Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքական վերադառնալու և ֆուտբոլային ապագայի մասին (լուսանկարներ)
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու իր որոշմանը և ֆուտբոլային կարիերայի ապագային՝ նշելով, որ այս փուլում կենտրոնացած է իր առօրյա աշխատանքի և ֆուտբոլից առավելագույնը ստանալու վրա։

Ֆուտբոլիստի խոսքով՝ կարիերայի ընթացքում կարևոր է գնահատել յուրաքանչյուր օրը, շարունակել աշխատել և չշտապել հեռահար խոստումներ տալ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան երկար չէ, ուստի նա ցանկանում է վայելել խաղը, կենտրոնանալ իր ներկայիս ակումբի վրա և հնարավորինս շատ բան տալ թիմին։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մխիթարյանը նաև ընդգծել է, որ իր կարիերայի որոշումները միայն ֆինանսական գործոններով չեն պայմանավորված եղել․ իր համար կարևոր են եղել նպատակները, երազանքներն ու այն հնարավորությունները, որոնք օգնել են մասնագիտական աճ գրանցել։

Խոսելով Հայաստանի հետ հնարավոր կապի և ապագա քայլերի մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ հայրենիք վերադառնալը կամ կարիերայի հաջորդ փուլը դիտարկելը սովորական որոշում չէ, այլ առանձին և կարևոր քայլ, որը պահանջում է մտածված մոտեցում։ Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշման մասին Մխիթարյանը խոստացել է ավելի մանրամասն խոսել կարիերան ավարտելուց հետո։
Այս պահին նա չի ցանկանում առաջ անցնել իրադարձություններից՝ նախընտրելով կենտրոնանալ ներկա աշխատանքի և ֆուտբոլային նպատակների վրա։








