Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները (լուսանկարներ)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո վերջապես ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: 44-ամյա աստղը համապատասխան տեսանյութով կիսվել է Instagram-ում, սակայն բազմաթիվ հետևորդներ նրան ծաղրել են՝ երեք տարվա ծրագիրը 6 տարում ավարտելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում չորս երեխաների մայրը պատկերված է ամբիոնի մոտ՝ շրջանավարտի թիկնոցով և գլխարկով: Միջոցառմանը ներկա են եղել Քարդաշյանի ընտանիքի անդամները, երեխաները:
Նրա դասախոսը գովել է աստղին՝ ընդգծելով, որ վերջինս շատ վճռական է իրավաբան դառնալու հարցում և արդարության համար պայքարելու կատաղի ցանկություն ունի: Նա հավելել է, որ Քարդաշյանն ավարտել է ծրագիրը՝ զուգահեռ մեծացնելով չորս երեխաների, բիզնեսներ վարելով, հեռուստատեսային շոուներ նկարահանելով և դատարանների դահլիճներում ուրիշների շահերը պաշտպանելով:
Նշվում է, որ Կալիֆոռնիայում ֆիզիկական անձինք կարող են դառնալ իրավաբաններ՝ ավարտելով իրավաբանական գրասենյակի քառամյա ուսումնասիրության ծրագիրը (LOSP), որը նաև հայտնի է որպես «օրենքի ընթերցում»՝ ավանդական իրավաբանական դպրոց գնալու փոխարեն: Նա դեռ պետք է հանձնի Փաստաբանների քննությունը՝ նահանգում իրավաբանությամբ զբաղվելու համար:
















