Ջիմ Քերրին գաղտնի ամուսնացել է՝ հարաբերությունները հանրայնացնելուց 7 ամիս անց

16:18 • 01.10.26

Ջիմ Քերրին ամուսնացել է իր վաղեմի սիրելիի՝ Մին Ահի հետ։ Դերասանի ներկայացուցիչը հաստատել է, որ 64-ամյա դերասանն ամուսնացել է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին գրում է People-ը։

Զույգին առաջին անգամ միասին հանրության առաջ նկատել էին Ֆրանսիայի «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին։ Այդ միջոցառման ընթացքում Քերրին ելույթ էր ունեցել և շնորհակալություն հայտնել Մին Ահին՝ նրան անվանելով իր հրաշալի ուղեկիցը։

«Շնորհակալ եմ իմ հրաշալի ընտանիքին, աղջկաս՝ Ջեյնին, և թոռանս՝ Ջեքսոնին։ Ես սիրում եմ ձեզ հիմա և ընդմիշտ։ Շնորհակալ եմ իմ հիասքանչ ուղեկից Մին Ահին։ Ես սիրում եմ քեզ, Մին Ահ», — ասել էր դերասանը։

Քերրին և Մին Ահը, ըստ հրապարակումների, արդեն մի քանի տարի է՝ միասին են։ Նրանց միասին լուսանկարել էին դեռ 2022 թվականի փետրվարին՝ Լոս Անջելեսում կայացած բարեգործական կատակերգական միջոցառումից հեռանալիս։

Դերասանը սովորաբար խուսափում է անձնական կյանքի մասին մանրամասներ հրապարակելուց։ 2022 թվականի հարցազրույցներից մեկում նա խոսել էր նաև հանրային ուշադրությունից հեռու ավելի հանգիստ կյանքով ապրելու ցանկության մասին։

«Ես իսկապես սիրում եմ իմ հանգիստ կյանքը, սիրում եմ կտավի վրա նկարել, սիրում եմ իմ հոգևոր կյանքը և զգում եմ, որ բավականություն ունեմ», — ասել էր Քերրին։ Ջիմ Քերրին նախկինում ամուսնացած է եղել դերասանուհի Լորեն Հոլլիի հետ։

Նրանց ամուսնությունը տևել է 1996-1997 թվականներին։ Մինչ այդ՝ 1987-1995 թվականներին, նա ամուսնացած էր Մելիսա Ուոմերի հետ, որի հետ ունի դուստր՝ Ջեյն Քերրիին։ Քերրին 2019 թվականին հարաբերություններ էր հաստատել «Kidding» սերիալի իր խաղընկերուհի Ջինջեր Գոնզագայի հետ։ Զույգը բաժանվել էր նույն տարվա ընթացքում։