«Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ

13:11 • 25.07.24

Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է երգչուհի Շպռոտի մանկության դրվագներին:

-Ձեր մանկության երազանքը:

-Մանկությանս երազանքները շատ էին, սիրում էի փակվել սենյակում և երազել, որ հայտնի երգչուհի եմ, կամ դերասանուհի:

-Ամենահիշարժան նվերը:

-Գունավոր շարիկներով սանդալներս, մայրիկս էր նվիրել, փայտից կոշիկներս՝ անունս վրան փորագրած, ոսկեգույն կաշիով (մորաքրոջս ամուսինը կոշկակար էր, նա էր կարել):

-Ինչպիսի՞ երեխա եք եղել, չարաճճի, թե ավելի հանգիստ:

-Շատ անհանգիստ երեխա եմ եղել, այնքան հարցեր եմ տվել, որ մայրս հոգնել է:

- Առաջին սերը:

-Դպրոցական տարիքում սիրահարվել էի, հեռվից սիրում էի մի տղայի, նա այդպես էլ չիմացավ դրա մասին:

-Դպրոցում ո՞ր առարկայի ժամին էիք ձանձրանում:

-Ֆիզիկա, մաթեմատիկա: Ատում էի: Սիրում էի պատմություն, աշխարհագրություն, գրականություն:

-Դասերից փախե՞լ եք:

-9-10-րդ դասարաններում պատուհանից թռնում, փախնում էինք, պահակի մոտից փախչելն անհնար էր:

- Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

-Դասերի ժամանակ շատ խոսելու համար միշտ նկատողություն եմ ստացել: Լավ էի սովորում, բայց մայրիկիս ժողովների ժամանակ ասում էին, որ «չաչանակ» եմ:

-Սիրելի խաղալիքը:

-Սիրելի խաղալիքը տիկնիկ էր, Մոսկավյից էինք գնել, անունը՝ Աննա: Կարճ մազեր ուներ, մատչելի էր: Ես երկար մազերով էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է: Ինչ ունեի դրանով բավարարվում էի:

-Բուլինգի ենթարկվե՞լ եք:

-Բուլինգի ենթարկվել եմ մեծ տարիքում, երբ բոլորն ինձնից ուղղակի երես թեքեցին և ես մնացի մենակ: Շատ ծանր եմ տարել:

-Բակում ի՞նչ խաղեր եք խաղացել:

-Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, ճամբարներ, գեղեցկության մրցույթների կազմակերպում, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում, հայրիկիս ծխախոտն էինք գողանում, ծխում, մինչև նա իմացավ ու պատժեց (մայրիկիս ասաց, որ պատժի, հայրս երբեք չի պատժել):

-Մանկության ամենավատ հուշը:
-11 տարեկան էի, երբ քնից արթնացրեցին և ասացին, որ հայրս զոհվել է:

Հեղինակ՝ Անի Մնացականյան