեց երեխա (այդ թվում՝ երեք որդեգրված երեխա)։ Զույգը վերջնականապես ամուսնալուծվել է 2024 թվականի դեկտեմբերին՝ երկարատև վեճի պատճառով։












