Նիկոլ Քիդմանը և Քեյթ Ուրբանը պաշտոնապես ամուսնալուծվել են. դստրերը կմնան դերասանուհու հետ
Նիկոլ Քիդմանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քեյթ Ուրբանից 19 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է Page Six-ը:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ ո՛չ Քիդմանը, ո՛չ էլ Ուրբանը չեն խնդրել ալիմենտ իրենց երեխաների՝ 17-ամյա Սանդեյի Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի համար: Որպես պատճառաբանություն նշվում է, որ երկու ծնողների ամսական եկամուտը գերազանցում է 100,000 դոլարը: Դստրերը կմնան դերասանուհու հետ, և Ուրբանին թույլատրվում է ժամանակ անցկացնել նրանց հետ «յուրաքանչյուր երկրորդ շաբաթավերջ»: Գրում է Spletnik-ը:
Ուրբանը և Քիդմանը նաև համաձայնության եկան, որ ամբողջ ունեցվածքը, ներառյալ ներդրումները, բանկային հաշիվները, կահույքը, կենցաղային տեխնիկան, տրանսպորտային միջոցները և անձնական իրերը, կբաժանվեն փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում՝ յուրաքանչյուր կողմ կպահպանի իր տիրապետության տակ գտնվող ցանկացած ունեցվածք։

Ավելին, վճարման բոլոր պահանջները չեղյալ են հայտարարվել, և Քիդմանն ու Ուրբանը այժմ իրենք են պատասխանատու իրենց իրավաբանական ծախսերի և ծառայությունների համար։
2025 թվականի սեպտեմբերին լուրեր տարածվեցին, որ «Մեծ փոքրիկ սուտ» սերիալի աստղը և Ուրբանը բաժանվում են 19 տարվա ամուսնությունից հետո։ Սեպտեմբերի 30-ին դերասանուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց՝ նշելով ամուսնու հետ «անհաշտելի տարաձայնություններ»։

Ըստ տեղեկությունների՝ զույգը բաժանված էր 2025 թվականի ամռան սկզբից։ Նրանց բաժանումից հետո լուրեր էին շրջանառվում Ուրբանի և իր կիթառահար Մեգգի Բոուի սիրային կապի մասին։ Սակայն երաժիշտներին մոտ կանգնած անձինք հերքել են դա։ Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Քիդմանը «չի ցանկացել բաժանվել և փորձել է պահպանել իր հարաբերությունները» ամուսնու հետ։
Ուրբանը և Քիդմանը ծանոթացել են 2005 թվականի հունվարին մի հասարակական միջոցառման ժամանակ և ամուսնացել մեկ տարի անց։ Սա նրա առաջին ամուսնությունն էր։ Քիդմանը նախկինում 11 տարի ամուսնացած էր եղել Թոմ Քրուզի հետ, որի հետ նա մեծացրել էր երկու որդեգրված երեխաների։ Ամուսնալուծությունից հետո երեխաները մնացին Քրուզի հետ։












