«Ներելն այսօր դարձել է ամենադժվար կարողություններից մեկը». Սեդրակ Գոջամանյանի նոր՝ «Մնա» ներկայացումը սիրային դետեկտիվ է՝ հումորով ու անսպասելի շրջադարձերով
Հուլիսի 29-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կկայանա ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի նոր ներկայացման առաջնախաղը. «Մնա» (Մոռանալու նուրբ արվեստը)՝ այսպես է կոչվում ներկայացումը, որի հիմքում սիրային դետեկտիվ է, որը, ռեժիսորի խոսքով, համադրում է իրավիճակային կատակերգությունն ու դետեկտիվ ժանրը՝ հանդիսատեսին պահելով մշտական լարվածության և ծիծաղի մեջ։
«Ներկայացումը կոչվում է «Մնա» (բացվում է՝ որպես «մոռանալու նուրբ արվեստը»): Պատմությունը հետևյալն է՝ քաղաքի գլխավոր հոգեբանի մոտ հայտնվում է սկլերոզով հիվանդ մի տղամարդ, որը չափազանց արտասովոր հիվանդ է։ Նրա հետ կապված այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ աստիճանաբար հենց հոգեբանի մոտ են սկսում ի հայտ գալ սկլերոզի նշաններ։ Մեղմ ասած՝ նա հայտնվում է այնպիսի իրավիճակում, որից սովորաբար ինքն է մարդկանց դուրս բերում»,-Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեդրակ Գոջամանյանը։
Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման գլխավոր մարտահրավերը եղել է երկու տարբեր ժանրերի հավասարակշռությունը պահպանելը. «Նախկինում մասամբ աշխատել եմ դետեկտիվ ժանրում, բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ, լինելով և՛ իրավիճակային կատակերգություն, և՛ դետեկտիվ, ռեժիսորը պարտավոր է երկու կողմից էլ հետաքրքրություն ստեղծել հանդիսատեսի համար՝ միաժամանակ չկորցնելով դետեկտիվի տրամաբանությունն ու գործողությունների հաջորդականությունը, մյուս կողմից՝ ապահովելով կատակերգական իրավիճակների դինամիկան։ Կարծում եմ՝ հանդիսատեսին սպասվում է շատ հետաքրքիր ներկայացում, որովհետև ոչ միայն հումորն է ապահովում ընթացքը, այլև դետեկտիվ պատմության անընդմեջ զարգացումը»։
Գլխավոր հոգեբանի կերպարը մարմնավորում է Վաչե Երիցյանը, որի հետ Գոջամանյանն արդեն համագործակցել է «Բլոկադա» ներկայացման ընթացքում։ Հիվանդի դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանը. «Ավետն այս ձևաչափում առաջին անգամ է հանդես գալիս, և նա հրաշալի կերպով համատեղում է մի կողմից ներկայացման հումորային հատվածը, մյուս կողմից կարողանում է ցուցադրել հոգեբանական ծանր վիճակում հայտնված հիվանդին»,-ասում է ռեժիսորը:

Առանցքային հերոսուհիներից մեկին մարմնավորում է Տոմա Պետրոսյանը, որի հետ ռեժիսորն արդեն 5-րդ անգամ է աշխատում և վստահ է՝ այս ներկայացման մեջ նա հանդիսատեսին կգրավի իր հոգեբանական, բարդ խաղով: Ներկայացման դերասանական կազմում ընդգրկված է նաև Մագա Հարությունյանը, որի համար սա թատերական առաջին փորձն է։ «Մագային նկատել էի դեռ «Հումորի լիգայում» և անմիջապես մտածեցի, որ դերասանական հետաքրքիր տվյալներ ունի, շերտերով դերասան է։ Նրա ընտրության հարցում երկար չեմ մտածել։ Շատ պատասխանատու ու պարտաճանաչ է, նոր շունչ է բերում ներկայացմանը, իսկ ինձ համար հետաքրքիր է աշխատել մարդու հետ, որն ինքն էլ է հետաքրքրված թատրոնով»։
Բեմում առաջին անգամ թատերական դերակատարմամբ հանդես կգա նաև Սուրեն Փահլևանյանը, որին հանդիսատեսը հիմնականում ճանաչում է հեռուստասերիալներից։ «Նա ներկայանալու է բոլորովին անսպասելի ձևաչափով, և կարծում եմ՝ հանդիսատեսի համար հետաքրքիր բացահայտում կլինի»,- ասում է ռեժիսորը։ «Մնա»-ն միայն զվարճալի պատմություն չէ։ Այն նաև կարևոր ուղերձ ունի՝ սովորել բաց թողնել անցյալն ու ներել։ «Մոռանալն էլ է ունակություն։ Հիշաչար չլինելը, անցյալով չապրելը, իմ կարծիքով, արվեստ է, որին պետք է տիրապետել։ Երբ անընդհատ հիշաչար ենք լինում, ավելի ենք կոմպլեքսավորվում, չարանում և սկսում ապրել այդ չարության մեջ։ Իսկ դրանից առաջին հերթին տուժում ենք ինքներս։ Մոռանալը արվեստ է, որը մեզ տանում է դեպի ներելու կարողությունը։ Իսկ ներելն այսօր դարձել է ամենադժվար կարողություններից մեկը»։ Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, որի հետ Սեդրակ Գոջամանյանը բազմիցս համագործակցել է։ Բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, իսկ վիդեոգրաֆիան, պաստառի դիզայնն ու գրաֆիկական լուծումները հեղինակել է Արտեմ Ղարիբյանը։












