«Բարձրաձայն կարոտ»․ Վարդուհի Վարդանյանի երգերը կրկին հնչեցին բեմում (լուսանկարներ)
Վարդուհի Վարդանյանի 50-ամյակին և մահվան 20-րդ տարելիցին նվիրված «Բարձրաձայն կարոտ» համերգային երեկոն հոկտեմբերի 7-ին Ադանա համալիրում մեկ բեմում հավաքեց երգչուհու ընկերներին, գործընկերներին, հարազատներին և նոր սերնդի կատարողներին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Վարդուհու երգերը՝ տարբեր կատարողների մեկնաբանությամբ, իսկ բեմից հնչող հիշողությունների միջոցով ներկաները կրկին փորձեցին վերադարձնել նրա ներկայությունը։

Վարդուհու երգերից մեկը՝ «Կարոտը», այդ երեկո կատարեց Անահիտ Շահբազյանը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց՝ Վարդուհու երգը բեմից հնչեցնելը և՛ պատասխանատվություն է, և՛ գեղեցիկ հնարավորություն։
«Հուսամ՝ մեր ձայնը կհասնի Վարդուհուն, և իր անունը, իր երգերը կշարունակեն ապրել։ Նա այսօր էլ սիրված է, ու ես վստահ եմ՝ վաղն էլ է այդպես լինելու։ Եթե հնարավորություն ունենայի Վարդուհու հետ միասին երգելու, կընտրեի այնպիսի երգ, որտեղ նրա գեղեցիկ ձայնն ամբողջությամբ կբացահայտվեր, որովհետև Վարդուհին ամեն երգ կարողանում էր գեղեցիկ դարձնել»։

Նունե Եսայանի խոսքով՝ եթե Վարդուհին այսօր լիներ դահլիճում և նայեր բեմին, ամենից շատ կուզեր տեսնել հենց այն մարդկանց, որոնք տարիներ անց էլ շարունակում են մնալ իր կողքին։
«Շատ հազվադեպ է պատահում, որ 20 տարի անց նույն նվիրվածությամբ, նույն էներգիայով մարդիկ շարունակում են հիշել, սիրել, կարոտել։ Կարծում եմ՝ Վարդուհին երջանիկ է, որ մարդիկ իրեն դեռ հիշում ու սիրում են։ Նրա ներկայությունը միշտ զգացվել է»։

Այդ ներկայությունը բեմում զգացվում էր ոչ միայն երգերի միջոցով։ Արսեն Սաֆարյանը Tert.am Life-ի հետ զրույցում նկատեց՝ Վարդուհին ամբողջ երեկոյի ընթացքում կարծես բոլորի կողքին էր՝ էկրանին, երաժշտության մեջ, երգերի և կատարողների միջոցով։
«Կարծես ինքը մեզ գրկած լիներ։ Վարդուհու նման դրական էր ամեն ինչ։ Եթե ինքը հիմա այստեղ լիներ, կարծում եմ՝ կուզեր տեսնել, որ իր երազանքներն իրականացել են, ու պարզապես կժպտար»։

Վարդուհու հետ կապված հիշողությունները տարիների ընթացքում ոչ միայն չեն մարել, այլև շարունակել են մարդկանց միավորել։ Ալլա Լևոնյանը պատմեց, որ նույնիսկ այսօր հաճախ մտովի զրուցում է ընկերուհու հետ։
«Ես միշտ խոսում եմ Վարդուհու հետ մտքումս։ Պատկերացնում եմ՝ ինքը ինչ կասեր, ու հետո այդպես եմ վարվում։ Վարդուհին այն մարդն էր, որը բոլորին իրար էր կապում, նույնիսկ կարողանում էր հաշտեցնել մարդկանց։ Եվ այս համերգի փորձերի ժամանակ ես հասկացա, որ ինքը նորից բոլորիս մի տեղ է հավաքել»։

Վարդուհու և Արման Աղաջանյանի համար առանձնահատուկ էր «Գելը» երգը։ Արմանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ Վարդուհու մահից հետո այդ երգը երբեք չի կատարել։
«Ես Վարդուհուց հետո «Գելը» չեմ երգել։ Այդ երգի հետ շատ ջերմ հիշողություններ կան։ Այն շատ ինքնաբուխ, անսպասելի ձևով էր ստեղծվել, ու երևի հենց դրա համար էլ այսօր այն երգելը հեշտ չէ»։

Երեկոյի ամենահուզիչ պատմություններից մեկը Սյուզան Մարգարյանինն էր։ Նա պատմեց Վարդուհու հետ առաջին հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել դեռևս նրա երիտասարդ տարիներին՝ Կամերային թատրոնում։
«Առաջին անգամ Վարդուհուն տեսել եմ Կամերային թատրոնում։ Նա առաջին անգամ էր ելույթ ունենում։ Հիշում եմ՝ սլացիկ, մուգ կապույտ զգեստ էր հագել, մազերը հավաքած էին։ Ես այնքան տպավորվեցի, որ գնացի կուլիսներ, մտա նրա հանդերձարան, գրկեցի ու ասացի՝ «Դու մեծ ճանապարհ ունես անցնելու»։ Հետո մենք այդ մասին նորից խոսում էինք։ Այդ կայծը,որ իրենից անցավ դեպի ինձ, միշտ մնա ինձ հետ»։

Սիրուշոյի համար Վարդուհու հետ կապված ամենակարևոր հիշողություններից մեկը դարձավ «Մեզ ոչինչ չի բաժանի» երգի պատմությունը։ Սիրուշոն պատմել է, որ երբ նրանց առանձին հարցազրույցների ժամանակ հարցրել էին մտերիմ հարաբերությունների մասին, ինքն ասել էր՝ այնքան մոտ են, որ թվում է՝ «մեզ ոչինչ չի բաժանի»։ Պարզվել էր՝ Վարդուհին էլ նույն միտքն էր ասել։ Մոտ երկու ամիս անց Վարդուհին մահացավ։

Այդ զգացումից ծնվեց «Մեզ ոչինչ չի բաժանի» երգը։ Եվ այսօր այն արդեն ոչ միայն երգ է, այլև երկու ընկերների պատմության շարունակությունը։
Սիրուշոյի խոսքով՝ մարդու թողած հետքն ի վերջո ապրում է նրա ընկերների սրտերում, արվեստագետների ոգում և հանդիսատեսի հիշողության մեջ։ Հենց այդ պատճառով էլ երկու տասնամյակ անց Վարդուհու երգերը շարունակում են հնչել։

Վարդուհու երգերն Արփիի համար վաղուց են դարձել անձնական հիշողությունների մի մասը։
Այս երեկոյի համար նա ընտրել էր Վարդուհու և Սիրուշոյի զուգերգերից մեկը՝ այն բեմում կատարելով իր դստեր հետ։ Արփիի համար այդ ընտրությունն ունի նաև խորհրդանշական նշանակություն․ Վարդուհու երգերը, որոնք ժամանակին ուղեկցել են իր երիտասարդությունը, այսօր արդեն հնչում են նաև իր դստեր հետ։
«Վարդուհու երգերը իմ ուսանողական տարիների ուղեկիցներն են եղել, քննությունների ժամանակ եմ լսել։ Նա ինձ համար օրինակ էր ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես մարդ։ Իր 30 տարիների ընթացքում նա այնքան մեծ ժառանգություն թողեց, որ այսօր իր երգերը շարունակում են ապրել նաև մեր սերնդից հետո»։

Երեկոյին Վարդուհու հիշատակին երգ նվիրեցին նաև նրա քույրերը։ Բեմում նրանց ներկայությունն առանձնահատուկ էր՝ Վարդուհու հետ կապված ընտանեկան հիշողությունը վերածելով երգի։

Իսկ Վարդուհու ընտանիքի պատմությունը այդ երեկո շարունակվեց նաև որդու՝ Ռուբեն Ավոյանի միջոցով։ Ավետ Բարսեղյանը բեմից հիշեցրեց, որ Վարդուհու ամենաթանկ թողած ժառանգությունը միայն նրա երաժշտությունը չէ․ նրա որդին՝ Ռուբենը, այսօր արդեն ինքն է ստեղծագործում, երաժշտություն գրում ու երգում։
Ռուբենը նաև իր մայրիկին նվիրված երգ էր պատրաստել։ Այն, ինչպես պատմվեց բեմից, ծնվել էր պատշգամբում՝ մայրիկի մասին մտքերից։ Վարդուհու անունը շարունակում է ապրել նաև նրա թոռնուհու՝ Վարդուհի կրտսերի անունով։

Ավետ Բարսեղյանը հիշեց նաև մի առանձնահատուկ պատմություն․ տարիներ առաջ, երբ Ռուբենը դեռ փոքր էր, ինքը նրա և Վարդուհու համար զուգերգ էր գրել։ Այսօր՝ մոտ 20 տարի անց, այդ նույն պատմությունը կարծես նոր շարունակություն ստացավ․ Ռուբենն ու Վարդուհին կրկին միասին էին բեմում, բայց այս անգամ՝ արդեն այլ դերերով՝ որպես հայր և դուստր։

Վարդուհին բեմում ֆիզիկապես ներկա չէր, բայց նրա անունը, երգերը, ընկերների պատմություններն ու ընտանիքի հիշողությունները ամբողջ երեկոյի ընթացքում ստեղծում էին նույն զգացողությունը՝ նա շարունակում է ներկա լինել։
20 տարի անց կարոտը պարզապես չհիշվեց։ Այն երգվեց, պատմվեց ու դարձավ մի ամբողջ երեկոյի ձայնը՝ «Բարձրաձայն կարոտ»։






















Հեղինակ՝ Անի Ավետիսյան
Լուսանկարիչ ՝ Աքսաննա Ոսկանյան









