«Մնա» ներկայացման պրեմիերան․ կուլիսների խառնաշփոթն ու հայտնի հյուրերը

12:06 • 30.07.26

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ  Սեդրակ Գոջամանյանի նոր՝ «Մնա» բեմադրության պրեմիերան՝ սիրված արտիստների ու հայտնի հյուրերի մասնակցությամբ։ Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են Վաչե Երիցյանը, Թամարա Պետրոսյանը, Մագա Հարությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Ավետ Զոհրաբյանը։

Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, որի հետ Սեդրակ Գոջամանյանը բազմիցս համագործակցել է։ Բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, իսկ վիդեոգրաֆիան, պաստառի դիզայնն ու գրաֆիկական լուծումները հեղինակել է Արտեմ Ղարիբյանը։ 

Պատմության հիմքում սիրային դետեկտիվ է, որը համադրում է իրավիճակային կատակերգությունն ու դետեկտիվ ժանրը՝ հանդիսատեսին պահելով մշտական լարվածության և ծիծաղի մեջ։

Tert.am Life-ը պրեմիերայից առաջ եղել է ետնաբեմում և ֆիքսել կուլիսներում տիրող խառնաշփոթը։

Բեմում առաջին անգամ թատերական դերակատարմամբ հանդես եկան Սուրեն Փահլևանյանն ու Մագա Հարությունյանը, իսկ դերասան Ավետ Զոհրաբյանն առաջին անգամ ներկայացավ մեծ բեմում։

«Ես սովոր եմ Կամերային թատրոնի փոքր բեմին, ինձ համար սա առաջին փորձն էր ու վախը շատ մեծ էր, բայց երբ բեմ բարձրացա, հանդիսատեսի ծափահարություններն ու ջերմ արձագանքն ամեն ինչ իր տեղը գցեց։ Վախը հաղթահարեցի։ Կարծում եմ լավ անցավ պրեմիերան, մնացածը կասի հանդիսատեսը, իսկ ես կասեմ, որ ինձ համար անչափ հաճելի էր աշխատել այս նոր թիմում»,- ներկայացման պրեմիերայից հետո Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Ավետ Զոհրաբյանը։

Պատմությունը հետևյալն է՝ քաղաքի գլխավոր հոգեբանի մոտ հայտնվում է սկլերոզով հիվանդ մի տղամարդ, որը չափազանց արտասովոր հիվանդ է։ Նրա հետ կապված այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ աստիճանաբար հենց հոգեբանի մոտ են սկսում ի հայտ գալ սկլերոզի նշաններ։ Մեղմ ասած՝ նա հայտնվում է այնպիսի իրավիճակում, որից սովորաբար ինքն է մարդկանց դուրս բերում։

 Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ երբեմն պետք է կարողանանք մոռանալ, որպեսզի շարունակենք ապրել։ «Բայց ներկայացումն այդ մասին պատմում է ոչ թե ծանր դրամայի, այլ դասական կոմեդիայի լեզվով»։

Սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանի խոսքով՝ նման գործ առաջին անգամ են բեմադրում։ «Պրեմիերայից գոհ եմ, աշխատելու տեղ կա, բայց վստահ եմ՝ սա որպես առանձին պատմություն կհետաքրքիր հանդիսատեսին, չկա հայկական կենցաղը, որը բոլոր մոնոներկայացումներում տեսնում ենք։ Մենք փորձեցինք այլ ճանապարհ ընտրել, կարծում եմ՝ ստացվեց ու պետք է ամեն տեսակ գործ փորձել»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Վարդանյանը։

«Մնա»-ն միայն զվարճալի պատմություն չէ։ Այն նաև կարևոր ուղերձ ունի՝ սովորել բաց թողնել անցյալն ու ներել։ 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Մնա» ներկայացման պրեմիերան․ կուլիսների խառնաշփոթն ու հայտնի հյուրերը