«Մենք՝ հայ արվեստագետներս, պետք է պատմենք մեր պատմությունը՝ մեր տեսանկյունից». Սիմոն Աբգարյան

17:43 • 15.07.26

Փարիզի բեմերից մինչև միջազգային կինո՝ Սիմոն Աբգարյանը վաղուց դարձել է իր սերնդի ամենաճանաչված ֆրանսահայ դերասաններից և ռեժիսորներից մեկը։

Թատրոնում և կինոյում նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Արարատը», «Կազինո Ռոյալը», «Պերսեպոլիսը», «Հանցագործության բանակը», «Քաբուլի ծիծեռնակները» և «Չարլիի մասին ճշմարտությունը»։ Նրա բեմադրություններն ու դերերը հաճախ ուսումնասիրում են հիշողության, ինքնության, պատմության և մարդկային կապերի թեմաները՝ արտացոլելով նաև իր հայկական արմատների ազդեցությունը։

2026 թվականին Աբգարյանը մեծ արձագանք ստացավ Կաննի կինոփառատոնում՝ Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» պատմական դրամայում գեներալ Շառլ դը Գոլի կերպարը մարմնավորելու համար։

Այս օրերին արվեստագետը Հայաստանում է՝ որպես «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուր։ Հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը ներկա էր նաև Tert.am Life-ը, որի ընթացքում Սիմոն Աբգարյանը խոսեց ինքնության, արվեստի, դերասանի առաքելության, ճանաչման և հայ լինելու մասին։

«Մենք՝ որպես հայ ժողովուրդ պետք է պատմենք մեր սեփական պատմությունները՝ մեր տեսանկյունից»

Սիմոն Աբգարյանի խոսքով՝ Եվրոպան այսօր կրկին կանգնած է ինքնության վերաիմաստավորման առաջ։

«Ֆրանսիան այսօր իր ինքնության մասին շատ լուրջ հարցերի առաջ է կանգնած։ Եվրոպան էլ է նույն վիճակում։ Երկար տարիներ այս երկրներն ապրել են խաղաղության մեջ, և այդ խաղաղությունն աստիճանաբար բերում է մոռացության։ Երբ երկար ժամանակ խնդիրներ չկան, սկսում ես կարծել, թե սահմանները, պատմությունն ու ինքնությունը այլևս կարևոր չեն։ Բայց իրականությունը միշտ վերադառնում է և հիշեցնում դրանց մասին։

Այսօր Եվրոպայում մարդիկ նորից փորձում են հասկանալ՝ ովքեր են իրենք։ Ինձ համար պատահական չէ, որ արվեստն այսօր ավելի հաճախ է անդրադառնում այս թեմաներին։ Ես հավատում եմ, որ արվեստագետները հաճախ ավելի շուտ են զգում, թե ինչ է կատարվում աշխարհում։

Ինձ համար ամենակարևոր թեման այսօր մեր պատմողական տարածքը վերադարձնելն է։ Մենք՝ որպես հայ ժողովուրդ և հայ արվեստագետներ, պետք է պատմենք մեր սեփական պատմությունները՝ մեր տեսանկյունից։ Եվ խոսքը միայն 1915 թվականի մասին չէ։ Խոսքը նաև այսօրվա Հայաստանի, Սփյուռքի և մեր ներկայի մասին է։ Մենք հարուստ ժողովուրդ ենք, և այդ պատմությունները շատ են»։

«Ինձ համար որպես դերասան՝ ամենակարևորը հստակությունն է»

Խոսելով դերասանական տարբեր դպրոցների մասին՝ Աբգարյանը շեշտեց, որ երբեք չի քննադատել որևէ մեթոդի։ «Ես եկել եմ մի դպրոցից, որի հիմքում երեք բան է՝ մարմինը, տեքստը և զգացողությունը։ Ինձ համար ամենակարևորը հստակությունն է։ Ես պետք է հստակ իմանամ, թե որտեղ է իմ մարմինը, ինչպես եմ կանգնած, ինչպես եմ շարժվում։ Իմ պատկերացմամբ դերասանական արվեստում հստակությունն ինքնին արդեն բանաստեղծություն է։ Ես երբեք չեմ քննադատում որևէ դերասանական դպրոց։ Եթե դերասանին ինչ-որ մեթոդ օգնում է հասնել արդյունքի, ուրեմն պետք է օգտագործի այն։ Ի վերջո, կարևորն այն չէ, թե որ դպրոցից ես գալիս, այլ այն, թե ինչ է ծնվում բեմում կամ էկրանի վրա»։

«Ես ինստիտուցիոնալ ճանապարհ չեմ ունեցել»

Արվեստագետը խոսեց նաև իր երկար ճանապարհի և ֆրանսիական մշակութային միջավայրում հաստատվելու մասին։ «Մարդիկ երբեմն ասում են՝ դու զուտ ֆրանսիացի չես։ Բայց ես միշտ հարցնում եմ՝ իսկ ո՞վ է ֆրանսիացին։

Ֆրանսիան գաղափար է, լեզու է, պատմություն է, ժողովրդավարական մշակույթ է։ Իմ նախնիները Ֆրանսիայի պատմության մեջ չեն եղել, բայց այսօր ես այդ պատմության մի մասն եմ։ Ես գրում եմ թատրոնի համար, նկարահանվում եմ ֆիլմերում, լավ խոսում եմ ֆրանսերեն։ Մենք՝ հայերս, մի առանձնահատկություն ունենք. շատ արագ ենք հարմարվում։ Երբ ապրում ես գաղթի կամ աքսորի մեջ, կամ արագ ես հարմարվում, կամ արագ կործանվում»։

Նրա խոսքով՝ շատ արտիստներ երկար ժամանակ մնում են «էմիգրանտ դերասանի» շրջանակում՝ մարմնավորելով միայն օտարերկրացիների կերպարներ, սակայն քչերին է հաջողվում մասնագիտական հանրության կողմից ընկալվել որպես երկրի լիարժեք արվեստագետ։ «Խոսքը սեփական ծագումը ուրանալու մասին չէ։ Խոսքն այն է, որ քեզ սկսում են դիտարկել որպես ֆրանսիացի դերասան, ֆրանսիացի բեմադրիչ, ֆրանսիացի արվեստագետ»։

«Ամբողջ Փարիզը եկավ այդ ներկայացումը դիտելու»

Աբգարյանի խոսքով՝ իր կարիերայում շրջադարձային պահերից մեկը մի ներկայացում էր, որը բացառիկ հաջողություն ունեցավ։

«Դերասանի կյանքում նման բան կարող է պատահել տասը տարին մեկ անգամ։ Երբ ամեն ինչ իր տեղում է, և ստեղծվում է իսկապես ուժեղ գործ։ Այդ ներկայացումն այդպիսի գործերից մեկն էր։ Ամբողջ Փարիզը եկավ այն դիտելու, և դրանից հետո արդեն հնարավոր չէր ինձ չնկատել»։

Նա հիշեց նաև մի զավեշտալի դրվագ մրցանակաբաշխությունից. «Երբ բարձրացա մրցանակս ստանալու, կողքիս նստած դերասանուհին, երբ լսեց իմ անունը, զարմացած հարցրեց՝ «Ո՞վ է»»։ Այդ պահն այսօր արդեն ժպիտով է հիշում։ 

«Ճանաչումը հեռախոսազանգերով չի չափվում»

Խոսելով հայտնիության մասին՝ Աբգարյանը նշեց, որ երբեք չի ձգտել ճանաչման՝ որպես ինքնանպատակ։ «Ճանաչումը այն չէ, որ ամեն տեղ քո անունը լինի։ Եթե լավ գործ ես անում, պրոֆեսիոնալ մարդիկ դա տեսնում են։ Որքան շատ մարդիկ տեսնեն քո աշխատանքը, այնքան ավելի արագ կզանգի հեռախոսդ։ Այդպես է աշխատում։ Ինձ համար դա բնական ընթացք է»։

Հարցին, թե արդյոք իր կերտած կերպարներում կա մի բան, որը մատնում է իր հայկական ինքնությունը, Աբգարյանը պատասխանեց, որ դա դժվար է սահմանել, բայց այն մշտապես ներկա է։

«Եթե իմ աշխատանքի մեջ ինչ-որ որակ կա, եթե ինչ-որ էություն կա, դա անպայման կապված է իմ հայկականության, իմ պատմության, իմ ընտանիքի և իմ ժողովրդի հետ։ Օրինակ՝ ողբերգությունը ես շատ լավ եմ հասկանում։ Մարդկային ցավը, բաժանումը, պատերազմը, պայքարը՝ այդ ամենն ինձ հետ խոսում է։ Իմ ներսում կան հիշողություն, գույներ և տարածք, որոնք կարող են ընդունել ու կրել այդ զգացողությունները»։

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

«Մենք՝ հայ արվեստագետներս, պետք է պատմենք մեր պատմությունը՝ մեր տեսանկյունից». Սիմոն Աբգարյան