«Երազում էի դառնալ երկրի նախագահ, բայց դարձա բալետի արտիստ». Րաֆֆի Գալստյանի ճանապարհը դեպի մեծ բեմ

12:54 • 09.07.26

18 տարեկանում շատ երիտասարդներ դեռ փորձում են հասկանալ՝ ինչ ճանապարհ ընտրել կյանքում։ Րաֆֆի Գալստյանն այդ տարիքում արդեն Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր՝ «Սպարտակ»-ում մարմնավորելով գլխավոր հերոսին։ Մի պատասխանատվություն, որի ծանրությունը նույնիսկ այսօր հիշելիս է զգացվում։

Tert.am Life-ի հետ զրույցում արտիստը պատմել է իր անցած ճանապարհի, դժվարությունների ու ձեռքբերումների, ինչպես նաև անձնական կյանքի մասին:  

«Դա պարզապես գլխավոր դեր չէր։ Դա վստահություն էր, որ քեզ են փոխանցում, երբ դու նոր ես ավարտում ուսումնարանը և դեռ շատ անփորձ ես։ Գիտակցում էի, որ ներկայացումը պիտի պատվով տանեմ, որովհետև խոսքը Հայաստանի միակ բալետային թատրոնի մասին էր։ Ինձնից առաջ այդ բեմում հանդես էին եկել մեծ արտիստներ, և ես պարտավոր էի անել ամեն ինչ, որպեսզի չիջեցնեմ այդ նշաձողը»։

Րաֆֆին հիշում է, որ թատրոն է հրավիրվել դեռ ուսանողական տարիներին։ Սկզբում փոքր դերեր, հետո՝ «Գայանե»-ի Արմենը, իսկ ընդամենը երկու ամիս անց արդեն «Սպարտակ»-ի գլխավոր հերոս։

Այդ արագ ճանապարհը շատերի համար կարող էր պարզապես հաջողության պատմություն թվալ, բայց իրականում դրա հետևում երկար տարիների աշխատանք էր, անընդհատ ինքնազարգացումն ու ամեն օր սեփական սահմանները հաղթահարելու ցանկությունը։

«Ես երազում էի նախագահ դառնալ»

Րաֆֆիի մանկության երազանքը բալետի հետ ընդհանրապես կապ չի ունեցել։

«Եթե անկեղծ ասեմ, ես երազում էի երկրի նախագահ դառնալ։ Բալետն իմ մանկության երազանքը չէր։ Սկզբում նույնիսկ չէի հասկանում՝ ինչ աշխարհ եմ ընկել»։

Սակայն այդ աշխարհն աստիճանաբար գրավեց նրան։ Պարարվեստի ուսումնարանի միջանցքները, անընդհատ փորձերը, ստեղծագործական մթնոլորտն ու ամենակարևորը՝ մրցակցությունը դարձան այն միջավայրը, որտեղ նա սկսեց ձևավորվել ոչ միայն որպես արտիստ, այլև որպես մարդ։

«Ես սիրում եմ մրցակցությունը։ Երբ մրցակցություն չկա, աճ էլ չկա։ Հենց դա ստիպում էր ամեն օր ավելի լավ աշխատել, ավելի շատ սովորել ու առաջ գնալ»։

Հաջողության հակառակ կողմը

Գլխավոր դեր ստանալը միշտ չէ, որ միայն ուրախություն է բերում։ Հատկապես արվեստում, որտեղ յուրաքանչյուր հաջողություն հաճախ դառնում է քննարկումների առիթ։

Րաֆֆին չի թաքցնում, որ լսել է տարբեր մեկնաբանություններ ու քննադատություններ։

«Այդ ամենին շատ բնական եմ վերաբերվում։ Այնտեղ, որտեղ մարդիկ կան, միշտ էլ լինելու են խոսակցություններ, դժգոհություններ, նախանձ։ Դա կյանքի մի մասն է, և արվեստը բացառություն չէ»։

Նրա խոսքով՝ ամենաթանկ դասերը ստացել է հենց սեփական սխալներից։ Ժամանակի ընթացքում հասկացել է, որ ամենակարևոր դատավորը բեմն է։

«Կարող են շատ խոսել, բայց բեմը երբեք չի ստում։ Երբ դուրս ես գալիս հանդիսատեսի առաջ, ամեն ինչ պարզ երևում է։ Եթե արժանի չլինես, դա բոլորը կտեսնեն։ Եթե աշխատել ես, արդյունքն էլ կխոսի քո փոխարեն»։

Այսօր, երբ նրան հրավիրում են տարբեր երկրներից, երբ ստիպված է լինում մերժել անգամ շահավետ առաջարկներ, այդ ամենը համարում է ոչ թե բախտի, այլ տարիների աշխատանքի արդյունք։

«Շատերն ասում էին՝ բախտդ բերել է։ Ես էլ եմ ասում՝ այո, բախտը դեր ունի։ Բայց եթե չաշխատես, բախտը քեզ ոչ մի տեղ չի հասցնի։ Այն, որ ինձ հրավիրում են տարբեր թատրոններից, միջազգային նախագծերից, արդեն խոսում է այն աշխատանքի մասին, որը տարիներ շարունակ արել եմ»։

Խոսակցություն, որը փոխեց ամեն ինչ

Չնայած այսօր դժվար է պատկերացնել Րաֆֆիին առանց բեմի, բայց եղել է մի պահ, երբ նա պատրաստ էր հրաժարվել ամեն ինչից։ Դա ուսումնարանի տարիներին էր։ Հոգեբանական ծանր շրջանը, հոգնածությունը և ներքին պայքարը նրան հասցրել էին այն մտքին, որ գուցե պետք է հեռանալ։ «Մի օր գնացի տուն ու մորս ասացի՝ այլևս չեմ ուզում շարունակել։ Նա շատ հանգիստ պատասխանեց. «Լավ, տղաս, կգնաս, գրասենյակում կաշխատես»»։

Այդ խոսակցությունը երկար չի տևել, բայց փոխել է ամեն ինչ։ «Դրանից հետո այլևս երբեք չեմ մտածել բալետը թողնելու մասին»։ Այսօր նա ասում է՝ բեմում իրեն զգում է «ձուկը ջրում»։

«Ամեն անգամ թվում էր՝ վերջ». վնասվածքներ, ցավ և նորից բեմ վերադառնալու կամք

Բալետը հեռվից գեղեցիկ է թվում՝ թեթև շարժումներ, կատարյալ պլաստիկա, ծափահարություններ։ Բայց բեմի հետևում մի իրականություն կա, որի մասին հանդիսատեսը գրեթե չի մտածում՝ մշտական ցավ, վնասվածքներ և անվերջ պայքար սեփական մարմնի հետ։

Րաֆֆի Գալստյանի համար ամենադժվար փորձությունը ոչ թե քննադատություններն են եղել, կամ մրցակցությունը, այլ այն պահերը, երբ մարմինը հրաժարվել է ենթարկվել։

«Մեր մասնագիտության ամենամեծ ցավը վնասվածքներն են։ Այնքան հաճախ էին կրկնվում, որ արդեն սովորական էին դարձել։ Մի ամիս մեջքս էր ցավում, մյուս ամիս՝ ոտքս, հետո՝ հոդերս։ Ֆրանսիայում ամիսը մեկ բժշկի էի դիմում։ Շատ հաճախ բեմ եմ բարձրացել ցավազրկողների օգնությամբ։»

Նրա խոսքով՝ արտիստի համար ամենադժվար զգացողությունն այն չէ, որ ցավ է ունենում, այլ այն, որ ուզում է պարել, բայց չի կարող։

«Երեկ նույն շարժումը հեշտությամբ անում էիր, իսկ այսօր մարմինդ պարզապես չի թողնում։ Ու հենց այդ պահին ամեն անգամ մտածում ես՝ գուցե սա վերջն է...»

Սակայն ամեն վնասվածքից հետո նա վերադարձել է փորձասրահ, որովհետև, ինչպես ինքն է ասում, բալետը պարզապես աշխատանք չէ, այլ ապրելակերպ։

Արտասահմանի դռները բաց էին, բայց...

Այսօր Րաֆֆի Գալստյանը պահանջված արտիստ է ոչ միայն Հայաստանում։ Տարիների ընթացքում նրան բազմիցս հրավեր է ստացել տարբեր թատրոններից և միջազգային նախագծերից։ Ռումինիա, Մոլդովա, Բրյուսել, Էստոնիա, Բորիս Էյֆմանի թատրոն... առաջարկների պակաս երբեք չի եղել։

Ամենաերկար ճանապարհը Ֆրանսիան էր։ Երկու տարի շարունակ տարվա մեծ մասն անցկացրել է այնտեղ՝ աշխատելով միջազգային նախագծերում և ձեռք բերելով փորձ, որն այսօր կարևոր ձեռքբերումներից է համարում։

«Ֆրանսիա գնալու իմ նպատակը միայն գումար աշխատելը չէր։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչպես է աշխատում միջազգային բալետի համակարգը, ինչպես են ստեղծվում ներկայացումները։ Այդ փորձը շատ արժեքավոր էր։»

Բայց ամենակարևոր ձեռքբերումը, նրա խոսքով, մարդիկ էին։

«Այսօր աշխարհի տարբեր երկրներում ընկերներ ու գործընկերներ ունեմ։ Եթե վաղը որևէ նախագիծ լինի, կարող եմ զանգահարել Բրազիլիա, Իտալիա կամ Ֆրանսիա։ Այդ կապերը շատ կարևոր են արվեստում, որովհետև դրանք ոչ միայն նոր հնարավորություններ են բացում, այլ նաև օգնում են զարգացնել այն միջավայրը, որտեղ դու ապրում ես»։

Ինչո՞ւ վերադարձավ Հայաստան

Շատերը համոզված էին, որ Րաֆֆին մի օր վերջնականապես կհաստատվի արտերկրում։ Հնարավորություններ կային, առաջարկներ՝ նույնպես։ Բայց նա որոշեց վերադառնալ:

«Տարբեր նշաններ կային։ Մարդիկ անընդհատ ասում էին՝ վերադարձիր»։ Բայց որոշումը միայն զգացմունքային չէր։

Վստահ է՝ արտիստը պետք է աշխատի այնտեղ, որտեղ իրեն գնահատում են ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև որպես մարդ։

«Եթե այդ վերաբերմունքը չկա, նույնիսկ ամենաբարձր աշխատավարձը երկար չի կարող պահել մարդուն: Երբ զգում ես, որ քեզ վստահում են, հաշվի են նստում քեզ հետ, ուզում են, որ ստեղծագործես, դու ավելի մեծ պատասխանատվությամբ ես աշխատում։ Այդ զգացողությունն այսօր ես ունեմ Հայաստանում, և դրա համար էլ վերադարձել եմ»։

«Պարի բեմից՝ կինոյի էկրան». Րաֆֆիի նոր փորձությունը

Րաֆֆի Գալստյանի համար դերասանական աշխարհ մուտքը եղավ անսպասելի, բայց կարևոր փորձություն։ «Եթե ես կրկին պարեմ» Ֆիլմի առաջարկը ստացավ ռեժիսոր Հայկ Վարդանյանից։  «Հայկը պատմեց, թե ինչի մասին է ֆիլմը՝ 44-օրյա պատերազմ, բալետի արտիստ, հաշմանդամություն ձեռք բերած մարդ։ Հանդիպեցինք, խոսեցինք, մի քանի փորձ արեցինք»:

Նա նշեց, որ ֆիլմի ստեղծագործական թիմը երկար ժամանակ փնտրել է գլխավոր հերոսուհուն։ Վերջնական ընտրությունը կատարվեց նկարահանումներից անմիջապես առաջ, և Էլեն Սաֆարյանի հետ նա ծանոթացավ հենց նկարահանման հրապարակում։

Առաջին քայլերը տեսախցիկի առաջ

Թեև Րաֆֆին տարիներ շարունակ եղել է բեմում և ունի մեծ փորձ որպես բալետի արտիստ, կինոն նրա համար նոր աշխարհ էր։ «Բեմական խաղն ու տեսախցիկի առաջ խաղը շատ տարբեր են։ Բալետում ամեն ինչ ավելի մեծ, ավելի ընդգծված ես անում, շարժումները ավելի լայն են։ Իսկ տեսախցիկի առաջ պետք է ավելի բնական լինես, ավելի մոտ իրական կյանքին: Նկարահանումների առաջին օրերին հաճախ ծիծաղելի իրավիճակներ էին ստեղծվում։  «Երբ ասում էին՝ «Rec», ես ինչ-որ պահեր բալետային շարժումներով էի անում։ Հետո բոլորս ծիծաղում էինք»:

Առանձնահատուկ զգացողություն էր նաև անվասայլակին առաջին անգամ նստելը։ Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա հեշտ չէր հոգեբանորեն ընդունել։ «Առաջին անգամ, երբ նստեցի անվասայլակին, մի տեսակ փակվեցի, խեղճացա։ Ամենահաճելի զգացողությունը չէր։ Բայց հետո արդեն ընկերացա դրա հետ, նույնիսկ կատակում էին, որ լավ եմ վարում իմ անվասայլակը»:

Դժվար, բայց հարազատ կերպար

Ֆիլմում մարմնավորած կերպարը Րաֆֆի Գալստյանի համար եղել է հոգեբանորեն բարդ փորձություն։ «Ես նույնիսկ տուն էի գնում նյարդային վիճակում, որովհետև նկարահանման ընթացքում անընդհատ ասում էին՝ բղավիր։ Այդ հոգեվիճակը հետս տուն էր գալիս: Իրականում այդ կերպարի մեջ շատ բան կա ինձնից։ Ես դրսից շատ հանգիստ մարդ եմ երևում, բայց ներսում ունեմ այդ բռնկվող կողմը։ Կարող եմ փոքր բանից շատ արագ պայթել»:

Սեր, ընտանիք և Դեյզիի հետ սիրո պատմություն

Անձնական կյանքի մասին խոսելիս Րաֆֆին նշեց, որ իր և սիրելիի՝ Դեյզիի ծանոթությունը պատահական էր։ Նրա մտերիմ ընկերն ամուսնացել է Դեյզիի մտերիմ ընկերուհու հետ։ Նրանց միջոցով առաջին անգամ հանդիպել են, երբ Դեյզին դեռ պատանի տարիքում էր եկել Հայաստան։

«Այդ ժամանակ ուղղակի տեսել էինք իրար, բայց չենք շփվել։ Երկու տարի անց Դեյզին գրեց ինձ, փորձում էր կապ հաստատել։ Ես սկզբում լուրջ չէի վերաբերվում, ուղղակի քաղաքավարի պատասխանում էի»,- անկեղծացավ Րաֆֆին։

Հետո, երբ կրկին կապ հաստատեցին, Րաֆֆին որոշեց ավելի լավ ճանաչել նրան։ «Հասկացա, որ շատ նման ենք բնավորությամբ, նույն կերպ ենք մտածում, հասկանում ենք իրար։ Այդպես սկսվեց մեր սիրո պատմությունը»:

Դեյզին նույնպես բալետի արտիստ է։ Այսօր Դեյզին բնակվում է ԱՄՆ-ում։ Թեև դեռ չի որոշել՝ կշարունակի պարել, թե՞ ոչ, ավելի շատ հետաքրքրված է դասավանդմամբ և յոգայով։

Երազանքների մասին

Խոսելով ապագայի մասին՝ Րաֆֆի Գալստյանը նշում է, որ իր ամենամեծ ցանկություններից մեկը լավ մարդ մնալն է։ «Շատ եմ սիրում օգնել մարդկանց և ուզում եմ հասնել այն մակարդակին, որ կարողանամ իրականացնել իմ հարազատների ու մտերիմների ցանկությունները»:

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

«Երազում էի դառնալ երկրի նախագահ, բայց դարձա բալետի արտիստ». Րաֆֆի Գալստյանի ճանապարհը դեպի մեծ բեմ