«Ուրվականը մեր միջև» կատակերգության պրեմիերան՝ «Կինոմոսկվա»-ում

10:47 • 04.08.26

«Կինոմոսկվա»-ում կայացավ «Ուրվականը մեր միջև» կատակերգության պրեմիերան` Հրանտ Թոխատյանի, Սամվել Սարգսյանի, Սյուզի Սիրակի, Լևոն Հարությունյանի, Կարինե Ծատուրյանի մասնակցությամբ: Ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Նարեկ Ավագյանն է: Գլխավոր պրոդյուսերը Նարեկ Ստեփանյանն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Նարեկ Ավագյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Նարեկ Ստեփանյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ռեժիսորի և դերասանների հետ:

«Սա իմ առաջին ռեժիսորական աշխատանքն է». Նարեկ Ավագյան

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը պատմեց, որ նախագիծը դարձել է իր առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը և միաժամանակ ամենաբարդ փորձառություններից մեկը։ «Սա իմ առաջին ռեժիսորական աշխատանքն է, և այն բավականին բարդ էր, քանի որ նկարահանումների ընթացքում միաժամանակ իրականացվում էին մի քանի ստեղծագործական նախագծեր։ Այդ ամենը զգալիորեն բարդացնում էր աշխատանքի ընթացքը, սակայն նաև մեծ փորձառություն դարձավ ամբողջ թիմի համար»,- նշեց նա։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ պատմության առանցքային կերպարը հենց ուրվականն է, ինչը հայկական կինոյում հազվադեպ հանդիպող լուծում է։ «Ուրվականի տեսարանները նկարահանվում էին առանց տաղավարային հատուկ էֆեկտների, իսկ կերպարը հետագայում ավելացվում էր կադրում։ Դա ինձ համար նոր և հետաքրքիր փորձ էր, որի ընթացքում բազմաթիվ ստեղծագործական փորձարկումներ իրականացրինք»,- ասաց Նարեկ Ավագյանը։

Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը՝ նա նշեց, որ Հրանտ Թոխատյանի, Կարինե Ծատուրյանի և Լևոն Հարությունյանի մասնակցության հարցում որևէ դժվարություն չի եղել։ «Գլխավոր երիտասարդ դերակատարների ընտրությունն ավելի բարդ էր։ Սամվել Սարգսյանն արդեն որոշակի դերասանական փորձ ուներ, իսկ Սյուզի Սիրակի համար սա առաջին կինոդերն է։ Նա մասնագիտությամբ դերասանուհի չէ, զբաղվում է երաժշտությամբ և հեղինակային ռոք ստեղծագործություններով։ Մենք որոշեցինք ռիսկի դիմել, քանի որ ցանկանում էինք էկրանին տեսնել նոր դեմքեր և թարմ էներգիա։ Կարծում եմ՝ այդ որոշումն արդարացված էր»,-ընդգծեց ռեժիսորը։ Նարեկ Ավագյանն ընդգծեց, որ ֆիլմը թեև կատակերգություն է, ունի կարևոր և հստակ ասելիք:

«Բարդ, բայց շատ ջերմ աշխատանքային ընթացք ունեցանք». Սամվել Սարգսյան

Ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Սարգսյանը խոստովանեց, որ պրեմիերայի ցուցադրությունն իր համար չափազանց հուզիչ էր։ «Առաջին անգամ ֆիլմը մեծ էկրանին դիտելիս աննկարագրելի զգացողություններ ունեցա։ Շատ լարված էի հետևում յուրաքանչյուր տեսարանի, բայց միևնույն ժամանակ հիշում էի նկարահանման բոլոր օրերը։ Մենք աշխատել ենք բարդ, սակայն շատ ջերմ մթնոլորտում, և կարծում եմ՝ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասաց դերասանը։ Նրա խոսքով՝ ամենակարևորը հիմա հանդիսատեսի գնահատականն է։ «Ուզում եմ, որ մարդիկ գան կինոթատրոն, դիտեն ֆիլմը և կիսվեն իրենց կարծիքներով։ Հենց հանդիսատեսի արձագանքն է ամենակարևոր գնահատականը մեզ համար»։

«Դերասանությունն ինձ համար նոր աշխարհ էր». Սյուզի Սիրակ

Ֆիլմում իր առաջին դերակատարումն ունեցած Սյուզի Սիրակը պատմեց, որ մինչ այս երբեք չի մտածել դերասանական կարիերայի մասին։ «Ես միշտ զբաղվել եմ երաժշտությամբ և երբեք չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ կինոյում։ Նույնիսկ երբեք չեմ մասնակցել քասթինգների։ Սակայն առաջարկը ստանալուց հետո մեծ ոգևորությամբ համաձայնեցի, քանի որ ֆիլմեր շատ եմ սիրում և ինձ իսկական կինոսեր եմ համարում»,- ասաց նա։

Սյուզի Սիրակի խոսքով՝ նկարահանման ընթացքը հեշտ չէր, սակայն յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն նոր մոտիվացիա էր տալիս։ «Սամվելի համար նկարահանման հրապարակն արդեն որոշ չափով ծանոթ միջավայր էր, իսկ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Յուրաքանչյուր օր նոր փորձություն էր, բայց հենց այդ փորձություններն էլ հետաքրքիր էին դարձնում ամբողջ գործընթացը։ Ամեն հաղթահարված դժվարությունից հետո մեծ բավականություն էինք ստանում»,- նշեց դերասանուհին։

Նա նաև ընդգծեց, որ Սամվել Սարգսյանի հետ աշխատելը զգալիորեն հեշտացրել է իր առաջին դերասանական փորձը։ «Նկարահանման հրապարակում ամեն ինչ շատ բնական էր ստացվում։ Այդ բնական մթնոլորտն ինձ օգնեց ավելի արագ հարմարվել և վստահ զգալ տեսախցիկի առջև»,-եզրափակեց Սյուզի Սիրակը։

«Ուրվականը մեր միջև» ֆիլմն արդեն ցուցադրվում է Հայաստանի բոլոր կինոթատրոններում։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Ուրվականը մեր միջև» կատակերգության պրեմիերան՝ «Կինոմոսկվա»-ում