«Որոշել էի անգամ դեմքիս ռետուշ չանել, որ ամեն ինչ բնական լինի». ինչպես ստեղծվեց Մոհանայի «Անպայման» երգը

13:08 • 14.08.26

Վերջին շրջանում հատկապես երիտասարդների սիրտը գրաված «Անպայման» երգի ու տեսահոլովակի մասին Tert.am Life-ը զրուցել է երգի համահեղինակ, երգչուհի, դերասանուհի Մոհանայի հետ, ում համար այս երգը երկար դադարից հետո դարձավ նոր սկիզբ:

«Մոտ երեք տարի առաջ ինձ գրեց բազմաթիվ երգերի հեղինակ, հայտնի երաժիշտ Ֆարգոն: Այդ ժամանակ ես աշխատում էի մեկ այլ պրոդյուսերի հետ, և իմանալով այդ մասին, պրոդյուսերս ուղղակի բլոկավորեց Ֆարգոյի էջը: Անցավ ժամանակ, ես հիմա այդ մարդու հետ չեմ աշխատում, և մի քանի ամիս առաջ Միշան՝ ամուսինս, ինստագրամում ցույց տվեց Ֆարգոյի էջը, և ասեց՝ պետք է իր հետ աշխատենք։ Եվ ես ասացի՝ «Օ, ինքն ինձ գրել էր վաղուց, և այդպես գրեցի Ֆարգոյին, Ֆարգոն ինձ նամակ ուղարկեց՝ «ես քեզ երեք տարի առաջ էի գրել», ու այդպես որոշեցինք, որ պետք է համատեղ աշխատենք: Ծնվեց «Անպայման» երգը: Բառերի հեղինակը ես եմ, երաժշտության համահեղինակ ենք, ես և Ֆորգոն երաժշտության հեղինակներ ենք, երաժշտական պորդյուսերը Ֆարգոն է»,- պատմեց երգչուհին:

Մոհանան խոստովանեց, որ շատ է սիրում այս երգը և շատ ուրախ է, որ այն ստեղծել են հենց Ֆարգոյի հետ։ «Կարծում եմ՝ Ֆարգոն շատ շատ տաղանդավոր մարդ է, ու վստահ եմ՝ մենք դեռ շատ երգեր ենք միասին ստեղծելու։ Նա բազմաթիվ հիթերի ու շատ գեղեցիկ երգերի հեղինակ է, անսահման ստեղծագործ ու տաղանդավոր մարդ։ Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենից բացի՝ Ֆարգոն շատ լավ մարդ է»:

Երգչուհին նաև նշեց, որ բացի այն, որ այս երգը շատ է սիրում, այն իր համար նաև շատ կարևոր է, որովհետև «Անպայմանը» դարձավ իր երկար դադարից հետո նոր սկիզբը։ «Ինձ շատ են հարցնում դադարի պատճառների մասին՝ ինչո՞ւ չէի ստեղծագործում, ինչո՞ւ ոչինչ չէի հրապարակում։ Բայց իրականում այս երեք տարիների ընթացքում աշխատանքը չի դադարել։ Ստեղծվել են բազմաթիվ երգեր, նաև համահեղինակությամբ նկարահանվել են տեսահոլովակներ։ Դադարի համար պատճառներ կային, բայց դրանց մասին այս պահին չեմ ուզում խոսել։ Շատ երջանիկ եմ, որ «Անպայմանը» ստեղծվեց և դարձավ այս նոր սկզբի մի մասը։ Ու հատկապես երջանիկ եմ, որ այն ստեղծվեց շատ լավ մարդկանց հետ, որովհետև ինձ համար ցանկացած աշխատանքում առաջին հերթին կարևոր են մարդկային հատկանիշները»,-ընդգծեց երգչուհին:

Խոսելով երգի տեսահոլովակի մասին՝ Մոհանան պատմեց, որ նկարահանումները բարդ ու հաճելի են եղել: «Տեսահոլովակը նկարահանվել է Շրի Լանկայում, քանի որ երգի վայբը, տրամադրությունն ու վիճակը շատ մոտ էին այդ երկրին։ Նկարահանումները փետրվարին էին, իսկ մեզ պետք էր ամառային, տաք, արևոտ բնություն, որովհետև «Անպայման»-ն ինձ համար հենց այդպիսի տրամադրություն ունի։ Ես արդեն հավաքել էի բազմաթիվ ռեֆերենսներ՝ լոկացիաներ, գույներ, կադրերի տրամադրություններ, ու դրանց մեծ մասը շատ բնական կերպով համընկնում էր Շրի Լանկայի հետ։ Միշայի միտքն էր՝ եթե Վրաստանը չէ, ապա գնանք Շրի Լանկա։ Շատ սպոնտան որոշում էր։

Տեսահոլովակի օպերատորը Maksim Khekalo-ն է, իսկ ռեժիսորական աշխատանքն արել ենք ես ու Միշան»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ վաղուց էր ուզում այսպիսի տեսահոլովակ ունենալ։ «Առաջին հայացքից այն կարող է տարբերվել, օրինակ, «Լաո»-ի հայկական գորգերի ու ավելի ընդգծված հայկական վիզուալի մուդից, բայց ինձ համար իրականում դրանք շատ մոտ են իրար։ Երկուսի հիմքում էլ բնականությունն է։ Ես միշտ փորձում եմ կադրում հնարավորինս պահպանել իսկականը՝ բնությունը, ազատությունը, այն վիճակը, թե ես ինչպես եմ տեսնում ու զգում աշխարհը։ Եթե հնարավորություն լիներ, ես Երևանում էլ բոբիկ կքայլեի, որովհետև բոբիկ քայլելն աշխարհի իմ ամենասիրած բաներից մեկն է։ Միաժամանակ երաժշտության մեջ ինձ համար շատ կարևոր էր պահպանել հայկականությունը։ Կարծում եմ՝ դա ստացվել է։ Ու ինձ համար ամենալավ գնահատականներից մեկն այն է, երբ մեկնաբանություններում մարդիկ հենց դա են նկատում ու գրում, որ լսում ու զգում են հայկականը»,-նշեց երգչուհին:

Նրա խոսքով՝ ամենահետաքրքիրն իր համար այն է, թե ինչպես են արձագանքում օտարերկրացիները։ «Տարբեր երկրներում մարդիկ լսում են «Լաո»-ն, «Անպայման»-ը կամ նույնիսկ դեռ չթողարկված աշխատանքները և շատ անկեղծ էմոցիաներ են ունենում։ Իսկ երբ հետո զարմացած ասում են՝ «Wow, it’s Armenian», հետաքրքրվում են Հայաստանով կամ ասում են՝ «Ես ուզում եմ գալ ու տեսնել ձեր երկիրը», ինձ համար դա ահռելի կարևոր բան է։ Որովհետև այդ պահին հասկանում եմ՝ դու պարզապես երգ կամ տեսահոլովակ չես տարածում։ Դու ինչ-որ փոքր չափով փոխում ես մարդու պատկերացումը Հայաստանի ու հայկական մշակույթի մասին»,- անկեղծացավ Մոհանան:

Նա նաև խոստովանեց, որ երգ գրելիս առհասարակ չի գրում՝ մտածելով, որ դրանք պետք է հիթ դառնան։ «Ես գրում ու երգում եմ այն երաժշտությունը, որն ինձ է դուր գալիս, որը ես սիրում եմ, ճիշտ եմ զգում ու ապրում։ Այն, ինչ մոտ է ինձ, իմ աշխարհին ու կյանքի հանդեպ իմ հայացքներին։ Ինձ համար շատ կարևոր է մաքսիմալ իսկական ու բնական լինել։ Նույնը փորձել եմ պահպանել նաև «Անպայման»-ի տեսահոլովակում։ Օրինակ՝ որոշել էի չօգտագործել դեմքի ռետուշ, որովհետև ուզում էի, որ ամեն ինչ հնարավորինս բնական ու իրական մնա։ Ես երաժշտության մեջ չունեմ նպատակ՝ անպայման հիթ ունենալու, թվերի հետևից գնալու կամ ինչ-որ բան ապացուցելու։ Ես երգում եմ, որովհետև երգում եմ։ Երգում եմ, որովհետև սիրում եմ երգել»,-ամփոփեց Մոհանան:

 

 

«Որոշել էի անգամ դեմքիս ռետուշ չանել, որ ամեն ինչ բնական լինի». ինչպես ստեղծվեց Մոհանայի «Անպայման» երգը